ՀՀ-ն չի կարող հրաժարվել բանակցություններից. Վլադիմիր Կարապետյանը՝ Արցախի հիմնախնդրի և վարչապետի՝ Գերմանիա այցի մասին

Նա հատկապես կարևորեց այցի քաղաքական ու տնտեսական երկխոսությունը պետության ղեկավարների միջև, անդրադարձավ նաև Արցախի հիմնախնդրին` նշելով, որ ՀՀ-ն իր մասով չի կարող հրաժարվել բանակցություններից և դրանք միայն խոսակցություններ են։
«Շատ կարևոր են թե՛ քաղաքական երկխոսությունը Գերմանիայի ղեկավարության հետ, թե՛ տնտեսական և գիտական ոլորտի մասնագետների հետ քննարկումները, որոնք կարող են շատ կարևոր հետևանքներ ունենալ թե՛ Հայաստանի, թե՛ երկկողմ հարաբերություններ զարգացման համար»,- ասաց նա։
Կարապետյանի խոսքով՝ Քյոլնի քաղաքապատարանում հայկական պատվիրակությունը բավականին ջերմ ընդունելության է արժանացել։ Մամուլի խոսնակը մանրամասնեց, որ հանդիպումների ընթացքում նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ մշակութային ժառանգության պահպանության հարցում համագործակցություն կլինի Գյումրիի և Քյոլնի միջև։
«Վերջին հանդիպումը Քյոլնում հայկական համայնքի հետ, շատ ոգևորիչ էր, մոտ 700 մարդ էր հավաքվել եկեղեցում։ Հենց այնտեղ էր, որ առաջին անգամ վարչապետը, պատասխանելով հարցին, ասաց, որ այս կառավարությունը նրա համար է, որ բոլորին ասեն, թե պետք չէ ինչ-որ զարտուղի ճանապարհներ գտնել, որպեսզի հայտնվենք Եվրոպայում։ Նա ասաց, որ ուզում են այնպիսի երկիր կառուցել, որ բոլորն, ովքեր իրենց կապում են Հայաստանի մշակութային ժառանգության հետ, անպայման վերադառնան։ Կարող եմ ասել, որ 700 հավաքվածները ոգևորվեցին ու ծափողջյուններով ընդունեցին այդ հայտարարությունը»,- մանրամասնեց Կարապետյանը։
Վերջինի խոսքով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը բավականին կոնկրետ զրույց են ունեցել տարբեր խնդիրների շուրջ՝ թե ՛ տնտեսական, թե՛ քաղաքական ոլորտների հետ կապված։ Կարապետյանի համար ուշագրավ է եղել այն, որ գերմանական կողմի ներկայացուցիչներից գրեթե բոլորը հարցրել են, թե ինչով կարող են աջակցել նոր ժողովրդավարությանը։
«Պարոն վարչապետը հատուկ ասաց, որ մենք տեսնում ենք հնարավորություն, որ մեր մասնակցությունը ԵԱՏՄ -ին օգտակար լինի Եվրոպական միության անդամ երկրների հետ մեր համագործակցության համար, և մենք չեն ուզում, որ հակասություն լինի, որը նաև չկա։ Խորացված քննարկում եղավ նաև տարածաշրջանային խնդիրների հետ կապված»,- ընդգծեց Վլադիմիր Կարապետյանը։
Վարչապետի մամուլի խոսնակի խոսքով՝ Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ քննարկվել են գլոբալ խնդիրներ:
Վլադիմիր Կարապետյանը նշեց, որ ամենախորքային շփումներն ԱԳ նախարարի մակարդակով են տեղի ունենում․«Իմ տպավորությունն այնպիսին է, որ այսօր դեռևս այն վիճակում չենք, որ առարկայական քննարկում տեղի ունենա բարձր մակարդակում, բայց դա իմ տպավորությունն է, ես չեմ մասնակցել հանդիպումներին»,-հավելեց նա:
Կարապետյանը գտնում է, որ ՀՀ-ն իր մասով ունի պատասխանատվություն ու այդ չափն իրագործելու է այն մասով, ինչքան Նիկոլ Փաշինյանը՝ որպես վարչապետ ունի մանդատ ժողովրդի կողմից: Հարցին, այսինքն՝ սխա՞լ են մեկնաբանությունները, որ ՀՀ-ն ընդհանրապես չի մասնակցելու բանակցություններին, նա պատասխանեց. «Ինչպե՞ս այդպիսի բան կարող է լինել, մենք չենք կարող հրաժարվել մեր մասով բանակցություններից»: