Հրապարակվեց: Пн, Апр 08, 2019
...

Մեկնարկել է ԵԽԽՎ նստաշրջանը. այստեղ Փաշինյանը կբացի «Հայաստանի Թավշյա հեղափոխությունը» խորագրով ցուցահանդեսը

Տարածել
Tags

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն այսօր՝ ապրիլի 8-ին սկսել է իր գարնանային նստաշրջանը, որը կտեւի մինչեւ ապրիլի 12-ը: Այս նստաշրջանը կառանձնանա նրանով, որ այստեղ ապրիլի 11-ին ելույթ կունենա նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նստաշրջանի օրակարգում ընդգրկված բազմաթիվ հարցերից կլինեն մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունը:

Արդեն այսօր հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանն այս համատեքստում բարձրացրել է Ադրբեջանում ապօրինաբար 20 տարվա ազատազրկման դատապարտված ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի հարցը:

Փաշինյանը ԵԽԽՎ-ում հանդիպումներ կունենա ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի, ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի Պասքիեի եւ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջաննի Բուքիքիոյի հետ։

Վարչապետ Փաշինյանը վեհաժողովի նախասրահում պաշտոնապես կբացի «Հայաստանի Թավշյա հեղափոխությունը» խորագրով ցուցահանդեսը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը նշել էր, որ ենթադրում է, որ վարչապետը ԵԽԽՎ-ում կխոսի Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների,  անցկացված ազատ եւ արդար ընտրությունների, մարդու իրավունքների, խոսքի ազատության ամրապնդման եւ ընդհանրապես Հայաստանի առաջընթացի մասին:

Մեկնաբանություններ