Հրապարակվեց: Ср, Апр 17, 2019
...

Իրանը Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի զորքերն «ահաբեկչական» ճանաչող օրինագիծ է ընդունել

Իրանի խորհրդարանը հավանություն է տվել օրինագծին, որը Մերձավոր Արևելքում ամերիկյան զորքերն «ահաբեկչական» է որակում և Իրանին թույլ է տալիս համարժեք քայլեր կատարել ամերիկյան ուժերի «ահաբեկչական գործողություններին» ի պատասխան:

Ինչպես նշում է The Guardian-ը, դա արվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն «օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն» ճանաչելու որոշմանն ի պատասխան: Հայտնի է, որ որոշումն ապրիլի 15-ից պաշտոնապես օրենքի ուժ է ստացել:

Oրինագիծն Իրանի խորհրդարան է ներկայացրել պաշտպանության նախարար գեներալ Ամիր Հաթամին, որի համոզմամբ՝ Վաշինգտոնը, տեսնելով, որ հակաիրանական պատժամիջոցները ցանկալի արդյունք չեն տալիս, փորձում է այլ տարբերակով նվազեցնել Իրանի ազդեցությունը:

Խորհրդարանի նիստին ներկա 207 պատգամավորից օրինագծի ընդունմանը կողմ է քվեարկել 204 օրենսդիր:

Հատկանշական է, որ քննարկման ժամանակ որոշ պատգամավորներ պահանջել են ԱՄՆ-ի բոլոր զինված ու անվտանգության ուժերը դասակարգել որպես «ահաբեկչական»:

Մեկնաբանություններ