Հրապարակվեց: Пт, Окт 04, 2019
...

Հոկտեմբերի 5-ին տեղի կունենա «Արենի գինու փառատոնը»

Տարածել
Tags

Հոկտեմբերի 5-ին Վայոց ձորի մարզի Արենի գյուղում անցկացվելու է «Արենի գինու փառատոնը», որի իրականացման գլխավոր հովանավորը ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկն է:

Փառատոնը միտված է զարգացնելու Հայաստանում գինու զբոսաշրջությունն ու ապահովել երկրի՝ որպես գինու հնագույն օրրաններից մեկի ճանաչելիությունը: Փառատոնի ընթացքում Արենի գյուղի և հարակից համայնքների բնակիչները ներկայացնելու են իրենց պատրաստած գինիներն ու ազգային կերակրատեսակները: Գինեգործական ընկերություններն էլ ներկայացնելու են շուրջ հարյուր տեսակի գինիներ:

«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը միջոցառման գլխավոր հովանավորն է: Բանկը շուրջ քառորդ դար տնտեսության իրական հատվածի կողքին է և այն միջոցառումները, որոնք խթանում են այդ հատվածի զարգացումը, միշտ մեր ուշադրության կենտրոնում են: «Արենի գինու փառատոնը» այդ կարևոր միջոցառումներից մեկն է, որովհետև այն նպաստում է երկու կարևոր ուղղությունների զարգացմանը: Դրանցից մեկը տեղական արտադրության՝ տվյալ դեպքում գինեգործության զարգացումն է, իսկ երկրորդը՝ տուրիզմի զարգացման ուղղությունն է, որն ինչպես երկրի, այնպես էլ մեր բանկի համար գերակա ուղղություն է»,- իր խոսքում նշել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի «Մարքեթինգային հաղորդակցությունների» բաժնի ղեկավար Արտյոմ Ղազարյանը:

Փառատոնին մասնակցելու համար հայտեր են ստացվել նաև արտերկրից. զբոսաշրջիկներ են գալու անգամ Ֆիլիպիններից, Մալայզիայից ու Ավստրալիայից:

«Արդեն 11-րդ տարին է, որ իրականացվում է «Արենի գինու փառատոնը»: Սա խթան է ոչ միայն տուրիզմի, այլ նաև գինեգործության զարգացման համար: Այս տարի ևս փառատոնին ներկա են լինելու 20-ից ավելի գինեգործական ընկերություններ, 100 տաղավարից ավելի ունենալու ենք գյուղական գինու ներկայացուցիչներ: Այս տարի արդեն եղել են 3 միջոցառումներ և  «Արենին» 4-րդն է որպես գինու տոն: ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը «Երևանի գինու օրերին» և «Ոսկեհատ» գինու փառատոնին եղել է մեր գործընկերը, այժմ էլ «Արենի գինու փառատոնի» գլխավոր գործընկերն է»,- իր խոսքում նշել է ««Արենի» փառատոն» հիմնադրամի տնօրեն Նունե Մանուկյանը:

«Արենի գինու փառատոնը» կազմակերպվում է 11-րդ անգամ: Փառատոնի շնորհիվ միջազգային և ներքին զբոսաշրջային շուկայում Արենին արդեն իսկ հայտնի է որպես գինեգործության բնօրրան և գրավիչ զբոսավայր:

Միջոցառումը կմեկնարկի Վայոց ձորի մարզի Արենի գյուղում ժամը 13:00-ին:

Մեկնաբանություններ