...

ՀՀ-ն կարող է օգուտներ քաղել Իրան-ԵԱՏՄ համաձայնագրից, եթե կարողանա կապող օղակ լինել Իրանի և մնացած խաղացողների միջև. Վարդան Ոսկանյան

Տարածել
Tags

Իրան-ԵԱՏՄ համաձայնագրի վավերացումը լրացուցիչ հնարավորություն է բացում իրանական շուկա հայկական ապրանքների մուտքի համար:

Նա Tert.am-ի հետ զրույցում նկատեց, որ իրանական շուկան փակերից մեկն է, և համաձայնագիրը բացում է որոշակի հնարավորություններ Հայաստանի համար:
«Բայց պետք է հասկանալ, թե ինչպես կարող ենք օգտագործել այդ հնարավորությունները, և թե Հայաստանը ինչպես կարող է ներկայանալ իրանական շուկայում: Արդյոք մենք ունե՞նք իրանական շուկայում ներկայացվելիք որակական և գնի առումով մրցունակ ապրանքներ»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ ազգային ժողովը ընդունել է Իրանի և ԵԱՏՄ անդամ երկրների միջև ազատ առևտրի գոտու ձևավորման մասին ժամանակավոր համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը։ Օրենքի նախագծին կողմ քվեարկեց 118, դեմ` 1 պատգամավոր, ձեռնպահ մնաց երկու պատգամավոր:
Համաձայնագրով մի շարք ապրանքատեսակների` Իրան արտահանման համար մաքսատուրքերը նվազեցվում են:
Վարդան Ոսկանյանի նկատառմամբ՝ պետք է հաշվի առնել, որ այն ապրանքները, որ Հայաստանը, օրինակ, արտահանում է Ռուսաստան, իրանական շուկայի համար ցանկալի չեն: «Ոչ ալկոհոլային խմիչքները, միրգը, բանջարեղենը իրանական շուկայում առկա են, և Իրանը ինքը արտահանում է այդ ապրանքատեսակները»,- ասաց նա՝ նշելով, որ դրա համար պետք է Հայաստանը հստակեցնի Իրան ներկրվող ապրանքատեսակների ցուցակը: Իրանագետի կարծիքով՝ բարձր տեխնոլոգիաների արտադրանքը կարող է մրցունակ լինել իրանական շուկայում, եթե մենք ունենանք:
Վարդան Ոսկանյանը նաև նկատեց, որ Իրան-ԵԱՏՄ համաձայնագրի կնքումը իր մեջ քաղաքական ենթատեքստ ունի, ինչպես ցանկացած տնտեսական գործարք: «Ակնհայտ է, որ այս համաձայնագիրը կնքվում և վավերացվում է նաև ամերիկյան պատժամիջոցների՝ ժամանակին սպառնալիքի առկայության, իսկ այժմ դրանց կիրարկման պայմաններում: Հետևաբար` այն ունի քաղաքական ենթատեքստ»,- ասաց նա:
Այս համաձայնագրի կնքման գործընթացում, ըստ իրանագետի` Հայաստանն է եղել առաջամարտիկը, «շոգեքարշի» դերակատարություն է իրականացրել: «Այդ համաձայնագրի վավերացումը մեզ համար էլ ձեռնտու է նաև Իրանի հետ քաղաքական հարաբերությունները ավելի խորացնելու և զարգացնելու հեռանկարի համար»,- ասաց նա:
Վարդան Ոսկանյանի խոսքով՝ ԵԱՏՄ-ի, որպես տնտեսական կառույցի և Իրանի միջև հարաբերությունները զարգացնելու շատ մեծ պոտենցիալ կա: «Հայաստանը միակ պետությունն է, որը ունի ցամաքային սահման Իրանի հետ: Հետևաբար այս հարցում մենք ունենք նաև շատ կարևոր աշխարհագրական դիրք, որը պետք է օգտագործել:  Շատ հաճախ իրանցիներն են շեշտադրում, որ Հայաստանը կարող է և պետք է դառնա կամուրջ ԵԱՏՄ-ի և Իրանի միջև:  Հետևաբար մենք պետք է ավելի լրջորեն այս հարցին վերաբերենք, որովհետև դա կբերի ոչ միայն տնտեսական օգուտներ, այլ նաև՝ կամրապնդի մեր աշխարհաքաղաքական դերը»,- ասաց նա:
ԵԱՏՄ երկրներից, ըստ իրանագետի, բացի Հայաստանից, նաև ռուսական կողմը շահագրգռված կլինի համաձայնագրի կենսագործման համար: «Իրանը ևս շատ շահագրգիռ է զարգացնել իր հարաբերությունները ԵԱՏՄ անդամ երկրների հետ, բայց, քանի որ Մերձավոր Արևելքում վարվում է չափազանց վտանգավոր քաղաքականություն, և Իրանի քաղաքական տրամաբանությունն է զգուշավոր, եռամյա ժամկետ է սահմանել այս համաձայնագրի իրագործման համար: Իրանի կողմից որոշակի զգուշավորություն կա, որովհետև նաև նա առաջնահերթ իր տնտեսական խնդիրներն է լուծում՝ խթանելով սեփական արտադրությունը»,- ասաց նա:
Վարդան Ոսկանյանի նկատառմամբ՝ Հայաստանը մշտապես եղել է Արևելքն Արևմուտքի հետ կապող կամուրջ, կարևոր դերակատար Մետաքսի ճանապարհին: «Մենք պետք է վերգտնենք այս դերակատարությունը, և Հայաստանը կարող է օգուտներ քաղել նման համաձայնագրերից, եթե կարողանա կապող օղակ լինել Իրանի և մնացած խաղացողների միջև»,- ասաց նա:
Մեկնաբանություններ