Հրապարակվեց: Пн, Ноя 12, 2018
...

«Համաշխարհային խաղաղությունը վտանգված է». աշխարհի առաջնորդներն իրենց մտահոգություններն են հայտնել փարիզյան համաժողովում

Տարածել
Tags

Ֆրանսիայում Առաջին աշխարհամարտի ավարտի 100-ամյակի կապակցությամբ կազմակերպված պաշտոնական միջոցառումների շրջանակում նոյեմբերի 11-ին Փարիզում են հավաքվել համաշխարհային առաջնորդները, որոնք հայտարարել են համաշխարհային խաղաղության վտանգված լինելու մասին:

Ինչպես նշում է Al Arabiya-ն, նախազգուշացումն արվել է Փարիզում անցկացված Խաղաղության համաժողովի շրջանակում, որի ժամանակ տպավորիչ ելույթներ են ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Միացյալ ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը:

Մասնավորապես՝ Մակրոնն ընդգծել է, որ մոլորակի կայունությունը վտանգված է ներկայում վերելք ապրող ազգայնականության, ռասիզմի, հակասեմականության, ծայրահեղականության գործոնների, ինչպես նաև տնտեսական, միգրացիոն, բնապահպանական մարտահրավերների պատճառով:

Մակրոնն ընդգծել է, որ Փարիզում աշխարհի 84 պետությունների ղեկավարների հանդիպումը «պատմական պահ է»:

«Կարևոր է, թե ապագայում ինչպես կմեկնաբանեն այս պատկերը՝ ազգերի միջև հարատև խաղաղության խորհրդանի՞շ, թե՞ աշխարհակարգի անկումից մեկ րոպե առաջ արված լուսանկար: Դա միայն մեզնից է կախված»,-ասել է Ֆրանսիայի նախագահը:

Նա նշել է, որ Խաղաղության համաժողովը պետք է ամեն տարի անցկացնել:

Մինչդեռ Մերկելն իր ելույթում դիմել է գործընկերներին՝ կոչ անելով ջանք չխնայել աշխարհում խաղաղության հաստատման համար:

«Մենք չպետք է մի կողմ քաշվենք ու հետևենք՝ ինչպես են աշխարհում նոր հակամարտություններ ծագում: Խաղաղությունը հենց այնպես չի գալիս, դրա հաստատման համար մենք պետք է աշխատենք»,-ասել է Մերկելը:

Նա նաև քողարկված կոչով դիմել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ ընդգծելով, որ պետությունների միջև շփման մակարդակի նվազումն ու փոխզիջման չգնալու մարտավարությունը «մահացու հետևանքներ» կունենան:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն իր ելույթում ևս խոսել է աշխարհում խաղաղության պակասից:

Նշվում է, որ ԱՄՆ նախագահը նախընտրել է չմասնակցել այս համաժողովին:

Մեկնաբանություններ