...

ՀՀ-ն ինքնիշխան պետություն է և ազգային անվտանգության խնդիրների դեպքում կարող է կոշտ լինել. Շ. Թորոսյանը՝ գազի տարանցիկ երկիր դառնալու հնարավորությունների մասին

Տարածել
Tags

Հայաստանի տարածքով Իրանից Վրաստանին գազ մատակարարելու և նաև Հայաստան մատակարարվող գազն ավելացնելու մասին շատ է խոսվել, բայց այսօր այն շատ ավելի իրատեսական է: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը՝ անդրադառնալով Իրանի նախագահ Հասան Ռոհանիի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը Իրանից ՀՀ-ով գազ մատակարարելու պատրաստակամության մասին:

«Վարչապետի այցելությամբ ևս մեկ անգամ վերահաստատվեց, որ կողմերը շահագրգիռ են՝ և՛ Իրանը, և՛ Հայաստանը: Ցավալիորեն, տարածաշրջանի էներգետիկ  գործընթացներում հիմնական դերակատարումն ունեցել է Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա գիծը, և ադրբեջանական  էներգակիրները տարանցվել են դեպի Թուրքիա և Եվրոպա այդ ճանապարհով՝ շրջանցելով հայկական տարածքով ավելի արդյունավետ, կարճ ճանապարհը, և հաշվի առնելով այն, որ տարածաշրջանում կա ավելի հզոր էներգետիկ ռեսուրսներով երկիր, ինչպիսին Իրանն է, որը այսօր նաև միջազգային հանրության կողմից սահմանված պատժամիջոցների պարագայում խնդիրներ ունի էներգակիրներ արտահանելու հետ կապված, այս առումով իհարկե սա ձեռնտու է նաև Վրաստանի համար, այլընտրանքային գազ ստանալու նրա հնարավորությունը կկենսագործվի»,- ասաց նա:

Ըստ Թորոսյանի՝ իհարկե Վրաստանն ունի այլընտրանքային գազ ստանալու այլ տարբերակ, ինչպես, օրինակ, Ռուսաստանից, բայց քանի որ այստեղ էլ քաղաքական հարթության վրա կան լուրջ կոնֆլիկտներ, որոշ առումով քիչ իրատեսական է ռուսական գազի գնումը: «Թեև վերջին ժամանակներում նաև այդ մասին խոսվում է, բայց իրանական գազն ակնհայտորեն ռեալ է դառնում, առավել ևս, որ տեխնիկական հնարավորություն կա, և դեպի Հայաստան մուտք է գործում իրանական գազամուղը:

Իսկ վերջին շրջանում, դատելով Վրաստանի էներգետիկ խնդիրներից, մենք տեսնում ենք, որ Ադրբեջանի հետ այդքան էլ հարթ չեն նրանց գործերն այս տեսանկյունից, որովհետև արդեն խոսում են ադրբեջանական գազի գինը բարձրացնելու թեմայից»,- ասաց նա:

ԱԺ պատգամավորը նկատեց, որ իհարկե տեխնիկական հնարավորությունները կան, բայց գազամուղն իր ծավալային հնարավորություններով շատ չէ: «Ամեն դեպքում, կարծում եմ՝ նրան 100 տոկոս ծանրաբեռնելու պարագայում գազամուղը կարող է ՀՀ-ին որոշակի  ծավալներով գազ ապահովել նույն էլեկտրաէներգիայի փոխանակման գործարքի շրջանակներում, և ՀՀ-ն կարող է դառնալ տարանցիկ երկիր դեպի Վրաստան, ինչո՞ւ չէ, նաև միանալ միջազգային գազային հոսքերին, և պատահական չէ, որ Իրանում վարչապետի այցի շրջանակներում խոսվեց եռակողմ, այսինքն՝ ՀՀ-Վրաստան-Իրան գազային համագործակցության մասին, ինչպես նաև քառակողմ՝ Իրան-Վրաստան և Ռուսաստան համագործակցության մասին, արդեն այս համագործակցության պարագայում խնդրի լուծումը կդառնա իդեալականին մոտ»,- ասաց նա:

Դիտարկմանը, որ սա, ըստ էության, միայն Իրան-ՀՀ-Վրաստան պայմանավորվածությունների շրջանակներում չէ, և այստեղ պետք է նաև Ռուսաստանի, մասնավորապես՝ «Գազպրոմի» համաձայնությունը, Շիրակ Թորոսյանը համաձայնվեց. «Ճիշտ եք նկատում, տարածաշրջանային ուժեղ խաղացողների շահերը կան, մենք ուղղակի թե անուղղակի բախվում ենք այդ խնդրին և ուղղակի թե անուղղակի ստիպված ենք հաշվի նստել այդ խնդրի հետ: Բայց եթե մենք խորքային վերլուծություն ենք անում, ապա Իրանը և ՌԴ-ն այսօր հանդիսանում են գործընկերներ, շատ առումներով դաշնակիցներ հասկանալի պատճառներով, և Իրանի խնդիրների մեղմացումը, տվյալ դեպքում գազի արտահանման հնարավորությունների ավելացումը կդիտվի նաև որպես ռուսական կողմի բարյացակամ վերաբերմունք Իրանի նկատմամբ»:

Բացի դրանից, ըստ նրա, ի վերջո ՀՀ-ն ինքնիշխան պետություն է և այնպիսի հարցերում, որոնք վերաբերում են անմիջականորեն ՀՀ-ի ազգային անվտանգության խնդիրներին, տնտեսական հնարավորությունների ավելացմանը, կարող է և կոշտ լինել ու հստակ դիրքորոշում ձևակերպել՝ այդ թեմաների մասին բաց խոսելով:

«Կարծում եմ՝ մեր գործընկերները պարտավոր են և պետք է ընկալեն, որովհետև մենք ենք ի վերջո պատասխանատու մեր երկրի անվտանգության, հզորացման և ապագայի համար, և մեզ համար առաջնայինը դա է, այլ ոչ թե այս կամ այն երկրի տարածաշրջանային կամ տնտեսական շահերի սպասարկումը և բաց տեքստով է խոսվել Իրանում համագործակցության մասին, և կարծում եմ, որ մենք պետք է հասնենք դրան, որ որևէ կերպ դառնանք տարանցիկ երկիր»,-եզրափակեց նա:

Մեկնաբանություններ