Հրապարակվեց: Чт, Дек 27, 2018
...

Կարո Փայլանին կրկին ցանկանում են զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից

Տարածել

Թուրքիայում կրկին ցանկանում են պատգամավորական անձեռնմխելիությունից զրկել ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, Դիարբեքիրից ընտրված հայազգի պատգամավոր Կարո Փայլանին, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականը:

Հայտնի է, որ խորհրդարան է ներկայացվել 8 պատգամավորի անձեռնմխելիությունից զրկելու մասին միջնորդություն՝ նրանց դեմ բացված դատական գործերի հիման վրա: Աղբյուրը չի մանրամասնում դատական գործերի շրջանակում քաղաքական գործիչներին առաջադրված մեղադրանքների մասին:

Նշվում է, որ խորհրդարանի սահմանադրական և արդարադատության խառը հանձնաժողովի հաստատումից հետո միջնորդությունը կուղղվի Արդարադատության նախարարություն՝ վերջնական հաստատման համար:

Ութ պատգամավորներից 6-ը Փայլանի կուսակիցներն են, նրանց թվում է նաև կուսակցության համանախագահ Փերվին Բուլդանը:

Հիշեցնենք, որ թուրքական դատարանը Փայլանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկել պահանջել էր նաև այս տարվա մայիսին: Այդ ժամանակ դատարանը Փայլանին մեղադրում էր անցյալ տարվա մարտին Ստամբուլի առանձնակի ծանր հանցագործությունների թիվ 14 դատարանում թուրք լրագրողներ Ջան Դյունդարի և էրդեմ Գյուլի գործով դատավարության ընթացքում դատական գործընթացի գաղտնիությունը խախտելու համար:

Մեկնաբանություններ