...

ՀՀ-ը կարող է Իրան-Իսրայել հարաբերություններում համագործակցության եզր գտնելու հնարավորություն դառնալ. Կ. Վերանյան

Տարածել
Tags

Ի տարբերություն Ադրբեջան-Իսրայել քաղաքական և այլ հարաբերությունների, որոնք բազմոլորտ են, Հայաստան-Իսրայել հարաբերությունները շատ թույլ են:

Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Նորավանք» հիմնադրամի Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, ավագ փորձագետ Կարեն Վերանյանը՝ անդրադառնալով հարցին՝ արդյոք քաղաքական իրավիճակի փոփոխությունից հետո ՀՀ-Իսրայել հարաբերությունները նոր մակարդակի վրա կբարձրանան: Նա նշեց, որ վերջին տասնամյակում Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների զարգացման վրա մեծ ազդեցություն է ունեցել Իսրայելում ադրբեջանական համայնքը, և հակառակը:

«ՀՀ-Իսրայել քաղաքական հարաբերությունները, ցավոք սրտի, զարգացման լավ հիմք ու նախադրյալներ չունեն, որպեսզի էապես նոր ու բարձր մակարդակի համագործակցություն հաստատվի: Ադրբեջանն Իսրայելի համար մի քանի ուղղությամբ գործընկեր է, օրինակ՝ զենքի վաճառքի հետ կապված, նավթագազային մատակարարման և այլն:

 Իսկ ՀՀ-ի մասով մի քանի ուղղություն կա, որոնց հետ կապված արդեն երկու կողմերի միջև ստորագրվել են համաձայնագրեր, օրինակ՝ գիտության ու կրթության ոլորտում ՝ մինչև 2022 թ., կիբեռանվտանգություն, գյուղատնտեսություն, բժշկություն, սակայն  ներկա մակարդակի քաղաքական հարաբերությունները թույլ չեն տալիս խորքային առումով կապեր հաստատել»,- ասաց նա:

Վերանյանի կարծիքով՝ ՀՀ-ն Իսրայելին կարող է հետաքրքիր լինել IT ոլորտում, որտեղ Իսրայելը միջազգային մակարդակով առաջատար դիրք ունի: Հաջորդ ուղղությունը Վերանյանը համարում է այն, որ ՀՀ-ն կարող է զարգացնել անվտանգության հետ կապված հարցերը՝ պայմանավորված Իրան-Իսրայել հարաբերություններով:

«Խոսքը նրա մասին չէ, որ նոր լարվածություն բերի Իրան-Իսրայել հարաբերություններում,  այլ հակառակը՝ ՀՀ–ը կարող հարթակ հանդիսանալ, որը ներքին խողովակներով երկխոսության կայացան համար պիտանի լինի: Ունենալով Իրանի հետ շատ ջերմ հարաբերություններ՝ միևնույնն է, չի կարելի անտեսել մերձավորարևելյան մյուս կողմին, որը նույնպես միջուկային պետություն է և կարևորագույն երկրներից մեկն է տարածաշրջանային անվտանգության տեսանկյունից»,- նշեց Վերանյանը:

Փորձագետը հույս ունի, որ կստեղծվեն նախադրյալներ, որ հայ-իսրայելական հարաբերությունները նոր մակարդակի վրա բարձրանան: Նրա խոսքով՝ նախորդ  իշխանության ժամանակ փորձագիտական դաշտում բազմիցս խոսվել է Իսրայել-Հայաստան քաղաքական հարաբերությունների զարգացման համար հնարավոր հարթակի ստեղծման մասին, որը կարող էր լինել հասարակության, փորձագիտական մակարդակի, ինչու չէ՝ նաև դիվանագիտական ու միջպետական հարաբերությունների տեսքով: Սակայն նա ընդգծեց, որ հարթակ չի ստեղծվել, քանի որ փորձագիտական շրջանակների մեծ հատվածն այն տեսակետին էր, որ Հայաստան -Իսրայել հարաբերությունների խորացումը կարող է վնասել Հայաստան-Իրան հարաբերություններին:

«Անձամբ ես բազմիցս ասել եմ, որ այս մտավախությունը տեղին չէ, քանի որ որևէ մեկը չպետք է խոչընդոտի ՀՀ արտաքին հարաբերութուններին, եթե դա պահանջում է մեր պետական ու ազգային շահը, իսկ դա պահանջում է այն առումով, որ պետք է աշխատել բոլորի հետ, նաև կապեր ունենալ Իսրայելի հետ, ինչը ՀՀ-ին հետաքրքիր է նաև «ազգ-բանակ» կոնցեպտի համատեքստում: Այս հարցով նախորդ իշխանությունների ժամանակ եղած բացը լրացնելու համար, հուսով եմ, այսօր առավել կիրառական քայլեր կարվեն, մանավանդ որ նոր կառավարություն է, որը փորձում է արտաքին քաղաքականության մեջ առկա խնդիրները կարգավորել, թեև պահպանում է հիմնական մոտեցումները»,- ընդգծեց Կարեն Վերանյանը:

Վերջինս նկատեց, որ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունները բավականին խորն են, և հիշեցրեց, որ սա ամենևին չի խանգարում Իրանին հարաբերություններ խորացնել Ադրբեջանի հետ՝ թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական, թե՛ էներգետիկ ոլորտներում:

«Ցավոք, պետք է նշեմ, որ Ադրբեջան-Իրան հարաբերությունները շատ ավելի խորքային են ու բազմաշերտ, քան Հայաստան-Իրան հարաբերությունները: Իսրայելի հետ հարաբերություններ զարգացնելով՝ մենք ոչ թե Իրանի համար պետք է նոր խնդիրներ բերենք՝ ՀՀ–ն դարձնելով դիմակայության հարթակ 2 երկրների միջև, այլ հնարավորություն տանք լծակներ ստեղծելու, որոնք կարող են աշխատել նաև մեր ուղղությամբ: Նման քայլով տարածաշրջանում կբարձրանա ՀՀ-ի կշիռը, պետք է օգտվել այս հնարավորությունից»,- ընդգծեց Վերանյանը:

Հարցին՝ Հայաստանի և Իսրայելի ԱԳ նախարարների հանդիպումը կօգնի՞ այս հարցում, թե ընդամենը արարողակարգային հանդիպում էր, Կարեն Վերանյանը պատասխանեց. «Շատ մեծ բան կախված է հայկական կողմից, այսինքն՝ թե ինչ փաթեթով կարող է հայկական կողմը ներկայանալ: Հույս ունեմ, որ ընդհանուր դաշտը շատ ավելի պրակտիկ կլինի, քան արարողակարգային փաստաթղթեր ստորագրելը, որոնք հիմնականում 2 պետության հարաբերության խորացման համար առանձնակի նշանակություն չեն ունենում: Սակայն որքան շատ լինեն նման հանդիպումները բաձր մակարդակով, այդքան հնարավորություն կլինի շատ ավելի լուրջ հարցեր դնել օրակարգում»,- եզրափակեց Կարեն Վերանյանը: 

Մեկնաբանություններ