Հրապարակվեց: Пт, Ноя 23, 2018
...

Հեռուստամարաթոնն ավարտվեց. «Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերվեց 11 մլն 109 հազար 633 դոլար (թարմացված)

Տարածել
Tags

09։54

Հեռուստամարաթոնն ավարտվեց. «Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերվեց 11 մլն 109 հազար 633 դոլար։

09:20

«Հեռուստամարաթոն 2018»-ի ավարտից 40 րոպե առաջ հայտարարվեց, որ շուրջ 11.5 ժամում «Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերվել է 10 միլիոն 808 հազար 160 դոլար:

08.33

«Հեռուստամարաթոն 2018»-ի ավարտից մեկուկես ժամ առաջ հայտարարվեց, որ տասն ու կես ժամում «Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերվել է 7 միլիոն 976 հազար 043 դոլար: Հեռուստամարաթոնը կավարտվի 10.00-ին:

06.12

«Հեռուստամարաթոն 2018»-ի ավարտին մոտ չորս ժամ է մնացել: 06.00-ի դրությամբ «Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերվել է 6 միլիոն 497 հազար 504 դոլար:

05.17

Տորոնտոյի «Հայաստան» համահայկական հիմնադրամը հեռուստամարաթոնի շրջանակում նվիրաբերել է 1 միլիոն դոլար: Այդ մասին հայտարարեց հիմնադրամի գործադիր տնօրեն Մկրտիչ Մկրտչյանը: Նա, ի դեպ, ի պատասխան վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կողմից Դանիել Վարուժանի «Անդաստան» բանաստեղծության ընթերցման, ուղիղ եթերում կարդաց Վազգեն Հովիկյանի «Այս Ղարաբաղն է» ստեղծագործությունը:

04.41

Հայ առաքելական եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի արևմտյան թեմի եկեղեցիներն ու վարժարանները «Հայաստան» համահայկական հիմնադամին նվիրաբերել է 50 հազար դոլար: Այդ մասին «Հեռուստամարաթոն 2018»-ի ժամանակ ասաց թեմի առաջնորդ Մուշեղ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:

Նրա խոսքով՝ Միացյալ նահանգներում բնակվող հայերին Հայաստանի հետ կապողը հայրենասիրությունն է, սակայն դա ոչ միայն հավատքով պետք է լինի, այլև գործով:

Մուշեղ արքեպիսկոպոսը նկատեց, որ այս տարի հատկապես վարժարանների սաները հեռուստամարաթոնին հայրենասիրության նոր շնչով են մասնակցում: Նա նշեց, որ Արևմտյան թեմն այս տարի իր աջակցությունն է ցուցաբերել նաև Սպիտակի ավերիչ երկրաշարժի 30-ամյակի կապակցությամբ:

 

04.13

«Հեռուստամարաթոն 2018»-ի կեսն արդեն անցել է, և 04.00-ի դրությամբ «Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերվել է 5 միլիոն 266 հազար 153 դոլար:

 

02.46

Ապրիլ-մայիսից հետո Լոս Անջելեսի հայ համայնքում տրամադություն է փոխվել, հետևաբար փոխվել է նաև վստահության աստիճանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի նկատմամբ: Այդ մասին «Հեռուստամարաթոն 2018»-ի ընթացքում հայտարարեց Լոս Անջելեսի քաղաքապետ Զարեհ Սինանյանը: Նրա խոսքով՝ ժամանակն է գործով ցույց տալու, որ իրենք նույնպես պատաստ են նոր Հայաստանի մաս կազմել:

Սինանյանը կոչ արեց լոսանջելեսաբնակ հայերին լծվել հայրենիքը շենացնելու գործին և ակտիվ մասնակցել հեռուստամարաթոնին:

«Չմասնակցելով հեռուստամարաթոնին՝ մենք ջուր ենք լցում արտաքին թշնամիների, արտաքին ուժերի ջրաղացին, որոնք առավոտյան կզաթնեն և կսկսեն համեմատել՝ հայկական սփյուռքը նախորդ, թե այս տարի է ավելի շատ գումար նվիրաբերել մայր Հայաստանին: Պետք է փակենք այդ չարախոսների բերանը՝ մասնակցելով հեռուստամարաթոնին»,- նշեց Լոս Անջելեսի քաղաքապետը:

Նա հայտարարեց, որ Լոս Անջելեսի հայ համայնքն այս պահի դրությամբ հիմնադրամին արդեն նվիրաբերել է մոտ 25 հազար դոլար:

Իրենց հանգանականությունն են կատարել նաև արցախահայերը՝ հիմնադրամին նվիրաբերելով 1 մլն դոլար:

 

02.15

Լոս Անջելես քաղաքում շարունակվում է «Հեռուստամարաթոն 2018»-ը: Այն այս տարի ընթանում է «Արարենք միասին» խորագրով։ «Հայաստան» համահայկական հիմնադրամին 02.15-ի դրությամբ նվիրաբերվել է 3 միլիոն 113 հազար 655 դոլար:

 

00.30

«Հայաստան» համահայկական հիմնադրամին 00.30-ի դրությամբ նվիրաբերվել է 2 միլիոն 881 հազար 657 դոլար:

23: 46

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նախ խոսեց սահմանային իրավիճակից՝ ասելով, որ Աաս պահի դրությամբ նախկինի համեմատ ավելի կայուն ժամանակաշրջան է: «Պայմանավորվածությունների բերումով լարվածության աստիճանը նվազել է, բայց մենք մեր զգոնությունը չենք կորցնում»,-ասաց նա:

Բակո Սահակյանը խոսեց նաև հիմնադրամի մասին՝ հիշեցնելով, որ մի քանի ծրագրեր են կայացրել հիմնադրամի աջակցությամբ, որոնցից մեկը Վարդենիս-Սոթք-Մարտակերտ ճանապարհի շահագործումնէ, ինչը ռազմավարական նշանակություն ունի:

 

Տեղեկացվեց նաև, որ 1 միլիոն դոլար Անդրանիկ Բաղդասարյանն է նվիրաբերել հիմնադրամին, 1 մլն 340 հազար դոլար՝ Տեր-Ղուկասյանների ընտանիքը, 122 հազար դոլար էլ՝ Վարդանյանների ընտանիքը:

23:44

«Հայաստան» համահայկական հիմնադրամի նպատակները լիովին ազնիվ են, և նվիրատուների բոլոր գումարներն ու անգամ ամենափոքր լուման ծառայելու է իր նպատակին։ Հեռուստամարաթոնի ժամանակ ուղիղ եթերում հայտարարեց հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը։

«Հիմնադրամը պետք է աշխատի նոր Հայաստանի ոգով։ Մեր սփյուռքահայ բոլոր հայրենակիցներն ու Հայաստանի քաղաքացիները միասին պետք է կերտեն նոր Հայաստան։ Հիմնադրամում մեծ փոփոխություններ են կատարվել և դեռ կատարվելու են։ Մենք ամեն ինչ անելու ենք, որ հիմնադրամի նախկին վստահությունն ավելանա, Հայաստանի նոր կառավարության որդեգրած նոր քաղաքականությունն ու մոտեցումները, կոռուպցիայի, հովանավորչության դեմ պայքարը բերելու են նրան, որ հիմնադրամի նկատմամբ վստահությունն օրեցօր աճելու է»,- հայտարարեց Հայկակ Արշամյանը։

23: 42

Մեծի Տան Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը կարծում է, որ Արցախը հայ ժողովրդի հավաքական մտահոգության առանցքն Արցախն է։ Նրա խոսքով՝ Արցախը հայ ժողովրդի համար սովորական վայր չէ, այլ այն մեր հայրենիքի անբաժան ու անբաժանելի մասն է։ Արամ Ա-ն գտնում է, որ Արցախը ՀՀ-ի անբաժանելի մասն է եղել պատմականորեն և այդպես էլ կմնա։

«Հետևաբար Արցախի Հանրապետության հզորացման, Հայաստանի Հանրապետության հզորացման գիտակցությամբ և հանձնառությամբ մենք՝ որպես Սփյուռքի հայություն, պետք է զորակցություն հայտնեք՝ կանգնելով Արցախի Հանրապետութան հզորացմանը նպաստող բոլոր ծրագրերի կողքին։ Սփյուռքն այս ընթացքում իր հնարավորության սահմանում ամեն բան արել է Արցախի հզորացման համար, և մենք կոչված ենք նույն հավատարմությամբ ու հոգով շարունակել»,- շեշտեց Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը:

23:37

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնի ընթացքում կոչ արեց բոլորին համախմբվել հայրենիքի ու հայության վեհ գաղափարի շուրջ և կարևոր ներդրումը բերել հայրենիքի շենացմանը:

Կարևորելով «Հայաստան» համահայկական հիմնադրամի բազմամյա գործունեությունը՝ ՝նախագահը հիշեցրեց, որ այս տարիների ընթացքում հանգանակվել է շուրջ 350 մլն ԱՄՆդոլար, որի միջոցով շատ ծրագրեր են իրականացվել թե’ Հայաստանում, թե’ Արցախում։

«Մեր հարյուր հազարավոր հայրենակիցներ այս բոլոր տարիների ընթացքում իրենց աջակցությունը, ներդրումն ու լուման են բերել հիմնադրամի աշխատանքներին։ Ժամանակն է վերանայել, վերագնահատել այն, ինչ արվել է մինչ օրս և մտածել ապագայի մասին»,- ասաց նախագահ Արմեն Սարգսյանը։

«Ժամանակն է, որ «Հայաստան» հիմնադրամը գործի ոչ միայն որպես կառույց, որն աջակցում է Հայաստանին ու Արցախին, օգնում է այս կամ այն ծրագրի իրականացմանը, այլև դառնա ազգային գործակալություն, որի նպատակն է զարգացնել Հայաստանը, Արցախն ու, ինչու ոչ, նաև Սփյուռքը։ Այսինքն, ես ակնկալում եմ, որ հիմնադրամը վերսկսի գործունեությունը ոչ միայն Արցախում ու Հայաստանում, այլև կամաց-կամաց գործունեություն ծավալի նաև Սփյուռքում»,- ասաց նախագահը:

23: 25

«Հայաստան» համահայական հիմնադրամի նվիրատուներին կոչով դիմեց նաև Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն։ Նա նախ նշեց, որ հիմնադրամի շնորհիվ բազմաթիվ ընդգրկուն ծրագրեր են իրականացվել հայաստանյան կյանքի տարբեր ոլորտներում։

«Ազգի և հայրենիքի հզորության գրավականը միասնությունն է, քանի որ միասնաբար կարող ենք մեր երկիրը հզոր ու ծաղկուն դարձնել, ժողովրդի կյանքը՝ առաջադեմ ու բարեկեցիկ։ Սիրելի՛ զավակններ, հայրաբար հորդորում եմ, որ նոր խանդավառությամբ մասնակցություն բերեք հեռուստամարաթոնին։ Հայաստան համահայական հիմնադրամի հեռուստամարաթոնի առաքելությանը մասնակցելը վկայությունն է մեր հայրենիքի կյանքի նկատմամբ լավատեսության»,- նշեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն։

23:10

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնին առաջին անգամ հնչեց հիմնադրամին միացած Արտո Թունջբոյաջյանի հեղինակած երգը՝ նվիրված Նոր Հայաստանին ու հիմնադրամին:

23:00

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը միանում է Լոս Անջելեսում մեկնարկած «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնին և շնորհակալություն հայտնում բոլոր միացածներին։

Նա իր ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտարարեց, որ նվիրատվություն անել նշանակում է լինել մեր ազգային հպարտության միջնաբերդի՝ Արցախի և, իհարկե, ՀՀ-ի կողքին։ Նա հիշեց, որ այս տարիներին «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով, այսինքն՝ նվիրաբերողների միջոցներով Արցախում ու ՀՀ-ում հարյուրավոր նախագծեր են իրականացվել։

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև հիմնադրամի նախկին տնօրենի՝ Արա Վարդանյանի անվան հետ կապված աղմուկին և ասաց, թե համակարծիք չէ այն տեսակետի հետ, որ դրա մասին պետք էր չբարձրաձայնել։ «Արդյո՞ք պետք էր այդ պատմությունը բացել աշխարհի առաջ, մեր պատասխանը միանշանակ է՝ այո, որովհետև մեզ համար ամենակարևոր խնդիրն ազնիվ, բաց ու թափանցիկ լինելն է մեր ժողովրդի առաջ, հիմնադրամի ամեն նվիրատուի առաջ։ Այն, ինչ տեղի ունեցավ, ոչ թե պետք է «Հայաստան» համահայկական հիմնադրամի նկատմամբ վստահությունը նվազեցնի, այլ հակառակը պետք է մեծացնի այդ վստահությունը, որովհետև դրանով հստակ ուղերձ են հղում, որ չենք հանդուրժի Հայաստան համահայկական հիմնադրամում ոչ մի չարաշահում, և գումարները լիարժեք կծառայեն իրենց նպատակներին»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը:

Նիկոլ Փաշինյանը դիմեց Սփյուռքին, ՀՀ-ի և Արցախի հայրենակիցներին և շնորհակալություն հայտնեց նախկինում կատարած նվիրաբերությունների համար։ Ըստ նրա՝ այդ նվիրաբերությունները կարևոր ու առանցքային դեր են կատարել ՀՀ-ի և Արցախի համար։

«Ձեր նվիրաբերությունների միջոցով իրականացվել են բազմաթիվ հետաքրքիր ու հզոր նախագծեր, և այս նոր փուլով այդ նախագծերի իրականացումը կշարունակվի։  Կոչ եմ անում մասնակցել հեռուստամարաթոնին ու կատարել նվիրատվություն հնարավորության սահմանում»,- շարունակեց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի պաշտոնակատարն իր խոսքն ավարտեց հայ բանաստեղծ Դանիել Վարուժանի «Անդասան» բանաստեղծության արտասանությամբ։

22:29

ՀՀ ոստիկանությունը Հայաստան համահայկական հիմնադրամին նվիրաբերել է 40 հազար դոլար։

22:00

Լոս Անջելեսում մեկնարկեց  «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնը։ Այս տարի համազգային դրամահավաք-միջոցառման համար ընտրվել է «Արարենք միասին» խորագիրը։

Ավելի վաղ Համահայկական հիմնադրամի կառույցները Լատինական ու Հյուսիսային Ամերիկաներում և Եվրոպայում անցկացրել են ավանդական հեռախոսամարաթոններ: Բրազիլիայի տեղական մարմինը հավաքել էր 30 000 ԱՄՆ դոլար, Տորոնտոյի «Հայաստան հիմնադրամ» կազմակերպությունն այս տարվա բարեգործական ճաշին հավաքել է 1 մլն 300 հազար կանադական դոլար, որը համարժեք է 1 մլն ամերիկյան դոլարի: Եվրոպայի հայությունը հանգանակել է ընդհանուր առմամբ 1 մլն 242 հազար 460 եվրո:

Հանգանակված նվիրատվությունները գումարվելու են «Հեռուստամարաթոն-2018»-ի վերջնական արդյունքին:

Հիշեցնենք, որ  նախորդ տարին «Բերքառատ Արցախ» hեռուստամարաթոնի ընթացքում հավաքվել է 12,505,456 դոլար։

2016 թ. «Իմ Արցախը» խորագրով հեռուստամարաթոնի ժամանակ հավաքվել է 15 մլն 428 հազար 777 դոլար:

«Մեր տունը» խորագրով համահայկական «Հեռուստամարաթոն–2015»-ի ժամանակ հավաքվել էր 10 մլն 378 հազար 465 դոլար, իսկ «Դեպի Արցախ» կարգախոսով «Հեռուստամարաթոն–2014»-ում հավաքվել էր 12 մլն 399 հազար 550 դոլար:

Մեկնաբանություններ