...

ՀՀԿ-ն մասնակցելու է ԱԺ արտահերթ ընտրություններին

Տարածել
Tags

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը մասնակցելու է Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին: Այս մասին ՀՀԿ խորհրդի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց կուսակցության ԳՄ անդամ, պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը:

Նա նշեց, որ իրենք ունեն հնարավորություն՝ կարճ ժամանակում պատրաստվելու ընտրություններին: «Քննարկել ենք կարևոր փաստաթուղթ, դա այն բանաձևն է, որն ամրագրում է ՀՀԿ մոտեցումները երկրում տեղի ունեցած գործընթացներին»,-ասաց նա և նշեց, որ այս խորհրդի նիստին պետք է ընդունեին սկզբունքային որոշում և բավականին մեծ աշխատանք են կատարել:

Վիգեն Սարգսյանն ասաց, որ իրենք որպես կուսակցություն շատ հետաքրքիր և կարևոր գործընթացի միջոցով են անցել, դա կարգավիճակի տրանսֆորմացիան է. երկար տարիներ իշխանություն լինելուց հետո կուսակցությունը նոր կարգավիճակով իր ներդրումը բերելու ուղիներն է որոնում որպես ընդդիմադիր ուժ:

Նա նշեց, որ դա նոր կարգավիճակ է, և հետխորհրդային և արևելյան երկրների մեջ քիչ է հիշում օրինակներ, երբ այդ տրանսֆորմացիան չի տվել իր արդյունքը, եթե ճիշտ է կատարվել:
«Այս օրերին ինձ, իմ գործընկերներին բարին ցանկացողները հաճախ խորհուրդ են տվել՝ շատ լավ կլինի, որ դուք ձեր փորձով առանձնանաք, մի փոքր բան ստեղծեք, ժողովուրդը ձեզ կվստահի, կհավանի:

Մեր թիմը քաղաքական թիմ է, և կարծում եմ, որ վերջին ամիսների իրադարձություններն ապացուցեցին, որ բավականին ամուր թիմ է, որը կարող է դիմակայել բարդ զարգացումներին, և գոնե այն մարդիկ, ովքեր քաղաքական կորիզն են կազմում կուսակցության և լինելու են նաև առաջիկայում ցուցակի առանցքում, եղել են կուսակցությունում ոչ այն պատճառով, որ կուսակցությունը եղել է իշխանություն, այլ համարել են, որ կուսակցությունն ունի գաղափարախոսություն, քաղաքական օրակարգ, որն այսօր ավելի պահանջված է, ունի ասելիքներ, անելիքներ, մենք ունենք կառույցներ, փորձ և ունենք ինստիտուցիոնալ հնարավորություն՝ կարճ ժամկետում նախապատրաստվելու ընտրություններին»,-ասաց նա:

 Վիգեն Սարգսյանը նաև հավելեց, որ ցուցակն ինքն է գլխավորելու, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը չի լինելու ցուցակում:
Մեկնաբանություններ