Հրապարակվեց: Пт, Ноя 15, 2019
...

Հայաստանը կորցնում է իր գրավչությունը. ՄԱԿ-ի ահազանգը

Տարածել
Tags

ՄԱԿ-ը Հայաստանի ներդրումների միջավայրի վերաբերյալ հրապարակել է զեկույց՝ արձանագրելով բավական հակասական պատկեր: Չնայած ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի (UNCTAD/ՄԱԿԱԶՀ) կողմից  հրապարակված զեկույցը դժվար է միանշանակորեն նեգատիվ գնահատել, սակայն դրանում տեղ գտած մի շարք կարևոր շեշտադրումներ ստիպում են խորապես վերագնահատել իշխանությունների կողմից պարբերաբար արվող ամպագոռգոռ հայտարարությունները՝ կապված տնտեսական հեղափոխության անխուսափելիության հետ:

 Զեկույցում, մասնավորապես, ընդգծվում է  այն մասին, որ Հայաստանը լուրջ խնդիրներ ունի՝ կապված օտարերկրյա ներդրումների հետ. հոսքն էապես կրճատվել է:  Իշխանությունների ձգտումները՝ հեղափոխությունը դարձնելու հայաստանյան բրենդ, փաստացի, հակառակ էֆեկտի է հանգեցրել, ինչը, թերևս, բացատրվում է պոտենցիալ ներդրողների մոտ նկատվող տրամադրություններով՝ սպասելու-տեսնելու՝ ինչին է, ի վերջո, բերելու Փաշինյանի կողմից այդքան թմբկահարվող հեղափոխությունը:

Ի դեպ, զեկույցում անհանգստություն է հայտնվում նաև բիզնեսի հանդեպ ոչ մրցակցային գործընթացների վերաբերյալ, ինչն էապես խաթարում է ներդրողների մոտ առանց այն էլ երերուն վստահությունը: Խոսվում է նաև այն մասին, որ  ներդրումային միջավայրի վրա խիստ բացասական ազդեցություն են թողնում հատկապես քաղաքական ցնցումներն ու այդպես էլ չկայունացող ներքին մթնոլորտը՝ չնայած առաջին հայացքից թվացյալ դրական տեղաշարժերի:

Զեկույցում հատուկ կերպով շեշտվում է Հայաստանի ներդրումային միջավայրի վրա Ամուլսարի չկարգավորված խնդրի ունեցած բացասական դերն ու այդ առումով, մասնավորապես, ասվում. «Խոշորագույն ներդրումային ծրագրերի, մասնավորապես՝ «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերության Ամուլսարի ծրագրի շուրջ կոնֆլիկտը, բիզնեսի հանդեպ ոչ մրցակցային պայմանների (խտրական) դրսևորումները և վերջին քաղաքական փոփոխությունների հետ ասոցացվող անորոշությունները ներդրողների շրջանում առաջ են բերել «դեռ սպասենք, տեսնենք» վերաբերմունքը»:

 Հայաստանում իրավիճակի շտկման ուղղությամբ առաջարկվում է ուժեղացնել կոռուպցիայի դեմ պայքարը, ինչպես նաև դատական համակարգի առևտրային հատվածը, որը «լիազորված կլինի լուծելու բիզնեսների միջև վեճերն ու անարդարությունները»:

Հայաստանում ամերիկյան առևտրի պալատի տարեկան ժողովի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե ՀՀ-ն ի վիճակի է իրականացնել մեգա նախագծեր, որոնք տնտեսության խթանման համար մեծ դեր կունենան, ինչպես նաև վստահություն հայտնել, որ այն դաշտը, որի վրա պետք է կառուցվի նոր տնտեսական համագործակցությունը, պատրաստ է:

Գաղտնիք չէ, թե հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանն ու նրա բազմաթիվ թիմակիցներն ինչպիսի խոստումներ են շարունակաբար հնչեցրել՝ սկսած իրավական պետության կառուցումից մինչև տնտեսական հեղափոխություն:

Ընդ որում, իրենց այս խոստումները կյանքի կոչելու ճանապարհին իշխանություններն այլ գործիքակազմ չէին մտածել, քան ամեն առիթով, տարբեր միջազգային հարթակներից ու արտասահմանյան ԶԼՄ-ներում սեփական հեղափոխությունը գովազդելն է. Նիկոլ Փաշինյանն ուր գնում է, ում հետ խոսում է՝ լոկ մի բան է ասում՝ ինքը շրջել է «հին» Հայաստանի էջն ու փորձում է նորը գրել: Փաշինյանը, նման հայտարարություններ անելով, թերևս, առաջնորդվում է այն նույն տրամաբանությամբ, որն ընկած է նրա՝ ներքին լսարանի համար նախատեսված ելույթների հիմքում: Նա, սակայն, հաշվի չի առնում այն, որ ի տարբերություն գուցե  հայաստանցիների մի շերտի, դրսում հետևություններ անելուց առաջ նախ սովոր են մտածել, խոսքը համադրել իրականության հետ ու պարզել՝ որն է  պոպուլիզմ, իսկ որը՝ իրականություն:

Դատելով թե՛ ՄԱԿ-ի վերոհիշյալ զեկույցում տեղ գտած հիմնավոր մտահոգություններից, թե՛  մի շարք այլ ցուցանիշներից, հեղափոխությունը հայաստանյան բրենդի վերածելուն ուղղված Փաշինյանի ջանքերը տալիս են իրենց դառը պտուղները. մասնավորապես՝ տարեսկզբի առաջին վեց ամիսնե­րին օտարերկրյա ուղղակի ներ­դրումների զուտ հոսքերը կազմել են ընդամենը 7,8 մլրդ դրամ, օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերի աճն այս տարվա առաջին կեսին 4,8 անգամ պակաս է եղել նա­խորդ տարվա նույն ժամանակա­հատվածի համեմատ: Տնտեսության իրական հատվածում ներհոսքը և արտահոսքը կազմել են համապատասխանաբար 152 մլրդ դրամ է և 144 մլրդ դրամ:

Հետևությունները, որոնք արվել են դրսում, փաստորեն, բացարձակապես չեն համապատասխանում դիցուք Փաշինյանի վերջին հայտարարություններին այն մասին, որ Հայաստանը պատրաստ է տնտեսական մեգանախագծերի իրականացմանը: Ինչպե՞ս է մեգա նախագծեր իրականացնելու մի երկիր, ուր օտարերկրյա իրական ներդրումների մակարդակն այսչափ ողբալի է, և դատելով նույն ՄԱԿ-ի զեկույցից՝ դժվար թե այս տխուր պատկերն առաջիկայում փոփոխության ենթարկվի:

Պակաս էական չէ, թերևս, նաև Ամուլսարի չկարգավորված խնդրի գործոնը, որը, փաստորեն, շարունակում է իր բացասական դերն ունենալ մեր երկրի իմիջի ձևավորման հարցում: Փաշինյանն այդպես էլ իր մեջ ուժ չի գտնում, չի համարձակվում խնդիրը վերջնականապես կարգավորել ու թեման փակել, ինչը, թերևս արդյունք է նոր իշխանությունների հեղհեղուկ մտածելակերպի ու անսկզբունքայնության, ստրատեգիական մտածելակերպի բացակայության ու պոպուլիզմի:

Մյուս կողմից՝ կա  պետական կարևորագույն ինստիտուտների, պետությունը պետություն դարձնող օղակների ճգնաժամի գործոնը: Երկրում դատական իշխանությունը փաստացի պարալիզացված վիճակում է, իսկ ՍԴ-ի շուրջ իշխանությունների կողմից առաջ բերված արհեստական ճգնաժամն, առհասարակ, հողին է  հավասարեցնում Հայաստանում արդարություն գտնելու բոլոր հնարավորությունները:

21-րդ դարի աշխարհը խիստ տարբեր է ասենք անտիկ շրջանի աշխարհից. այսօր անհնար է  աշխարհից ինչ-որ բան կոծկելը կամ ցանկալին իրականության տեղ մատուցելը: Օտարերկրյա ներդրողները շատ լավ տեսնում են, թե ինչ է կատարվում Հայաստանում: Բոլորը վաղուց հասկացել են, որ Հայաստանը հայտնվել է աստիճանական քայքայման կործանարար ցիկլի հորձանուտում. ներդրումներ անելու մասին այլևս ոչ ոք չի մտածում: Նման պայմաններում ոչ մի օտարերկրյա ներդրող «խելքը հացի հետ չի կերել», որ գա ու փող ներդնի մի երկրում, որի  վարչապետը պետության ամենաբարձր քաղաքական ամբիոնից կատաղած սպառնում է «ծեփել պատերին» ու «պառկցնել ասֆալտին»:

Tert.am: Վարդգես Սարգսյան

Մեկնաբանություններ