Հրապարակվեց: Пт, Ноя 09, 2018
...

Կոնվերս Բանկի աջակցությամբ Երևանում քննարկվեցին ՓՄՁ զարգացման միտումները

Տարածել
Tags
 «Կոնվերս Բանկի» նախաձեռնությամբ և աջակցությամբ այսօր՝ նոյեմբերի 9-ին, Երևանում անցկացվեց SME Banking Club-ի առաջին սեմինարը Հայաստանում, որը նվիրված էր փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) ոլորտի զարգացման միջազգային միտումներին, տնտեսության տարբեր ոլորտներում՝ մասնավորապես գյուղատնտեսության, վերականգնվող և այլընտրանքային էներգետիկայի ոլորտներում ՓՄՁ ֆինանսավորման հնարավորություններին։

SME Banking Club-ը բիզնես-բանկիրների միջազգային մասնագիտական ցանց է, որի նպատակն է ՓՄՁ վարկավորում իրականացնող լոկալ, տարածաշրջանային, գլոբալ բանկերի և ֆինանսական կազմակերպությունների միջև փորձի փոխանակումը։

«Որպես SME Banking Club մենք հավաքում ենք տեղեկություններ և աշխատում ենք տարբեր երկրների բանկերի հետ՝ սկսած Արևելյան Եվրոպայից մինչև Կենտրոնական Ասիայի երկրներ։ Մեր նպատակն է աջակցել ՀՀ բանկերին, ներկայացնել լավագույն պրակտիկան, օգտակար տեղեկություններ, որոնք կարող են նպաստել ՓՄՁ-ներին աջակցելու հարցում»,- ասաց SME Banking Club-ի հիմնադիր, Գլխավոր գործադիր տնօրեն Անդրեյ Գիդուլյանը։

Սեմինարին մասնակցում էին հայաստանյան բանկային համակարգի մասնագետներ, ինչպես նաև ներկայացուցիչներ շահագրգիռ պետական գերատեսչություններից:

«Սեմինարի նպատակը ՀՀ բանկերի մասնագետներին ՓՄՁ զարգացման միջազգային միտումները, էկոբանկինգի և գյուղվարկավորման ոլորտում առկա բազմակողմանի և համապարփակ ինֆորմացիան ներկայացնելն է, որը հնարավորություն կտա ՀՀ բանկերին շուկայում ներկայանալ ավելի ճկուն, ժամանակակից պրոդուկտներով»,- նշեց «Կոնվերս Բանկի» կորպորատիվ բիզնեսի դեպարտամենտի տնօրեն Ռոստոմ Բադալյանը։

Ռ. Բադալյանի տեղեկացմամբ՝ ներկայում «Կոնվերս Բանկը» ակտիվորեն ներգրավված է ՓՄՁ, այդ թվում՝ գյուղատնտեսության, վերականգնվող էներգետիկայի ֆինանսավորման նախագծերում և վարկավորման կայուն աճ է ապահովել բոլոր նշված ուղղություններով։ Մասնավորապես, «Կոնվերս Բանկի» գյուղվարկավորման պորտֆելը հոկտեմբերի սկզբի դրությամբ մոտ 9,6 մլրդ դրամ է, ՓՄՁ վարկավորման պորտֆելը՝ 32 մլրդ դրամ։  Բանկը մասնակցում է վերականգնվող էներգետիկայի ոլորտում մի քանի նախագծերի:

«ՓՄՁ ոլորտի զարգացումը կարևոր է մեզ համար, որովհետև ենթադրում է նոր ձեռնարկությունների հիմնում, նոր աշխատատեղերի ստեղծում և արտահանման հնարավորությունների մեծացում։ ՓՄՁ-ները ցանկացած տնտեսության շարժիչ ուժն են, դա այն սեգմենտն է, որը քիչ է ենթակա ցնցումների և ավելի արագ է ադապտացվում նոր իրավիճակներին, պայմաններին։ ՓՄՁ-ի զարգացման հարցում առևտրային բանկերը բավականին մեծ անելիք ունեն։ Շատ կարևոր է, թե ինչպես են բանկերը արձագանքում ոլորտի զարգացման միտումներին և ֆինանսավորման ինչպիսի պրոդուկտներ են առաջարկում բանկերը»,- ասաց «Կոնվերս Բանկի» կորպորատիվ բիզնեսի դեպարտամենտի տնօրենը։

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ՓՄՁ զարգացման վարչության պետ Կորյուն Գևորգյանն էլ նշեց, որ ՓՄՁ ոլորտի զարգացման անհրաժեշտ պայմաններից մեկը նաև ֆինանսների հասանելիությունն է, որը նաև կարող է լրացվել նմանատիպ միջոցառումների միջոցով։

«Նման հանդիպումները հնարավորություն են ստեղծում տեղեկատվության հասանելիությունը բարձրացնել, որի արդյունքում ապագա ձեռներեցները կկարողանան գտնել իրենց համապատասխան ֆինանսական միջոցներ, առաջարկներ։ ՓՄՁ զարգացումն իսկապես շատ կարևոր է մեզ համար, քանի որ այն ավելի ներառական է, շատ լայն շերտեր է ընդգրկում»,- հայտնեց Կորյուն Գևորգյանը՝ հավելելով, որ ՓՄՁ ֆինանսավորման հնարավորությունները քննարկվում են նաև մշակման փուլում գտնվող ՓՄՁ զարգացման ռազմավարության շրջանակներում։

Մեկնաբանություններ