Հրապարակվեց: Пт, Окт 19, 2018
...

Հայտնի թուրք վիրտուոզ ջութակահարը նվագել է Կոմիտասի «Կռունկ»-ը՝ ի հիշատակ Արա Գյուլերի

Տարածել

Հայտնի թուրք վիրտուոզ ջութակահար Ջիհաթ Աշքընը ի հիշատակ կյանքից հեռացած պոլսահայ մեծանուն լուսանկարիչ Արա Գյուլերի կատարել է Կոմիտասի «Կռունկ» հայտնի ստեղծագործությունը: Իր կատարումը Աշքընը տեղադրել է Facebook-ի իր էջում՝ նշելով՝ «Արա Գյուլերին…»:

Թուրքիայում բնակվող բազմաթիվ հայ և այլազգի մտավորականներ, հասարակական ու արվեստի գործիչներ, լրագրողներ և պարզապես ստամբուլահայ համայնքի անդամներ սոցցանցերի հրապարակումներում վերհիշել են Գյուլերի հետ կապված հին ու նոր պատմություններ՝ ափսոսանք հայտնելով լեգենդար լուսանկարչի կորստի կապակցությամբ:

Համշենահայ մտավորական Ջեմիլ Աքսուն նկատել է, որ Արա Գյուլերը միշտ լուսանկարում ու ներկայացնում էր մոռացվածներին, ճնշվածներին ու պատմում մինչ այդ չպատմված մարդկային պատմություններ:

«Նրա նկարները միշտ պատմելու են ճնշվածների պատմությունը: Թող մեզ բախտ վիճակվի նկարել ճնշվածների՝ մեկ-մեկ ժպտալու նկարները», — գրել է Աքսուն իր ֆեյսբուքյան էջում:

Պոլսահայ ակտիվիստ, «Սուրբ Խաչ Դպրեվանք» միության անդամ Վարդգես Հերգելն էլ սոցցանցի իր էջում հիշել է Արա Գյուլերի հետ կապված ուշագրավ մի դեպք, երբ հերթական անգամ հանդիպել են վարպետին պատկանող «Արա կաֆե»-ում:

«Մի անգամ սրճարանում հանդիպեցինք վարպետին, խնդրեցի ընկերներիս հետ լուսանկարվել…Ոչ ոքի չէր մերժում՝ ցույց չտալով, թե որքան է հոգնել: Մինչ հեռախոսովս նկարում էի իրենց՝ էլի նկատողություն արեց:
«Էս նորամուծությունները դուրս եկան, ամեն ինչ փչացավ: Հեռախոս ասվածը «Ալո» ասելու համար է, սա դրանից բացի ամեն ինչ անում է: Երաժշտություն ունի, լուսանկարում է, տեսանկարում է: Ծո, լուսարձակումը բաց, ո՞ւմ հետ եմ խոսում, հեսա ցեխի պես նկար է դուրս գալու»…
Ես էլ ասացի՝ «Պարոն Արա, հանգիստ եղեք, լավ դուրս կգա, լավ կնկարեմ»:
Դարձավ իր օգնականին, ասաց. «Տեսնում ես, չէ՞, այծի համառություն, հայի համառություն»:

Համշենցի գրողներից Հյուրիյեթ Շահինն էլ ուշադրություն է դարձրել այն փաստի վրա, որ Գյուլերը շատ անգամ աշխարհում ներկայացրել է հենց Թուրքիան, և բազմաթիվ մարդիկ չեն տեղեկացել նրա հայ լինելու մասին:

«Որքան շատ հայ կա այս երկրում, որ որպես թուրք են ճանաչվել: Թող աստղերը քեզ ընկեր դառնան, Արա Գյուլեր», — նշել է Շահինը:

«Մի պահ մտահոգվեցինք, որ այն տեղում, ուր դու գնացիր, լուսանկարչական ապարատ չկա: Հետո հիշեցինք, որ ասում էիր՝ «Լուսանկարն ապարատով չեն նկարում, սրտով են նկարում, սրտո՛վ, ծո՛»: Մնաս բարով, մեծ վարպետ», — Գյուլերի մահից հետո գրել է պոլսահայ մտավորական, «Ակօս» թերթի նախկին խմբագիր ու «Արաս» հրատարակչության ղեկավար Ռոբեր Քոփթաշը:

Մեկնաբանություններ