Հրապարակվեց: Сб, Июн 22, 2019
...

Մերկելը միջագային հանրությանը կոչ է արել քաղաքական լուծում գտնել ԱՄՆ-ի ու Իրանի միջև ծագած կոնֆլիկտի համար

Տարածել
Tags

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կարծում է, որ միջազգային հանրությունը պետք է ամենայն լրջությամբ աշխատի ԱՄՆ-ի և Իրանի հարաբերություններում ստեղծված կոնֆլիկտի լուծումը գտնելու համար, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Կարծում եմ՝ դա ոչ միայն պետք է հույս լինի, այլ այստեղ պետք է ամենայն լրջությամբ աշխատել: Իմ կարծիքով՝ հարցին պետք է քաղաքական լուծում տրվի»,- ասել է Մերկելը:

Նրա խոսքով՝ Իրանի թեման կքննարկվի «Մեծ քսանյակի»՝ Ճապոնիայի Օսակա քաղաքում կայանալիք գագաթնաժողովի ժամանակ՝ առնվազն երկկողմ բանակցությունների ժամանակ:

Գերմանիայի կանցլերը միևնույն ժամանակ դեմ է հանդես եկել միջազգային քաղաքականության մեջ միակողմանի քայլերին՝ նշելով, որ վստահության վրա չհիմնված միջազգային քաղաքականությունը չի կարող գործել:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի նկատմամբ հարված հասցնելու հրաման էր արձակել այն բանից հետո, երբ այդ երկրի զինված ուժերը Պարսից ծոցի մոտ  ամերիկյան անօդաչու սարք էին ոչնչացրել: Ավելի ուշ նա չեղարկել էր հրամանը:

Հիշեցնենք, որ 2018թ.-ի մայիսի 8-ին ԱՄՆ-ն հայտարարել էր Իրանի հետ միջուկային գործարքից դուրս գալու որոշման մասին: Այս տարվա մայիսի 8-ին Իրանը միջուկային գործարքից հրաժարվելու առաջին քայլերն էր արել՝ հրաժարվելով կատարել համաձայնագրով սահմանված որոշ պարտավորություններ: Թեհրանը պարտավորությունների վերանայումը բացատրել էր ամերիկյան կողմի պատժամիջոցային ռեժիմի վերականգնմամբ, ինչպես նաև համաձայնագրի մյուս մասնակիցների՝ իրավիճակը կարգավորելու անկարողությամբ:

Այս առնչությամբ Իրանը համաձայնագրի մյուս մասնակիցներին 60 օր ժամանակ է տվել Իրանի շահերը ապահովելու համար՝ խոստանալով կրկին կատարել դադարեցված պարտավորությունները, եթե մասնակից երկրներին հաջողվի լուծել ԱՄՆ-ի գործողությունների հետևանքով առաջացած խնդիրները:

Մեկնաբանություններ