Հրապարակվեց: Чт, Мар 07, 2019
...

Կրճատումներ լինելու են, բայց էվոլյուցիոն տրամաբանությամբ, յուրաքանչյուր աշխատակից իր շանսն է ստանալու. Փաշինյանը՝ կառավարության նոր կառուցվածքի մասին

Տարածել
Tags

Այս նախագիծը շատ վաղուց քննարկվում է, և կարող ենք  արձանագրել, որ հիմնականում ընկալված է հանրության շրջանում: Կառավարության նիստին, անդրադառնալով կառավարության կառուցվածքի մասին փոփոխությունների մասին նախագծին, որն ընդունվեց, այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մեր հիմնական խնդիրը պետական կառավարման և Սփյուռքի հետ հարաբերությունների արդյունավետությունը բարձրացնելն է, քանի որ այսօր երկու ուղղությամբ խոցեր և պրոբլեմներ ենք տեսնում: Բայց այս ուղղությամբ գնալու ենք հավասարակշռված, հանդարտ գործընթացով, կադրային ջարդ չենք իրականացնելու, կոնսոլիդացվելու են նախարարության աշխատակիցները: Այո, կրճատումներ լինելու են, բայց էվոլյուցիոն տրամաբանությամբ են լինելու, և յուրաքանչյուր աշխատակից իր շանսն է ստանալու, և մաքսիմալ օբյեկտիվ պետք է տեղի ունենա մարդկանց աշխատանքի գնահատումը՝ առանց հարակից պրոցեսների»,-ասաց նա և նշեց, որ ուշադիր պետք է լինեն պետական կառավարման արդյունավետության բարձրացմանը նպատակին հասնելու համար:

Վարչապետը նշեց, որ կրճատումների խնդիրը չեն կարող լուծել փակ աչքերով: «Պետք է վերանայել ընդհանրապես սեփական աշխատանքի որակը, սեփական վարչության բաժնի աշխատանքի որակը, և մենք առաջիկայում նաև ոչ պոպուլյար խնդիր պետք է լուծենք, որ պետական կառավարման համակարգում աշխատեն բարձր որակավորված կադրեր սրանից բխող հետևանքներով: Այսօր ունենք իրավիճակ, որ պետական կառավարման համակարգը մեծ հաշվով գրավիչ չէ բարձր որակավորումների համար, և բարձր պարգևավճարների սկանդալը ծագում է հենց այստեղից, որևէ այլ տեղ պրոբլեմ չկա»,-ասաց նա:

Ըստ վարչապետի՝ նախկինում այլընտրանքային վճարների տարբերակներ են եղել, բայց իրենք չեն կարող գնալ այդ ճանապարհով, հետևաբար քանի որ հեղափոխությունից հետո այդ այլընտրանքային վճարման մեխանիզմները դադարել են,  խնդիր է առաջացել համարժեք օրինական վճարումներ իրականացնել.

«Լավ է, որ այդ պարգևավճարների սկանդալը ծագել է, որովհետև դա շատ կարևոր առիթ է շատ կարևոր խոսակցություն ունենալու համար, թե ովքեր են պետական ծառայողները, ինչ որակավորումներ ունեն:

Ես կոչ եմ անում բոլորին այս բոլոր թեմանեը մաքսիմալ բաց և թափանցիկ քննարկել, բայց նաև համբերատար քննարկել»: Նա հավելեց, որ այս գործընթացը չի կարող առաջ գնալ առանց հանրային համաձայնության:

«Կառավարման համակարգն այնպիսին պետք է լինի, որ խնդիրներ լուծի, հետևաբար պետք է աշխատեն առաջատար մասնագետներ և հարիր աշխատավարձ ստանան, բայց դա չի կարող լինել միանգամից, այլ փուլային»,-ասաց նա և նշեց, որ այս պրոցեսի արդյունքում պետք է մնան լավագույնները:

Մեկնաբանություններ