Հրապարակվեց: Пт, Дек 21, 2018
...

«Հաջողություն Նիկոլ Փաշինյանին և նրա ընկերներին». Փայլանը Մեջլիսում հայերեն շնորհավորել է ՀՀ իշխանություններին ու կոչ արել Թուրքիային երկխոսության գնալ նրանց հետ

Տարածել
Tags

Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի՝ Դիարբեքիրից ընտրված պատգամավոր Կարո Փայլանը խորհրդարանի հերթական նիստի ժամանակ հայերեն շնորհավորել է Հայաստանի նոր իշխանություններին արտահերթ խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի առիթով:

«Անցյալ շաբաթ հարևան Հայաստանում տեղի ունեցան խոհրդարանական ընտրություններ: Այս տարվա ապրիլ-մայիս ամիսներին իրականացված «թավշյա հեղափոխությամբ» վարչապետ դարձած Նիկոլ Փաշինյանն ու իր ընկերները կարևոր հաջողություն են գրանցել այս ընտրություններում՝ ստանալով ձայների ավելի քան 70 տոկոսը», — նշել է Փայլանը՝ հիշեցնելով ընտրություններից հետո ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ, հաղորդում է  Tert.am-ն:
Կարո Փայլանը կոչ է արել Թուրքիայի իշխանություններին համարժեք արձագանք տալ հայաստանյան իշխանությունների պատրաստակամությանը և ջանքեր գործադրել Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու հարցում:

«Ընտրություններից անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Թուրքիայի հետ առանց նախապայմանների երկխոսության գնալու պատրաստակամության մասին: Ես հավատում եմ, որ չկա մի հարց, որը Թուրքիան չկարողանա լուծել Հայաստանի հետ խաղաղ ճանապարհով: Այստեղից կոչ եմ անում Թուրքիայի խորհրդարանին և նախագահին կառուցողական պատասխան հղել Փաշինյանի այս ուղերձին: Հաջողություն Նիկոլ Փաշինյանին և նրա ընկերներին», — ասել է հայազգի պատգամավորը՝ վերջին տողը հայերեն արտասանելով:

Մեկնաբանություններ