Հրապարակվեց: Вс, Апр 14, 2019
...

ՀՀ-ն բարդ վիճակում է Ղրիմի, Աբխազիայի, Օսեթիայի, նույնիսկ Կոսովոյի անկախության ճանաչման հարցում, պետք է խուսափողական պատասխան տա․ քաղաքագետ

Տարածել
Tags

Քաղաքագետ Գարիկ Քեռյանը համաձայն է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ով Ստրասբուրգում պատասխանելով Ղրիմի հետ կապված հարցին՝ այդպես էլ Հայաստանի դիրքորոշումը հստակ չներկայացրեց։ Քաղաքագետի կարծիքով՝ լավ կլիներ մեր նման երկիրը, որը ԼՂ հակամարտության խնդիր ունի, այս կամ այն հակամարտության հետ կապված հստակ դիրքորոշում հայտներ, միաժամանակ նկատեց, որ այս հարցում ՀՀ-ն բավականին բարդ վիճակում է։ Ըստ նրա՝ այլ կերպ պատասխանել գրեթե հնարավոր չէր։

«Մեր վիճակը բավականին բարդ է: Բարդ է ոչ միայն Ղրիմի, այլև Աբխազիայի, Օսեթիայի, նույնիսկ՝ Կոսովոյի անկախության ճանաչման հարցում։ Եթե խնդիրներին նայենք ինքնորոշման իրավունքի հարգմանք տեսանկյունից, միանշանակ մենք պետք է ողջունենք և՛ Աբխազիայի, և՛ Օսեթիայի, և՛ Ղրիմի ինքնորոշումը։ Բայց Հայաստանը գտվում է բավականին բարդ աշխարհաքաղաքական»,- ասաց նա։

Քեռյանը հիշեցրեց, որ ՀՀ գտնվում է մի տարածաշրջանում, որտեղ օր-օրի խորանում է սիրիական ճգնաժամը, որտեղ բարեկամ Իրանի նկատմամբ ԱՄՆ-ն խստացնում է քաղաքականությունը։ Նրա խոսքով՝ Հայաստանը ստիպված է նման հարցերի հետ կապված խուսափողական դիրքորոշում ունենալ, գուցե նաև թաքցնել իր իրական դիրքորոշումն այս կամ այն հարցի հետ կապված։

«Եթե մենք ողջունենք Աբխազիայի, Օսեթիայի անկախությունը, մենք ուղղակի զրկվում ենք մեր կոմունիկացիաներից դեպի Վրաստան, որովհեև դա թշնամաբար կընդունվի։ Եթե մենք Եվրոպայի նվագի տակ պարենք և Ղրիմի հարցում քննադատենք ՌԴ-ին, ապա հարվածում ենք ՀՀ -ՌԴ ռազմավարական շահին։ Եթե ողջունում են Կոսովոյի ինքնորոշումը, որը շատ մոտ է նաև մեր խնդրին, ապա հարվածում ենք սերբական մեր հարազատ հարաբերություններին, միաժամանակ այս միջազգային կարևորագույն հարցում հարվածում ենք ՌԴ դիրքորոշմանը»,- ընդգծեց Գարիկ Քեռյանը։

Ըստ Քեռյանի՝ յուրաքանչյուր ազգ ու պետություն ունի իր շահը, իսկ այդ շահերի պաշտպանության հարցում պետք է նուրբ ու պրագմատիկ գործել՝ անելով այն, ինչ մեզ պետք է։

Ինչ վերաբերում է հարցին՝ կհաջողվի՞ մեզ շարունակել տարբեր հակամարտությունների հետ կապված խուսափողական պատասխան տալ, քաղաքագետը նշեց, թե այլ տարբերակ չունենք։

«Բոլոր փոքր ազգերն այդպես են գործում։ Ազատ կարող են գործել համաշխարհային ուժային կենտրոնները, որոնք մեկը մյուսի քաղաքական որոշումներից կախված չեն, թեպետ նույնիսկ նրանք որոշումներում ստիպված են հաշվի առնել մյուսի կարծիքը։ Այսօր Միացյալ նահանգները Չինաստանի այս կամ այն դիրքորոշումը քննադատության ենթարկելու մեծ հնարավորություն չունի, քանի որ կախված է Չինաստանից՝ պարտք ունի և այլն։ Նույն ԵՄ-ն, Ճապոնիան, Գերմանին չեն կարող առանց այլ երկրի կարծիք հաշվի առնելու դիրքորոշում հայտնել, քանի որ շահեր ունեն։ Այնպես որ, եթե աշխարհի գերհզորները կապված ու կախված են միմյանցից ինչ-որ բաներով, փոքրերը հաստատ ավելի կաշկանդված կինեն»,- եզրափակեց Գարիկ Քեռյանը։

Մեկնաբանություններ