Հրապարակվեց: Чт, Сен 05, 2019
...

Կիպրոսի նախագահն առաջարկել է գազի վաճառքից թուրք-կիպրացիներին բաժնեմաս հատկացնել

Տարածել
Tags

Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը թուրք-կիպրացիներին (էթնիկ թուրքեր, որոնք բնակվում են Կիպրոսում) առաջարկել է Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում ածխաջրածնային հանքավայրերի շահագործման խնդրի լուծումը․ բացել էսքրոու հաշիվներ՝ բնական գազի վաճառքից թուրք-կիպրացիներին բաժնեմասերի փոխանցման համար։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով կիպրական «Կատիմերինի» օրաթերթը։

Թերթի տվյալների համաձայն՝ Կիպրոսի նախագահ Անաստասիադիսը հանդես է եկել հստակ առաջարկով թուրքական համայնքի ղեկավար (միայն Թուրքիայի կողմից ճանաչված «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության» ղեկավար) Մուստաֆա Աքընջիի հետ օգոստոսի 9-ին կայացած հանդիպման ժամանակ, որն ավելի ուշ տրամադրվել է գրավոր կերպով։

«Առաջարկը, որում ներառված է թուրքական կողմի արտահայտած ցանկացած մտահոգություն՝ կապված ածխաջրածիններից ստացված շահույթի բաժնեմասերի հետ, ներկայացված է թուրք-կիպրացիների առաջնորդ Մուստաֆա Աքընջիի դիտարկմանը»,-գրում է թերթը։

Անաստասիադիսը ձգտում է վերացնել թուրքական կողմի ցանկացած պատրվակ, որը խանգարում է կիպրոսյան կարգավորման երկխոսության վերականգնմանը։

Կիպրոսի թուրքական համայնքն է դառնալու էսքրոու հաշվի շահառուն, և այն կարող է ղեկավարել միջոցները պայմանների իրականացման դեպքում, եթե Թուրքիան դադարեցնի սադրանքները տարածաշրջանում՝ ընդունելով Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտու սահմանները։

«Թուրք առաջնորդի առաջին ռեակցիան կարծես թե դրական է, այնուամենայնիվ նախագահի առաջարկի ճակատագիրը կորոշվի Անկարայում»,- ասվում է հոդվածում։

Բնական հարստություններից համատեղ օգտվելու վերաբերյալ թուրքական կողմի առաջարկը չի կարող ընդունվել նշանակալի պատճառներով։ Այն դե-ֆակտո չի կարող լուծել Կիպրոսի Հանրապետության ինքնիշխան իրավունքի հետ կապված հարցերը՝ ինչպիսիք են հետազոտությունների անցկացման համար ընկերություններին տարածքների տրամադրումը, լիցենզավորումը կամ միջազգային համաձայնագրերի կնքումը, գրում է թերթը։

Մեկնաբանություններ