Հրապարակվեց: Вт, Окт 01, 2019
...

Մեր իշխանություններն անթաքույց պաշտպանում են յուրայիններին կամ մարդկանց, ում ընկալում են որպես յուրային. Ռ. Մելիքյանը՝ դատավորներ Դանիբեկյանի և Գյուլումյանի մասին

Տարածել
Tags

Մեր իշխանությունները անթաքույց պաշտպանում են յուրայիններին, ինչպես նաև այն մարդկանց, ում որ ընկալում են որպես յուրային: Այս մոտեցումն անթույլատրելի է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ զուգահեռներ անցկացնելով դատավոր Աննա Դանիբեկյանի և ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանի գործերի միջև:

 «Չեմ ուզում պնդել, որ դատավոր Աննա Դանիբեկյանը յուրային է իշխանությունների համար, նա դատավոր է, չի կարող յուրային լինել որևէ մեկին, բայց իշխանությունները նրան ընկալում են որպես յուրային և տրամադրում են պաշտպանություն՝ ի տարբերություն մյուսների, որոնց չեն ընկալում որպես յուրային: Այս մոտեցումը ոչ միայն անթույլատրելի է, այլև հիշեցնում է պատմության հին շրջանները, երբ պետությունները իրավական պաշտպանություն էին տրամադրում միայն որոշակի կրոնի, համոզմունքի տեր մարդկանց: Սա նպատակ էր հետապնդում մյուսներին այդ նախընտրելի մոտեցումների հետևորդը դարձնելու: Գործող իշխանությունները փորձում են նաև ցույց տալ, որ պաշտպանված լինելու համար անհրաժեշտ է լինել իշխող քաղաքական ուժի «կրոնի» հետևորդ: Սա ցույց է տալիս նրանց իրավական մշակույթի մակարդակը»,- նշեց Ռուբեն Մելիքյանը:

Նշենք, որ վերջին օրերին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Նելլի Բաղդասարյանի, բավարարել է Քննչական կոմիտեի միջնորդությունը` դատավոր Աննա Դանիբեկյանի գործով մեղադրյալ Սարգիս Օհանջանյանին կալանավորելու վերաբերյալ:  Դատավոր Արտուշ Գաբրիելյանն էլ բավարարել է մյուս մեղադրյալ Նարեկ Մութաֆյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին դատավոր Աննա Դանիբեկյանի հետ տեղի ունեցած միջադեպի գործով 2 կալանավորված անձ կա, ովքեր մեղադրվում են արդարադատության իրականացմանը խոչընդոտելու նպատակով դատարանի գործունեությանը միջամտելու մեջ:

Ի դեպ,  հունիսի 5-ին ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանի տեղաշարժը խոչընդոտվել է, անձնական վիրավորանքներ են սկսվել, սակայն այս պահին որևէ հարուցված քրեական գործի մասին հայտնի չէ: Ինչպես նաև Դատախազության հանրային կապերի բաժնից Tert.am-ին հայտնել էին, որ մայիսի 20-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով դատարանները շրջափակելու վերաբերյալ քրեական գործ հարուցված չէ:

«Մենք տեսնում ենք, որ մեր իրավապահ համակարգը ոչ համարժեք արձագանք է տվել այս երևույթին: Վստահ եմ, որ հենց սա է հիմք հանդիսացել այն բանի համար, որ այլ քաղաքացիներ ընկալեն, որ այդպես վարվել դատավորների հետ կարելի է, թույլատրելի է: Այս տեսանկյունից անգամ եթե զուգահեռներ ենք անցկացնում նախորդ երկու և այս վերջին դեպքի հետ, կարելի է ասել, որ տղաները (կալանավորված Սարգիս Օհանջանյան և Նարեկ Մութաֆյանը – Tert.am) կանխատեսելիության տեսանկյունից իրավունք ունեին համարել, որ օրենքը մեր երկրում այնպես է ընկալվում, որ այս վարքագիծը թույլատրելի է: Սա հատկապես մեծացնում է նրանց նկատմամբ հետապնդման քաղաքական բաղադրիչը, իսկ իմ կարծիքով՝ այն նույնիսկ քաղբանտարկյալի մակարդակի է հասցնում նրանց նկատմամբ պետության վարքագիծը»,- ասաց Ռուբեն Մելիքյանը:

«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիրը նաև նկատեց, որ ՀՀ ներկայիս իշխանությունների այս գործելաոճը միջազգային ատյաններում կօգտագործվի հենց Հայաստանի դեմ:

«Ես չեմ ասում, որ միջազգային հանրության արձագանքը կլինի հրապարակային, անհապաղ, բայց արձագանք, վստահաբար, լինելու է: Խնդիրն այն է, որ այստեղ շատ ավելի վտանգավոր իրավիճակ է, որովհետև միջազգային տարբեր կառույցներ ստանում են հնարավորություն ուղիղ կամ անուղղակի ձևով ՀՀ-ից ակնկալելու որոշակի զիջումներ կենսական նշանակության հարցերում: Այն, որ այս երևույթները որևէ առնչություն չունեն եվրոպական մշակույթի հետ, իրավունքից մի քիչ հասկացող ցանկացած մարդու համար բացարձակ ճշմարտություն է»,- նշեց նա:

Մեկնաբանություններ