Հրապարակվեց: Чт, Июн 27, 2019
...

Ղրղզստանի խորհրդարանը նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևին զրկել է անձեռնմխելիությունից

Տարածել
Tags

Ղրղզստանի խորհրդարանը երկրի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևին զրկել է անձեռնմխելիությունից՝ նրան քրեական պատասխանատվության ենթարկելու նպատակով, գրում է РИА Новости-ն:

Աթամբաևին նախկին նախագահի կարգավիճակից, հետևաբար նաև անձեռնմխելիությունից զրկելու որոշմանը կողմ է քվեարկել 110 պատգամավորից 103-ը:

Ավելի վաղ երկրի խորհրդարանը դատախազությանն էր հանձնել նախկին նախագահի հասցեին արված մի շարք մեղադրանքները, որը պատրաստվել էր հատուկ պատգամավորական հանձնաժողովի կողմից:

Խորհրդարանականների վարկածով՝ Աթամբաևը մեղավոր է Բիշքեկի ջերմաէլեկտրակայանի արդիականացման ժամանակ կոռուպցիայի, հողատարածքների ապօրինի վերափոխման, կեղծ բժշկական փաստաթղթերով քրեական հեղինակություն Ազիզ Բատուկաևին ազատ արձակելու և մի շարք այլ ապօրինի գործողությունների համար:

Գլխավոր դատախազությունը մասամբ հաստատել է հանձնաժողովի ներկայացրած մեղադրանքները, սակայն չի հաստատել, որ Աթամբաևն ուղիղ կապ է ունեցել իշխանության ուզուրպացիայի, լրագրողների ու քաղաքական ընդդիմախոսներին հալածելու հետ:

Աթամբաևն իր հերթին խորհրդարանականների մեղադրանքներն անհեթեթություն է անվանել՝ հայտարարելով, որ իր խիղճը ժողովրդի առաջ մաքուր է, և որ ինքը պատրաստ է պատասխան տալ երկրի նախագահի պաշտոնում եղած ժամանակ արած գործողությունների համար:

Եթե հետաքննությունը հաստատի Աթամբաևի դեմ հնչած մեղադրանքները, և դատարանը նրան մեղավոր ճանաչի, Ղրղզստանի նախկին ղեկավարին կարող է ցմահ բանտարկություն սպառնալ:

 

Մեկնաբանություններ