Հրապարակվեց: Пт, Апр 05, 2019
...

Մեհրիբան Ալիևան խոսեց իր պատկերացրած խաղաղության մասին, ուստի Աննա Հակոբյանի նախաձեռնության մեջ ինչ-որ բաներ պիտի փոխենք. Թևան Պողոսյան

Տարածել
Tags

Մեր թշնամին որևէ ձևով չի փոխվել՝ ոչ իր վարքագծով, ոչ ընկալումներով և ոչ էլ իր նպատակներով, ուստի պետք է գիտակցենք՝ մենք այսպես թե այնպես պատերազմի մեջ ենք, սրացումներ լինելու են, և մոտագա ապագայում դժվար ստեղծվի մի իրավիճակ, երբ մեր թշնամին իր վարքագիծը փոխի:

Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ Թևան Պողոսյանը,  հայտնում է yerkir. am-ը:
«Մի քիչ ավելի հեռավոր ապագայում, վստահ եմ, որ կփոխվեն ռեսուրսները, սերունդը: Եվ եթե ճիշտ քաղաքականություն վարենք, ապա հնարավոր է նաև իրավիճակի փոփոխություն»,-ընդգծեց նա:
Ինչ վերաբերում է Վիեննայում կայացած Փաշինյան-Ալիև առաջին պաշտոնական հանդիպմանը՝ Թևան Պողոսյանը նշեց, որ իրականության մեջ իր համար ևս մեկ անգամ ապացուցվեց՝ որևէ յուրահատուկ բան չպետք է սպասել:
«Որևէ խնդիր չունեմ չհավատալու Նիկոլ Փաշինյանին, որ ինքը խոսել է այն, ինչն ինքն ասաց ֆեյսբուքյան ուղիղ եթերում: Բայց դրա հետ միասին պետք է դիտարկել՝ ի՞նչպիսին է միշտ եղել Ադրբեջանի վարքագիծը, ի՞նչ խնդիր է հիմա փորձում լուծել: Իմ պատկերացմամբ՝ Ադրբեջանը խնդիր է դրել ջարդել հայկական միասնականությունը, դրա համար կարևոր չի՝ ինքն այնտեղ համաձայնե՞լ է, թե՞ ոչ: Հանդիպումից դուրս գալուց հետո Ադրբեջանի ղեկավարը հստակ գիտեր, թե ինչ մեսիջներով է աշխատելու, որ որևէ բան չի փոխվել, և Ադրբեջանում լավ գիտեն, որ իրենց յուրաքանչյուր ասաց ՀՀ-ում ալեկոծություն է առաջացնելու: Սրա հետ մեկտեղ Ադրբեջանը շարունակելու է զարկ տալ զինամթերքի գնմանը, նոր զորավարժություններ է անելու, միջազգային իրավիճակում որևէ պահի իրադարձությունների փոփոխություններից ելնելով փորձելու է նորից սրացումների գնալ՝ ինչ-որ բան պոկելու համար,-նշեց Պողոսյանը՝ հավելելով, որ Ադրբեջանն ունի մեկ նպատակ՝ գրավել Արցախի ամբողջական տարածքը, իսկ երկարատև երազանքն է՝ հասնել Երևան և Զանգեզուր, որից ինքը ոչ մի կերպ չի հրաժարվում:
«Այսքանը լավ իմանալով, ցանկացած հանդիպումից մեր ակնկալիքը պետք է պայմանավորված լինի իրենց վարքագծով,  այն հնարավորությունով, որ եթե պետք է ժամանակ շահել, ուրեմն՝ պետք է շահել այդ ժամանակը, եթե պետք է մի բանը սրացնել, ուրեմն դա պետք է մենք անենք: Օրակարգը պետք է մեր ձեռքը վերցնենք, կարողանանք դա խաղացնել մեր սեփական այլընտրանքները հզորացնելու համար: Բանակցություններում կա մի այսպիսի հասկացողություն՝ լավագույն այլընտրանքը բանակցող պայմանագրին, դա այն է, ինչ կարող ես անել առանց մյուս կողմի, և որքան հզոր է այլընտրանքդ, այնքան բանակցությունների սեղանի շուրջ դու քո պայմաններն ես թելադրում»,-շեշտեց Թևան Պողոսյանը:
Անդրադառնալով Մեհրիբան Ալիևայի հայտարարությանը, որ «Ադրբեջանի դրոշը կծածանվի Ղարաբաղի յուրաքանչյուր գյուղում»՝ Թևան Պողոսյանը նշեց.
«Մեծ մասամբ փորձում էին արձագանքել Աննա Հակոբյանի մարդասիրական և աշխարհի ուշադրությունը գրավել ցանկացող  նախաձեռնությանը: Սա Մեհրիբան Ալիևան միանգամից փորձեց ջարդել և ասել, որ իր պատկերացմամբ խաղաղությունն այն է, որ «Ադրբեջանի դրոշը ծածանվի Ղարաբաղի յուրաքանչյուր գյուղում»: Հիմա մենք այս խաղաղությունն ընդունու՞մ ենք, եթե չենք ընդունում, ուրեմն պետք է հասկանանք սա և մեր նախաձեռնության մեջ ինչ-որ բաներ փոխենք»:
Ըստ նրա՝ և՛ Աննա Հակոբյանի նախաձեռնությունը, և՛ Մեհրիբան Ալիևայի հայտարարությունը համաձայնեցված է պետական օղակների հետ: 
Թևան Պողոսյանը շատ ուրախ է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի՝ ոգեշնչման կոչ-հայտարարության համար, ինչպես նաև ավելի վաղ ԱԱԾ տնօրենի հայտարարության: 
«Եվ՛ Տոնոյանի ասածներից, և՛ պարոն Վանեցյանի ասածներից պետք է հասկանալ, որ դրանք պետք է վերածել իրական քաղաքականության: Այդ հողի վրա կապրի բնակչություն, այդ բնակչությունն այդ հողը պահելու է: Եթե մեր նպատակն է որևէ բան չզիջելը, պետք է կարողանանք այդտեղ մարդկանց բնակեցնել, վերաբնակեցնել: Աշխարհում շատ օրինակներ կան, վերցրեք Իսրայելը: Ժամկետներից է չպետք է վախենալ, հակառակը՝ ազգը, որն ուզում է ապրել, երկարատև ծրագրեր պիտի իրականացնի, սա չպատկերացնեք 5, 10 տարի, այլ 100, 200 տարի, թե ուր է հասնելու մեր երկիրը»,-ընդգծեց Թևան Պողոսյանը:
Իսկ թե ինչով էր պայմանավորված նախքան Փաշինյան-Ալիև հանդիպումը Ադրբեջանի այսպես ասած՝ հանգստությունը, իսկ հիմա նորից ռազմատենչ հայտարարություններ են արվում, Թևան Պողոսյանը հիշեցրեց միջազգային հանրության արձագանքը ՀՀ-ում տեղի ունեցած փոփոխություններին, որ դրանք եղել են ժողովրդավարական: 
«Երկրորդ՝ 2016-ին Թալիշի ուղղությամբ իրականացված գործողությունների ժամանակ Ադրբեջանի հատուկ նշանակության գունդը ոչնչացվել է գրեթե ամբողջությամբ: Սա այն գունդն է, որը միշտ դիվերսիաներ է անում, հիմա այդ գունդը չկա, Ադրբեջանը պե՞տք է ժամանակ ծախսի, որ նոր գունդ պատրաստի, հիմա դա անում է, վերաձևավորում է»,-ասաց Պողոսյանը՝ հավելելով, որ հայկական կողմը ևս դիրքային վերազինումների է գնում:
Ըստ «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավարի՝ Ադրբեջանի ղեկավարի համար Նիկոլ Փաշինյանը բանակցային առումով նոր «գործընկեր» է և պետք է ճանաչի նրան:
Մեկնաբանություններ