Հրապարակվեց: Вт, Окт 30, 2018
...

Կառավարությունը պատրաստվում է տնտեսության կառուցվածքը փոխել, ներկայիս տնտեսական մոդելը երկարաժամկետ կայուն աճի հեռանկարներ չի ստեղծում. վարչապետի խորհրդական

Տարածել
Tags

Տնտեսական աճը դանդաղել է, բայց սա մեր տնտեսության կառուցվածքից է: Օգոստոս, սեպտեմբեր ամիսներին մշտապես որոշակի թույլ ազդակներ են եղել: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 30-ին, «Տնտեսության ակտիվությունը դանդաղում է․քաղաքակա՞ն, թե՞ տնտեսական պատճառներ» թեմայով քննարկմանն ասաց ՀՀ վարչապետի խորհրդական Արտակ Մանուկյանը:

«Սա խոսում է այն մասին, որ տնտեսության մեջ կան որոշակի սպասողական վիճակներ, բացասական միտումներ, բայց սա սպասելի էր: Ինչու, երբ դու ունենում ես 7.5 տոկոս տնտեսական աճ և բյուջեի նախագծում ասում ես՝ մենք 6.5 տոկոս ենք ակնկալում, սա նշանակում է, որ դու ակնկալում ես զարգացման ավելի լավ ֆոն»,- նշեց Ա. Մանուկյանը:

Ըստ նրա՝ տնտեսական ակտիվության իրավիճակի գնահատման հիմքում, ինչպես նախորդ կառավարությունների օրոք, այնպես էլ հիմա, պետք է դրվի մեթոդաբանություն. «Եթե չկա մեթոդաբանություն, մենք կարող ենք 7 տոկոս տնտեսական աճ ունենալ, որակական կողմը չլինի, և կարող ենք ունենալ 2 տոկոս աճ, որը զարգացման տեսլական ունի ու հասարակության համար ավելի ցանկալի կլինի, քան 7 տոկոսանոց աճը»:

Հիշեցնենք, որ 2018 թ-ի վերջին երկու ամսում տնտեսական ակտիվության աճի տեմպերը կտրուկ դանդաղել են: Համաձայն ՀՀ վիճակագրական ծառայության տվյալների՝ դեռ նախորդ ամիս արձանագրված 0.6 տոկոս տնտեսական ակտիվության աճի ցուցանիշը շարունակել է նվազել՝ սեպտեմբերին հասնելով 0.2 տոկոսի: Անկում է արձանագրվել նաև արտահանման ոլորտում, որը, հիմնականում, պայմանավորված է եղել գյուղատնտեսության և արդյունաբերության ոլորտներում գրանցված կրճատումներով:

Նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ՝ արտահանման ծավալները նվազել են 14.8 տոկոսով՝ կազմելով 186 մլն դոլար:

Արտակ Մանուկյանի խոսքով՝ զարգացման վատ հեռանկարներ կան հանքաարդյունաբերության բնագավառում: Կառավարությունը պատրաստվում է տնտեսության կառուցվածքը փոխել, քանի որ ներկայիս տնտեսական մոդելը երկարաժամկետ կայուն աճի հեռանկարներ չի ստեղծում:

«Այս փոփոխությունը ենթադրում է, որ մենք պետք է պատրաստ լինենք զոհել որոշակի ցուցանիշների աճ, բայց փորձենք սա դարձնել որակ: Եթե նայեք կառավարության կողմից տրամադրված մաքսային և ավելացված արժեքի հարկի գծով արտոնություններին և դրանից զտեք հանքաարդյունաբերությունը, կտեսնեք, որ էական, նույնիսկ երկնիշ աճ կա: Սա նշանակում է, որ բիզնեսը պատրաստվում է տեխնիկական վերազինում անել: Հիմա հնարավորություն կա, որ սա կբերի որոշակի որակական փոփոխությունների, մեր կարծիքով՝ այո»,- հայտնեց նա:

Վարչապետի խորհրդականը նշում է, որ կառավարության հիմնական խնդիրն է տնտեսությունն ավելի մրցունակ դարձնելը:

Մեկնաբանություններ