Հրապարակվեց: Вс, Июл 21, 2019
Արցախ | Հեղինակ Դիտակետ
...

Կոնսենսուսը պետք է կայանա օրենքի դաշտում. Արամ Գրիգորյանը՝ անցկացված ստորագրահավաքի մասին

Կոնսենսուսը պետք է կայանա օրենքի դաշտում. Արամ Գրիգորյանը՝ անցկացված ստորագրահավաքի մասին

Այն նպատակը, որը դրվել է Սամվել Բաբայանի կամ նախաձեռնող խմբի կողմից անցկացված ստորագրահավաքի միջոցով Սահմանադրությունը փոխելու հիմքում, կարծում եմ՝ ինքնիշխանության թուլացման լուրջ վտանգներ է: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին իր մտահոգություններն է արտահայտել «Ազատ հայրենիք» կուսակցության «Հայրենիք» խորհրդարանական խմբակցության անդամ Արամ Գրիգորյանը՝ նշելով, որ հավանաբար առիթ կլինի խնդրի շուրջ համապարփակ քննարկումներ անցկացնելու և հիմնավոր որոշում կայացնելու համար: Պատգամավորի խոսքով՝ առաջարկի վերաբերյալ թե՛ Արցախի և թե՛ ՀՀ գործընկերների կողմից բազմաթիվ մտահոգություններ է լսել, որոնք տարբեր ձևաչափերով արտահայտված են նաև մամուլում, ինչն առանձնապես իրեն չի ոգևորել:

«Որքանով տեղյակ ենք, նախաձեռնող խմբին հաջողվել է օրենքով նախատեսված ստորագրությունների քանակն ապահովել: Եվ եթե, ընթացակարգի համաձայն, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դրանում որևէ խնդիր չգտնի, ապա աշնանային նստաշրջանի սկզբին հնարավորություն կունենանք հարցի շուրջ համակողմանի քննարկումներ անցկացնելու: Կարծում եմ՝ Խորհրդարանում ներկայացված մյուս քաղաքական ուժերը ևս հարցի շուրջ շատ հստակ կարտահայտեն իրենց դիրքորոշումները, և կայացված ցանկացած որոշում միանշանակ կտեղավորվի օրենքի սահմաններում»,- ընդգծել է պատգամավորը:

Անդրադառնալով Սամվել Բաբայանի կողմից Օրենսդիր մարմնի վրա հնարավոր ճնշումների գործադրման մասին հռետորաբանությանը՝ Ա. Գրիգորյանը անթույլատրելի համարեց նման գործելաոճը՝ նշելով, որ եթե գործընթացն ի սկզբանե իրավական ճանապարհով է սկսվել, ուրեմն և հանգուցալուծումը պետք է ստանա նույն տրամաբանության մեջ:

«Կոնսենսուսը պետք է կայանա օրենքի դաշտում, հակառակ բոլոր փորձերը, համոզված եմ, անընդունելի են լինելու ինչպես հանրության, այնպես էլ քաղաքական ուժերի կողմից»,- եզրափակել է Ա. Գրիգորյանը:

Մեկնաբանություններ