Հրապարակվեց: Пн, Ноя 05, 2018
...

ՀԱՊԿ-ում արդեն իսկ գլխավոր քարտուղար են ընտրել․ «Կոմերսանտ»

Տարածել
Tags

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) քննարկվում է գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի Անվտանգության խորհրդի պետական քարտուղար Ստանիսլավ Զասի նշանակման հարցը, հաղորդում է «Կոմերսանտը»:

«Վերջնական որոշումը դաշինքի անդամ երկրների ղեկավարները կկայացնեն նոյեմբերի 8-ին։ Ինտրիգն այստեղ այն է, որ ազատված պաշտոնին ձգտում է Հայաստանը, որի շնորհիվ էլ հենց այդ թափուր տեղը առաջացել է»,-ասված է հոդվածում։

«Ъ»-ի դիվանագիտական աղբյուրները  կազմակերպության երեք երկրներում նշում են, որ ամենայն հավանականությամբ նոր գլխավոր քարտուղարը հաջորդող երեք տարիներին կլինի Բելառուսի ներկայացուցիչը»,-գրում է «Կոմերսանտը»։

Հիշեցնենք, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը թափուր էր մնացել այն բանից հետո, երբ ՀՀ-ն հետ է կանչել Յուրի Խաչատուրովին, որը միայն մեկ ու կես տարի հասցրեց պաշտոնավարել նախատեսված 3 տարվա փոխարեն։ Յուրի Խաչատուրովին Հայաստանում մեղադրանք է առաջադրվել, նա մեղադրվում է 2008 թվականի մարտի 1-ին սահմանադրական կարգը տապալելու մեջ: Հետկանչի գործընթացն ավարտվել է նոյեմբերի 2-ին։ Այդ օրվանից գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար է դարձել Յուրի Սեմերիկովը՝ նախկինում գլխավոր քարտուղարի տեղակալը։

ՀԱՊԿ-ում, աղբյուրների խոսքով, որոշել են նշանակել քարտուղարության լիարժեք ղեկավարի, որոշվել է ղեկավարվել ռոտացիայի սկզբունքով, որի համաձայն՝ Հայաստանից հետո, ըստ այբբենական կարգի, գլխավոր քարտուղար պետք է նշանակվի Բելառուսի ներկայացուցիչը։

Առավել հավանական թեկնածու գլխավոր քարտուղարի պաշտոնում «Ъ»-ի աղբյուրը նշում է Բելառուսի Անվտանգության խորհրդի պետական քարտուղար Ստանիսլավ Զասին։ 54-ամյա գեներալ-մայոր Զասը 2015 թվականից գլխավորում է Բելառուսի Անվտանգության խորհուրդը եւ լավ ծանոթ է ՀԱՊԿ աշխատանքին՝ նա ի պաշտոնե ներառված է ՀԱՊԿ անվտագության խորհուրդների քարտուղարների կոմիտեի կազմում։

Մեկնաբանություններ