Հրապարակվեց: Пт, Фев 01, 2019
...

«Իրատես». Արտաքին քաղաքականությունն ամբողջովին տապալված է. Հրանտ Մելիք-Շահնազարյան

Տարածել
Tags

«Իրատեսը» զրուցել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի հետ ստեղծված քաղաքական իրավիճակի ու դրանից բխող հետևանքների, ԼՂ խնդրի, Արցախ-Հայաստան հարաբերությունների մասին:

«Ղարաբաղյան բանակցությունների այս «խելահեղ» տեմպի մեջ հանրության համար անհասկանալի է, թե ինչ է, ի վերջո, կատարվում: Դավադրությունների տեսությունը մի կողմ թողնելով՝ ակնհայտ է, որ մեծ անհանգստություն կա և՛ Հայաստանում, և՛ Ղարաբաղում: Սուղ տեղեկատվությունն էլ ավելի է բորբոքում մարդկանց` հոռետեսական տարբեր վարկածների հիմք ստեղծելով: Ամենավտանգավորն այն է, որ այս ամենին ավելանում է նոր նրբերանգ: Ղարաբաղից օրերս ակնարկ հնչեց, որ իրենք տեղյակ չեն, թե ինչ է քննարկվում բանակցություններում, իսկ Հայաստանում էլ որոշ շրջանակներ Ղարաբաղի հանդեպ հստակ վերաբերմունք են ձևավորում:

-Ձեր տպավորությամբ հակամարտության հարցում կա՞ ներքին չհասկացվածություն Ղարաբաղի և Հայաստանի միջև:

-Այո, ցավոք, կա որոշակի լարվածություն: Սոցցանցերում բավականին մեծ է Արցախը հակահեղափոխականների «որջ» կոչելու գայթակղությունը: Այս լույսի ներքո հաճախ քաղաքական բովանդակությամբ խնդիրներ են բարձրացվում, որոնք կարող էին չլինել, եթե իսկապես բաց մոտեցում լիներ և՛ Հայաստանի, և՛ Արցախի իշխանությունների կողմից: Այսօր Արցախում ասում են, որ տպավորություն կա, թե բանակցային ողջ գործընթացից տեղյակ չեն, չնայած հակառակ կարծիքն էլ կա:

Կարծում եմ՝ ամեն դեպքում նման կարծիք հայտնելու հիմքեր նրանք ունեն, որովհետև այն, ինչ այսօր իշխանության ներկայացուցիչներն են բարձրաձայնում, շատ հաճախ իրարամերժ է: Նույն հանդիպման մասին արտգործնախարարը մի բան է ասում, Փաշինյանը` մեկ այլ բան: Մենք տեսանք նաև Ջոն Բոլթոնի հերթական թվիթերյան գրառումը, որ հեռախոսազանգ է ունեցել Ադրբեջանի նախագահի հետ և քննարկել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հնարավորությունները:

Մինչդեռ Փաշինյանն ասում է, թե իր հետ զրույցում ընդհանրապես Արցախի մասին չեն խոսել: Հիմա հարց է առաջանում` ԱՄՆ-ն չի՞ ուզում Հայաստանի հետ Արցախի հարցը քննարկել, միայն Ադրբեջանի հե՞տ է քննարկում, թե՞, այնուամենայնիվ, Փաշինյանը խնդրել է Բոլթոնին այդ հարցը շրջանցել և հրապարակային հայտարարություններ այդ մասին չանել: Սրանք խնդիրներ են, որոնք օրակարգից չեն իջնում: Դավոսյան հանդիպումն էլ, ասում էին, ոչ պաշտոնական է, բայց տևել է մեկուկես ժամ, ու կրկին` ոչ մի խոսք: Սրանք կասկածներ են առաջացնում, ընդ որում, ոչ միայն Արցախի իշխանությունների, այլև Հայաստանի քաղաքացիների շրջանում: Ինձ, որպես մասնագետի, ևս հետաքրքիր է, թե ինչ է տեղի ունենում բանակցություններում, որովհետև հայտարարությունները շատ հակասական են…

-Այս իրավիճակում ինչպիսի՞ հեռանկար եք տեսնում և՛ արտաքին, և՛ ներքին զարգացումներում։

-Անկեղծ ասած, հեռանկարների մասին վախենում եմ անգամ մտածել։ Այսպիսի մարտահրավերների պայմաններում լուրջ սպասելիքներ ունենալ պետք չէ։ Արտաքին քաղաքականությունում, ըստ էության, փչացրել ենք մեր հարաբերությունները Ռուսաստանի և ԵԱՏՄ այլ պետությունների հետ։ Այնպես չէ, որ հիանալի էին, բայց գոնե աշխատանքային էին։ Դարձել ենք անհետաքրքիր ԱՄՆ-ի համար. արդեն մեկ տարի Նիկոլ Փաշինյանը վարչապետ է, հնարավոր չի եղել այդ երկրի ղեկավարի հետ հանդիպում կազմակերպել. փոխվարչապետը գնում է ԱՄՆ, և ոչ մի լուրջ պաշտոնյա նրան չի ընդունում։ Մենք անհասկանալի ենք նաև Եվրոպայի մեր գործընկերների համար, աշխատանքային կապերը, որ վերջին տարիներին շատ ակտիվ զարգանում էին, միանգամից կանգ առան։ Չունենք լուրջ հարաբերություններ նաև Իրանի հետ, ավելին, անփորձ պաշտոնյաները ժամանակ առ ժամանակ այնպիսի հայտարարություններ են անում, որ Իրանի պես երկրում շատ երկար են հիշվելու։ Կարելի է ասել, որ արտաքին քաղաքականությունն ամբողջովին տապալված է և, առաջին հերթին, վարչապետի պատճառով։

Ճիշտ է, Արտգործնախարարությունն էլ բավական շատ թերացումներ ունի, բայց տպավորություն ունեմ, որ արտգործնախարարն ու վարչապետն իրար լավ չեն հասկանում։ Ինչ վերաբերում է ներքին մարտահրավերներին, ի թիվս այլ խնդիրների, հասարակության բևեռացումը բավական լուրջ խնդիր է։ Պետությունը կանգնած է իրական պատերազմի վտանգի առաջ, իսկ կոնսոլիդացնող ոչ մի գործընթաց չկա ո՛չ իշխանության, ո՛չ էլ ընդդիմության կողմից:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ