Հրապարակվեց: Ср, Окт 02, 2019
...

Հայ-ռուսական ռազմավարական հարաբերություններն ամրակցված են բազմադարյա պատմությամբ. Պուտինը՝ Փաշինյանի հետ հանդիպմանը

Տարածել
Tags

22:58

«Փայլուն զրույց ունեցա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Մեր ռազմավարական հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրում»,-ֆեյսբուքյան իր էջում հանդիպման մասին գրել է Փաշինյանը:

21:43

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Վլադիմիր Պուտինն ընդգծեց հայ-ռուսական հարաբերությունների ռազմավարական բնույթը:

«Ցանկանում եմ ընդգծել հայ-ռուսական հարաբերությունների ռազմավարական բնույթը: Դրանք ամրակցված են ոչ միայն վերջին տարիների կամ տասնամյակների, այլ մեր ժողովուրդների բազմադարյա պատմությամբ»,- ասաց Պուտինը:

ՌԴ նախագահը շնորհավորեց ՀՀ վարչապետին Երևանում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի արդյունքների համար: «Դրանք իսկապես լավն են՝ նաև մեր երրորդ երկրների գործընկերների հետ կապերը զարգացնելու առումով: Եվ, ինչը պակաս կարևոր չէ, իսկ, միգուցե, կարևորագույնն է մեզ համար՝ իրականացվել են Միության անդամ երկրների միջև բոլոր պայմանավորվածությունները կազմակերպության շրջանակներում»,- ասաց Վլադիմիր Պուտինը:

Նիկոլ Փաշինյանն իր հերթին նկատեց. «Մեզ համար կարևոր են Ռուսաստանի հետ մեր երկկողմ հարաբերությունները։ Ռուսաստանի Դաշնությունը մեր ռազմավարական գործընկերն է։ Հուսով ենք էլ ավելի ամուր դարձնել այդ գործընկերությունը»։

ՀՀ վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի նշանակվելուց հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստան է այցելել առաջին անգամ:

Հիշեցնենք, որ Վլադիմիր Պուտինը Երևանում է՝ մասնակցելու Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստին:

Երևանում՝ ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության շրջանակում, այսօր տեղի է ունեցել Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել են Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևը, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը։ Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի ընդլայնված կազմով նիստին մասնակցել են նաև Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնը՝ որպես դիտորդի կարգավիճակում գտնվող երկրի ղեկավար, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին ու Սինգապուրի Հանրապետության վարչապետ Լի Սյեն Լուն՝ հրավիրյալ երկրների ղեկավարների կարգավիճակով։

Մեկնաբանություններ