Հրապարակվեց: Вт, Июн 25, 2019
...

«Իրանը ռմբակոծելու համար ինձ Կոնգրեսի հավանությունն անհրաժեշտ չէ». Թրամփ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանին ռազմական հարված հասցնելու համար Կոնգրեսից թույլտվություն ստանալու կարիք չունի՝ չնայած, որ թե՛ դեմոկրատ, թե՛ հանրապետական օրենսդիրները պնդում են, որ առանց կոնգրեսական համաձայնության գործելը հակասահմանադրական է:

Հայտնի է, որ նախագահն այս մասին ասել է The Hill-ին տված հարցազրույցում: Երբ լրագրողը հետաքրքրվել է՝ արդյոք նախագահն օրինական իրավունք ունի առանց Կոնգրեսի հավանության ռմբակոծել Իրանը, Թրամփը կարճ պատասխանել է. «Այո՛, ունեմ»:

«Սակայն մենք Կոնգրեսին տեղյակ ենք պահում մեր գործողությունների մասին, և կարծում եմ՝ նրանք դա գնահատում են: Թեկուզև ես նրանց տեղյակ եմ պահում, սակայն օրենքի շրջանակում պարտավոր չեմ դա անել: Իրականում մենք շատ մոտ էինք Իրանին հարվածելու որոշմանը, բայց հետո ես որոշեցի չհարվածել, քանի որ դա համարժեք քայլ չէր լինի»,-ասել է Թրամփը:

Նշենք, որ ԱՄՆ նախագահը նկատի է ունեցել Իրանի կողմից ամերիկյան հետախուզական անօդաչու թռչող սարքի կործանումից հետո Սպիտակ տան օվալաձև աշխատասենյակում մի քանի օր առաջ կայացած արտահերթ խորհրդակցությունը, որի շրջանակում որոշում էր կայացվել ի պատասխան այդ գործողության հարվածել Իրանին: Հայտնի է, որ Թրամփը հարվածի իրականացումից կարճ ժամանակ առաջ հրաժարվել էր այդ քայլից՝ պատճառաբանելով, որ անօդաչուի կործանման հետևանքով ԱՄՆ-ն մարդկային կորուստներ չի ունեցել, իսկ եթե իրենք հարվածեն Իրանին, ապա այդ դեպքում մոտ 150 մարդ կզոհվեր: Ըստ Թրամփի՝ դա ոչ համարժեք պատասխան կլիներ Միացյալ Նահանգների կողմից:

Պարբերականը հավելում է, որ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին ևս մեկ անգամ նախազգուշացրել է, որ առանց Կոնգրեսի հավանության Թրամփը չի կարող հարվածել Իրանին: Նույն բանը նախագահի հետ հանդիպման ժամանակ ասել են մի խումբ այլ կոնգրեսականներ:

Մեկնաբանություններ