Հրապարակվեց: Пн, Окт 21, 2019
Без рубрики | Հեղինակ Դիտակետ
...

Իրանի և ԵԱՏՄ-ի միջև կապող օղակի դերը Հայաստանին հավելյալ առավելություններ և հաղթաթուղթ կտա տնտեսական և քաղաքական ասպարեզում. ՌԴ դեսպան

Տարածել
Tags

Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը 24News.am պարբերականին տված հարցազրույցում անդրադարձել է ԵԱՏՄ-ի և Իրանի միջև համագործակցության հեռանկարներին և ընդգծել Հայաստանի դերակատարությունն այդ հարաբերությունների զարգացման գործում:

«Իրանի ներգրավվածությունը Եվրասիական տնտեսական միության գործունեությանը շատ դրական է, քանի որ Իրանը հզոր երկիր է, որը մեծ տնտեսական ներուժ ունի, և նման փոխհամագործակցությունը, ինչպես օրինակ՝ Ազատ առևտրի մասին համաձայնագրի կնքումը, բնականաբար, հեռանկարներ է ստեղծում՝ զարգացնելու երկկողմ հարաբերությունները բոլոր բնագավառներում՝ ոչ միայն առևտրի. չէ՞ որ խոսքը մաքսատուրքերի կա՛մ վերացման, կա՛մ նվազեցման մասին է: Այդ ամենը հնարավորություն է ստեղծում համատեղ դուրս գալու տարբեր շուկաներ և ազդակ է տալիս նաև այլ ոլորտներում համագործակցություն ծավալելու համար»,- ասել է դեսպանը:
Խոսելով Եվրասիական տնտեսական միությունում և Եվրասիական տնտեսական կոլեգիայում Հայաստանի նախագահության մասին՝ դեսպանը շեշտել է, որ իր համար խորհրդանշական է, որ Հայաստանն այստեղ լուրջ հնարավորություններ է տեսնում: «Հաշվի առնելով Իրանի հետ հարևանությունն ու այն դերակատարությունը, որ Հայաստանի համար խաղում են Իրանի հետ հարաբերությունները, այդ թվում և Իրանի նրեգրավվածությունը ԵԱՏՄ գործունեությանը՝ բոլոր առումներով դա դրական գործոն է»,- մեկնաբանել է դեսպանը՝ հավելելով, որ կարևոր նշանակություն ունեն նաև երկկողմ տնտեսական հնարավորությունները, որոնք թույլ կտան նոր շուկաներ դուրս գալ:
Ըստ դիվանագետի՝ Հայաստանը կարող է կապող օղակ դառնալ Իրանի և ԵԱՏՄ-ի միջև, ինչը թույլ կտա Հայաստանին հավելյալ առավելություններ, շահույթներ և հաղթաթուղթ ստանալ ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական ասպարեզում:
Դիվանագետը համաձայնել է նաև այն կարծիքին, որ Եվրասիական տնտեսական միությունը նպաստում է անդամ երկրների ինքնիշխանության ամրապնդմանը, որոնք հավասարազոր ձայներ ունեն միության կազմում, ինչպես նաև օգնում է զարգացնել տնտեսական հարաբերությունները միության անդամ չհանդիսացող երկրների հետ:
«Ներկայիս աշխարհում շատ դժվար է անկախ լինել: Նույնիսկ խոշոր տերությունները, որոնք հզոր տնտեսական, քաղաքական և ռազմական հնարավորություններ ունեն, ինչ-որ բան զոհաբերում են, և դժվար թե կարողանան իրենց ներուժն իրացնել առանց ինտեգրացիոն հարաբերություններ հաստատելու որևէ միության կազմում»,- ընդգծել է ՌԴ դեսպանը:
Անդրադառնալով միասնական էներգետիկ շուկայի, այդ թվում և գազի միասնական շուկայի ստեղծման հավանականությանը՝ դեսպան Կոպիրկինը նշել է, որ դա Եվրասիական տնտեսական միության զարգացման կարևոր ուղենիշներից մեկն է: «Այժմ գործնական քայլեր են ձեռնարկվում այդ նպատակին ուղղված օրենսդրության մշակման համար»,- եզրափակել է դեսպանը:
Մեկնաբանություններ