Հրապարակվեց: Чт, Апр 04, 2019
...

Լենա Նազարյանը և Չինաստանի Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի ներկայացուցիչն անդրադարձել են ԼՂ խնդրի կարգավորմանը

Տարածել
Tags

ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԱԺ Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի ղեկավար Լենա Նազարյանը, խմբի անդամները և պատգամավորները ապրիլի 4-ին հանդիպել են պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի Մշտական կոմիտեի նախագահի տեղակալ Շեն Յուեյուեի գլխավորած պատվիրակության հետ:

Ինչպես տեղեկացնում են ԱԺ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ԱԺ Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի ղեկավարն ընդգծել է, որ պավիրակության այցը Հայաստան վկայում է հայ-չինական բարեկամության մասին: Ըստ ԱԺ փոխնախագահի՝ Չինաստանը Հայաստանի կարևորագույն գործընկերներից է, և երկու ժողովուրդների միջև բարեկամությունը սկսվում է պատմական Մետաքսի Մեծ ճանապարհի գոյության ժամանակներից: Լենա Նազարյանը նշել է, որ 1992 թ-ին դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո երկու պետությունների միջև բազմաթիվ բնագավառներում հարաբերությունները զարգացել են և այն հնարավոր է եղել գործով հաստատված փոխադարձ վստահության և բարի կամքի վրա հիմնված երկխոսության շնորհիվ:

ՉԺՀ ԺՆՀԺ Մշտական կոմիտեի նախագահի տեղակալը նշել է, որ առաջին անգամ է այցելում Հայաստան և արդեն նկատել է, որ հայերն ունեն հարուստ պատմական ժառանգություն, շատ հյուրասեր են և տաղանդավոր: Շեն Յուեյուեն ընդգծել է, որ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություների հաստատումից մինչ այսօր հայ-չինական կապերը  դինամիկ զարգանում են: Նշվել է, որ երկու երկրների միջև ավելանում են առևտրաշրջանառության ծավալները, զարգանում է համագործակցությունը մի շարք ոլորտներում: Չինական կողմը պատրաստակամություն է հայտնել համատեղ ջանքեր գործադրել՝ առաջ մղելու և իրականացնելու նոր նախաձեռնություններ ու ծրագրեր:

Խոսելով խորհրդարանների միջև հաստատված լավ հարաբերությունների և երկխոսության մասին՝ Շեն Յուեյուեն անհրաժեշտ է համարել խորացնել համագործակցությունը հանձնաժողովների, բարեկամական խմբերի և կին պատգամավորների միջև կոնկրետ թեմաների շուրջ: Մշտական կոմիտեի նախագահի տեղակալը տեղեկացրել է, որ իրենց խորհրդարանում ևս ձևավորվել է մեր երկրի հետ բարեկամական խումբ, որը բաղկացած է 15 պատգամավորից:

Խոսելով անվտանգության և պաշտպանության հարցերում համագործակցությունից՝ Լենա Նազարյանը կարևորել է կիբերհանցագործության և կադրերի վերապատրաստման գործում փոխգործակցությունը:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցին՝ ԱԺ փոխնախագահն իր երախտագիտությունն է հայտնել Չինաստանին հիմնախնդրի կապակցությամբ հավասարակշիռ դիրքորոշման և հարցի խաղաղ կարգավորմանը աջակցելու համար: Շեն Յուեյուեն նշել է, որ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ Չինաստանի դիրքորոշումը մնացել է նույնը: Նա հույս է հայտնել, որ բանակցող կողմերը կկարողականան պահպանել զսպվածություն և խնդիրը կկարգավորեն քաղաքական երկխոսության ճանապարհով:

Լենա Նազարյանն արժևորել է Չինաստանի կողմից մեր երկրին տրամադրված աջակցությունը, կարևորել Երևանում բացված հայ-չինական բարեկամության դպրոցը:

ԱԺ Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի ղեկավարը շնորհավորել է Չինաստանի ժողովրդին Դեն Սյոփինի հանրահռչակած բարեփոխումների և ազատականացման քաղաքականության մեկնարկի 40-ամյա տարեդարձի և ՉԺՀ կազմավորման 70-ամյակի կապակցությամբ՝ մաղթելով խաղաղություն, բարեկեցություն և երջանկություն:

Հանդիպման ավարտին Շեն Յուեյուեն գրառում է կատարել ՀՀ Ազգային ժողովի պատվավոր հյուրերի մատյանում:

Մեկնաբանություններ