Հրապարակվեց: Пн, Июл 22, 2019
...

Հռոմի պապն Ասադին ուղղված նամակում մտահոգություն է հայտնել Սիրիայում տիրող իրավիճակի կապակցությամբ

Տարածել
Tags

Հռոմի Ֆրանցիսկոս պապը նամակ է հղել Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին, որում խորը մտահոգություն է հայտնել երկրում տիրող մարդասիրական իրավիճակի կապակցությամբ:

Tert.am-ի հաղորդմամբ, այս մասին հաղորդում է ria.ru-ն՝ հղում անելով Մայր Աթոռի մամուլի քարտուղար Մատեո Բրունիի հաղորդագրությանը:
«Նրան (Ասադին) ուղղված նամակում Նորին Սրբություն Ֆրանցիսկոս պապը խորը մտահոգություն է հայտնում Սիրիայում տիրող հումանիտար իրավիճակի առնչությամբ՝ հատուկ նշելով Իդլիբում քաղաքացիական բնակչության ծայրահեղ պայմանները»,- հայտարարել է Բրունին:
Խոսելով Հռոմի պապի՝ Ասադին հղած ուղերձի մասին՝ Վատիկանի պետքարտուղար, կարդինալ Պիետրո Պարոլինն ընդգծել է, որ քահանայապետը տագնապով և ցավով է հետևում Սիրիայում շարունակվող ռազմական գործողություններին, որոնք ողբերգական հետևանքներ են ունենում ողջ քաղաքացիական բնակչության և մասնավորապես երեխաների համար:
Հաղորդագրության մեջ նշված է, որ Ֆրանցիսկոս պապն իր նամակում կրկին կոչ է անում պաշտպանել քաղաքացիական անձանց կյանքը և պահպանել դպրոցների, հիվանդանոցների և բժշկական հաստատությունների աշխատանքը:
«Այն, ինչ տեղի է ունենում, իսկապես անմարդկային է, և դրա հետ չի կարելի համաձայնել։ Սուրբ հայրը նախագահին խնդրում է անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի կանգնեցնի այդ հումանիտար աղետը և պաշտպանի անզեն բնակչությանը»,- նշում է Պարոլինը:
Մեկնաբանություններ