Հրապարակվեց: Сб, Фев 09, 2019
...

Հունաստանի խորհրդարանը վավերացրել է Մակեդոնիայի` ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին արձանագրությունը

Տարածել
Tags

Հունաստանի խորհրդարանը մոտ 12 ժամ տևած քննարկումներից հետո վավերացրել է Մակեդոնիայի` ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ արձանագրությունը: Կողմ է քվեարկել 153 պատգամավոր: Այդ մասին հաղորդում է РИА Новости գործակալությունը:

Արձանագրությունը վավերացնելուն դեմ է արտահայտվել 140, ձեռնպահ` մեկ պատգամավոր: Ընդհանուր առմամբ քվեարկությանը մասնակցել է 294 պատգամավոր:

Մակեդոնիայի` ՆԱՏՕ-ին անդամակցելու արձանագրությանն աջակցել են իշխող ՍԻՐԻԶԱ կուսակցությունը և «Պոտամի» կուսակցությունից որոշ պատգամավորներ:

«Անկախ հույներ» կուսակցության նախագահ Պանոս Կամմենոսը, որն, ի նշան բողոքի, դուրս էր եկել իշխող կոալիցիայից` հրաժարական տալով նաև Պաշտպանության նախարարի պաշտոնից, նախօրեին տեղի ունեցածն անվանել էր «դավաճանություն» և հայտարարել, որ արձանագրությունը վերաբերում է ազգային ինքնիշխանությանը և հետևաբար պահանջում է պատգամավորների ձայների 3/5-ը` 180 ձայն:

Ամենամեծ ընդդիմադիր «Նոր ժողովրդավարություն» կուսակցությունն էլ մեղադրել է իշխող ՍԻՐԻԶԱ-ին «գենային մուտացիայի» մեջ` հիշեցնելով, որ նախկինում այդ կուսակցությունը ՆԱՏՕ-ն համարում էր «մահացու մեքենա»:

Կուսակցության ներկայացուցիչ Յորգոս Կումուցակոսը նշել է, որ արձանագրությունը գործելու է սահմանափակ լեգիտիմությամբ, քանի որ հույների մեծամասնությունը դրան դեմ է արտահայտվել: Նրա խոսքով` այն հանգեցնելու է տարածաշրջանի անկայունության: Նա «հրեշներ» և «Ֆրանկենշտեյնի մեծամասնություն» է անվանել արձանագրությանը կողմ քվեարկած պատգամավորներին:

Մեկնաբանություններ