Հրապարակվեց: Пн, Сен 30, 2019
...

Հայաստանը՝ լինել-չլինելու սահմանագծին. վտանգն իրական է

Տարածել
Tags

Վերջերս Ռոբերտ Քոչարյանի գործով  ՍԴ-ի կողմից կայացված  հնարավորինս օբյեկտիվ, բայց Փաշինյանի քիմքին ոչ հաճո որոշումն առիթ է դարձել Հրայր Թովմասյանի դեմ իշխանությունների կողմից իրականցվող բացահայտ դեմարշի սաստկացման:

Ինչպես հայտնի է, Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթաց է սկսել. Փաշինյանի թիմը, չգիտես ինչու, համոզված է, որ Սահմանադրական դատարանը կարգապահական խախտումներ է թույլ տվել Ռոբերտ Քոչարյանի դիմումը քննելու ընթացքում:

Այն, որ Թովմասյանի շուրջ բարձրացած աղմուկը զուտ քաղաքական հանգամանքներով պայմանավորված երևույթ է, որի առաջն առնել չեն կարողանում անգամ հեղինակավոր միջազգային կառույցները (խոսքն, առաջին հերթին, Վենետիկի հանձնաժողովի մասին է), ակնհայտ փաստ է: Ընդ որում՝ նույն իշխանությունները չեն էլ թաքցնում այս ողջ աղմուկ-աղաղակի իրական ակունքը՝ բացեիբաց հայտարարելով՝ այո՛, քաղաքական խնդիր է լուծվում, «իշխանությունը վերադարձվում է ժողովրդին»՝ անխտիր բոլոր հարթություններում (փողոցային պոպուլիզմը, ցավոք, իր ուրույն արտահայտությունն է ստացել նաև այստեղ):

Փաշինյանի պլանը հստակ է. քանի դեռ գոնե հասարակության մի մասի համակրանքն իր կողմն է, արագորեն հարկավոր է այն «կապիտալիզացնել»՝ բոլոր հնարավոր ու անհնարին միջոցներով՝ նույնիսկ թքած ունենալով դրա անդառնալի հետևանքների վրա, խորապես արհամարհած ունենալով, թե դատական իշխանության ու նույն ՍԴ-ի՝ վարչապետին բռնակցման արդյունքում ինչ ողբերգական հետևանքներ կարող են առաջ գալ այս անգամ արդեն պետականության համար:

Եթե խնդիրը դիտարկում ենք զուտ իրավական տեսանկյունից, ապա  ակնհայտ է դառնում, որ ողջ գործընթացը՝ ծայրից ծայր, ապօրինի է ու արհեստական. Սահմանադրական դատարանի լեգիտիմությունն ուղղակիորեն ածանցվում է  Սահմանադրությունից, և նույնիսկ օրենսդիրն ու գործադիրը՝ միասին վերցրած, չեն կարող գնահատել ՍԴ-ի լեգիտիմությունը: Հետևաբար՝ ցանկացած ներգործություն՝ ՍԴ դատավորի լիազորությունների կապակցությամբ, ապօրինի է և արգելվում է համապատասխան օրենքով:

Ինչ վերաբերում է կոնկրետ «Իմ քայլի» պատգամավորների վերջին նախաձեռնությանը, ապա նկատենք, որ չնայած այն կարծես տեղավորվում է օրենքի տառի շրջանակներում (եթե ԱԺ-ի մոտ կան ողջամիտ կասկածներ ՍԴ որևէ դատավորի կողմից էական կարգապահական խախտում կատարելու վերաբերյալ, ապա ԱԺ-ն իրավասու է դիմել Սահմանադրական դատարան տվյալ հարցով), սակայն խորքային իմաստով կրում է քաղաքականության, սուբյեկտիվիզմի կնիքը, ինչն ի սկզբանե  ապօրինի է դարձնում կարծես օրինականության շղարշով պատված այս պրոցեսը:

Ինչ վերաբերում է հարցի քաղաքական ասպեկտին, որն էլ, ըստ էության, այս ողջ պատմության մեխն է, ապա այստեղ նույնպես ամեն բան առավել քան պարզ է: Փաշինյանի խնդիրն «իրավական պետություն» հասկացության վերջը տալն է, ինչը, իհարկե, առաջին հերթին պայմանավորված է այս իշխանությունների բնույթով. սահմանադրական կարգի բացահայտ տապալմամբ, փողոցի ճնշմամբ իշխանություն վերցրած ուժը չի կարող դառնալ երկրում սահմանադրականության պահպանման երաշխավորի դերում հանդես եկող ինստիտուտների նորմալ կենսագործունեության ջատագով այն էլ մի դեպքում, երբ նման գործառույթներով օժտված կարևորագույն մարմնի ղեկավարը մի անձ է, ով Փաշինյանի գլխում բացարձակապես նույնացվում է նախորդ իշխանությունների հետ, համարվում, մասնավորապես, Ռոբերտ Քոչարյանի անձնական դատապաշտպանը: Ի դեպ, երկրորդ նախագահի պաշտպաններից Օրբելյանի ու Հրայր Թովմասյանի միջև գոյություն ունեցող քավոր-սանիկական հարաբերություններն է՛լ ավելի են թանձրացրել Փաշինյանի մոտ եղած այս պատկերացումները:

Չունենալով որևիցե օրինական հենման կետ՝ Փաշինյանը գնում է մանիպուլյացիաների: Գերխնդիրն ու հիմնական թիրախը, իհարկե, «կոնսենսուս մինուս մեկ»-ի առաջն առնելն է, Քոչարյանին փակի տակ պահելը. դա Փաշինյանի մոտ «իդեա ֆիքս» է դարձել, որից հրաժարվել նա ոչ մի դեպքում չի պատրաստվում, քանի որ հասկանում է իր համար դրանից բխող անխուսափելի վտանգը: Ցանկացածն, ով կփորձի այս ամենի առաջն առնել, դատապարտված է ոչնչացման, եթե անգամ այդ մեկը գերկարևոր, առանցքային ֆիգուր է պետության կյանքում:

Ակնհայտ է, որ Սահմանադրական դատարանն այն վերջին բաստիոնն է, որը սեփականելուց հետո Փաշինյանին ոչ ենթակա ոլորտ գործնականում չի մնա՝ նրան փաստացի վերածելով ամբողջատեր միապետի. ողջ պետությունը հայտնվելու է Փաշինյանի կրնկի տակ՝ դրանից բխող բոլոր դժնդակ հետևանքներով:

Այս իմաստով նկատենք, որ Հրայր Թովմասյանի՝ բացարձակապետական հակումներ դրսևորող իշխանությունների առաջ ծնկի չգալու համառությունը ձեռք է բերում իսկապես գոյաբանական նշանակություն: Եվ հարցը նույնիսկ Թովմասյանի անձի, նրա ով լինելու մեջ չէ. ամեն ինչ պետք է անել, որ գոնե այդ կառույցը  չհայտնվի Փաշինյանի ճնշող ազդեցության տակ, դրա ղեկին չհայտնվի այնպիսի մի խամաճիկ, ում համար բացարձակ հեղինակություն կդիտվի ոչ թե Սահմանադրությունը, այլ իր տերը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի: Հարցն այստեղ Հայաստանում ժողովրդավարության ապագային է առնչվում, որը, անկասկած, նաև ազգային անվտանգության խնդիր է:

Համաշխարհային պատմությունը աներկբայորեն փաստում է, որ այն բոլոր երկրներում, ուր ողջամտությունը տանուլ է տալիս ինչ-որ մեկի բռնատիրական նկրտումներին, ապագան, մեղմ ասած, այնքան էլ խոստումնալից չի լինում: Հյուսիսային Կորեա՞ ենք ցանկանում դառնալ, թե՞ փլատակների վերածված Լիբիա կամ Իրաք…

Ի՞նչ պետք է անի Հրայր Թովմասյանը: Օրենքը նրա կողմն է, խոշոր հաշվով՝ նրա կողմն են նաև միջազգային կառույցները, որ ակնհայտորեն բարդացրել են Փաշինյանի գործը: Թովմասյանը, ով, իհարկե, գիտակցում է իր մնալ-չմնալու արժեքն ու նշանակությունը, մինչև վերջ կռիվ է տալու՝ դրանով իսկ շանս տալով Հայաստանի Հանրապետությանը ու շանսից զրկելով բոլոր նրանց, ովքեր երկրի ապագայի, միջազգային վարկի հաշվին կարիերա անելու արկածախնդիր մտայնություն են դրսևորում:

Ինչ վերաբերում է  Փաշինյանին, ապա բախվելով  օրենքին՝ նա այժմ ունի մեկ, բայց ոչ մի տեղ չտանող ճանապարհ՝ ռեպրեսիվ մեթոդների կիրառումը:

Ի դեպ, ենթադրելի է, որ Փաշինյանը կգնա նաև դրան, ինչի մասին, թերևս կարող է վկայել ուժայինների ղեկավարների աղմկահարույց հրաժարականները (ասում են՝ ուժայիններին պարտադրվել է անել քայլեր, որոնք ուղիղ հակասության մեջ էին մտնելու օրենքի հետ):

Իհարկե, իշխանություններն, այն էլ այսպիսի, չեն կարող չունենալ կամ չմոգոնել բավարար լծակներ՝ անկախ դրանց օրինականության աստիճանից, ցանկացածն անելու: Կարելի է և Հրայր Թովմասյանին ժողովրդի թշնամի հռչակել, գործեր «կարել» նրա վրա ու «փակել», կամ ողջ դատական համակարգին սպառնալ վեթինգով և այլն: Հարց է, սակայն, այն, թե նման ուղի ընտրելով՝ մինչև ո՞ւր կարող է հասնել Փաշինյանը, կամ որքա՞ն կդիմանա նրա իշխանությունը, որն առանց այն էլ ճաքեր է տվել՝ լայն ու երկարուն:

Այն, ինչ ունի սկիզբ, ունի նաև վերջ, իսկ Փաշինյանի իշխանության վերջն արդեն իսկ տեսանելի է՝ թունելի վերջ չհասած:

Վարդգես Սարգսյան

Մեկնաբանություններ