Հրապարակվեց: Ср, Апр 17, 2019
...

Կառավարության կառուցվածքային փոփոխությունների նախագիծը հակաօրինական է և անտեսում է Սահմանադրության պահանջները. Արծվիկ Մինասյան

Տարածել
Tags

Կառավարության կառուցվածքի փոփոխության վերաբերյալ նախագիծը չի համապատասխանում մեր օրենսդրությանը: Tert.am-ի հաղորդմամբ լրագրողների հետ զրույցում հայտարարեց Էկոնոմիկայի նախկին նախարար Արծվիկ Մինասյանը:

Նրա խոսքով՝ նախքան նման նախագիծ ներկայացնելը Կառավարությունը պետք է բնապահպանական, բյուջետային, հակակոռուպցիոն, սոցիալական ուսումնասիրություններ իրականացներ և գնահատեր ռիսկերը՝ պարզելու՝ նման նախագիծն ինչ հետևանքներ կունենա Հայաստանի տնտեսական, սոցիալական կյանքի վրա, որքանով կաճի գործազրկությունը. «Նման ուսումնասիրություն այս փաթեթում չկա, ավելին՝ ասում են, որ չեն կարող գնահատական տալ նախագծի ազդեցությունների մասին: Սա հակաօրինական է: Հայտարարությունները, թե այս նախագիծը կազմելիս ուսումնասիրվել է միջազգային փորձը, չի համապատասխանում իրականությունը: Ծրագիրը կարդալիս տեսնում ես, որ մի տեղում օրինակ է բերվում Իռլանդիան, մյուսում՝ Իսրայելը և այլն, բայց միասնական մոտեցում չկա: Այս կառուցվածքը չի կարող ապահովել գործադիրի աշխատանքը»:

Արծվիկ Մինասյանը համաձայնվում է՝ Կառավարության բացառիկ իրավունքն է ներկայացնելու կառուցվածքի վերաբերյալ իր մոտեցումը, սակայն դա չի նշանակում, որ Կառավարության ներկայացրածը ճիշտ է. «Հիմա մենք ունենք մի վիճակ, որտեղ անտեսվում է Սահմանադրությունը, ազգային տնտեսության զարգացումը: Սրանով՝ հարվածներ են հասցվում Հայաստանի այն ոլորտներին, որտեղ մենք կարող էինք լինել մրցունակ»:

Ա. Մինասյանի խոսքով՝ կառավարության կառուցվածքի փոփոխությունների մասին ՀՅԴ-ի դիտողությունները և առաջարկները չկան կառավարության ներկայացրած ամփոփաթերթում. «Մենք մեր առաջարկները ներկայացրել էինք «Իմ քայլը» դաշինքին, սակայն զրո արձագանք: Ավելին՝ այսօր ԱԺ-ում նշում են, որ անդրադարձել են այս ծրագրի վերաբերյալ բոլոր դիտողություններին, սակայն նման բան չկա»:

Մինասյանը նաև նշեց՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության հետ ակտիվորեն աշխատում են Կառավարության կառուցվածքի վերաբերյալ հարցի շուրջ: Նա նշեց՝ պարբերական քննարկումները ցույց են տվել՝ այս հարցերի վերաբերյալ ունեն նույն մոտեցումները:

Հարցին՝ ամբողջովին համաձայն են «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացրած՝ Կառավարության կառուցվածքի փոփոխության վերաբերյալ տեսլականին, Մինասյանը պատասխանեց՝ մասամբ. «Իրավական հարցերի վերաբերյալ նրանց առաջարկը մեզ համար ընդունելի է: Մշակույթի նախարարության վերաբերյալ ևս կիսում ենք նրանց առաջարկը, պետք է նախարարությունը մնա, բայց բովանդակությունը փոխվի, իսկ Սփյուռքի նախարարության վերաբերյալ, կարծում ենք, պետք է լինի Սփյուռքի և Հայրենադարձության նախարարություն»:

Մեկնաբանություններ