Հրապարակվեց: Вт, Мар 12, 2019
...

Իսրայելցի զբոսաշրջիկների շրջանում Արցախի նկատմամբ հետաքրքրության աճ կա

Տարածել
Tags

Արցախը խնդիր է դրել 2019 թվականի համար զբոսաշրջության ոլորտում աճը նախորդ տարվա համեմատ ապահովել 20-25 տոկոսի չափով:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության Մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության զբոսաշրջության և պետական միջավայրի պահպանության վարչության զբոսաշրջային ենթակառուցվածքների, ծրագրերի և վերահսկողության բաժնի պետ Սերգեյ Սարգսյանը նշել է, որ 2018 թվականին Արցախ այցելած զբոսաշրջիկների թիվը կազմել է 28 հազար 588, որը 23 տոկոսով ավելի է 2017 թվականի համեմատ:
«Այժմ 2019 թվականին նախատեսում են 2018-ի համեմատ ապահովել 20-25 տոկոսվ աճ: Տարեցտարի Արցախի նկատմամբ զբոսաշրջիկների շրջանում հետաքրքրությունն ավելանում է: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ այցելություններն ակտիվացել են ոչ միայն ավանդական տուրիզմի շուկա հանդիսացող երկրներից, այլև այն պետություններից, որտեղից նախկինում շատ քիչ զբոսաշրջիկներ էին լինում»,-ասել է Սերգեյ Սարգսյանը:
2018 թվականին Արցախ այցելել են 87 երկրից: Հիմնականում՝ Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա, Գերմանիա, Իրան, Չինաստան: Աննախադեպ այցելություն է եղել Իսրայելից: Եթե նախկինում Իսրայելից Արցախ մինչև 10 հոգի էին գալիս, ապա 2018 թվականին այդ այցելությունների թիվը կազմել է 112:
Արցախ եկած զբոսաշրջիկների հետաքրքրությունները շատ տարբեր են: Ոմանք նախընտրում են վայելել բնությունը, գյուղական տուրիզմը, մի մասը պատմամշակութային վայրերը, որոշները գալիս են հենց միջոցառումային տուրիզմի հետքերով կամ նախընտրում են ակտիվ հանգիստը: Ընդհանուր առմամբ, ամենաշատ այցելվող վայրերն են Ստեփանակերտը, Շուշին, Գանձասարը, Դադիվանքը, Ամարասը:
«Ոչ պակաս զբոսաշրջային արդյունք է խոհանոցը: Զբոսաշրջիկները հիացած են արցախյան խոհանոցով: Դե արդեն գիտեք, որ ժենգյալով հացը բրենդ է դարձել, և Արցախ այցելած յուրաքանչյուր զբոսաշրջիկ այն պարտադիր համտեսում է: Դրանից բացի, հետաքրքրություն է նկատվում գյուղական տուրիզմի նկատմամբ, երբ  զբոսաշրջիկները գյուղական վայրերում են, մի քանի օր կանգ են առնում զբոսաշրջային տներում՝ ճաշակելու հենց տեղում պատրաստված ուտեստները, զգալու միջավայրը, տեսնելու այդ կոլորիտը: Նույնիսկ կերակրատեսակների պատվերներ են տալիս»,-ասել է նա՝ ավելացնելով, որ վերջին շրջանում հետաքրքրություն է նկատվում Արցախի կոնյակի ու գինու նկատմամբ: Զբոսաշրջիկները շատ հավանում են արցախյան բերք ու բարիքով պատրաստված ալկոհոլային խմիչքները:
Ոլորտի պատասխանուտները նշում են, որ ընթացիկ տարվա երկու ամիսը նույնպես ակտիվ է եղել, ինչն ակնկալվում է նաև առաջիկայում, մանավանդ, որ այս տարի Արցախում խոշոր միջոցառում է սպասվում: Հունիսին կայանալու է չճանաչված երկրների ֆուտբոլի Եվրոպայի գավաթի խաղարկությունը: Դա ենթադրում է հյուրերի մեծ հոսք, ինչն էլ նպաստում է ենթակառուցվածքների զարգացմանը, հյուրանոցների, հյուրատների ավելացմանը, Արցախի ճանաչելիության բարձրացմանը:
«Ֆուտբոլի դաշտերն են վերակառուցվում, հյուրանոցային տնտեսությունների ֆոնդն է հարստացվում, ծառայությունների որակն է բարձրացվում, ճանապարհներն են վերանորոգվում: Ակնալում ենք, որ այդ օրերին մեր հյուրանոցային ֆոնդն ամբողջությամբ զբաղված կլինի»,-ասել է նա:
Ընթացիկ տարում Արցախում մի շարք այլ միջոցառումներ են նախատեսված, որոնց շրջանակում ակնկալվում է զբոսաշրջիկների հոսք: Արցախում կանցկացվի Ժենգյալով հացի փառատոնը, որի նպատակն է ներկայացնել խոհանոցի յուրահատկությունները, նպաստել համայնքային կյանքի աշխուժացմանն ու համայնքների զարգացմանը, ապահովել զբոսաշրջիկների մեծ հոսք դեպի Արցախ:
Ներկայացնել հանրությանը ոչ միայն խոհանոցը, այլև Արցախի ազգային երգը, պարն ու արվեստը:
Սեպտեմբերին Արցախում կանցկացվի «Արցախյան գինու» ամենամյա փառատոնը, որտեղ ներկայացվում են Արցախյան գինեգործների արտադրանքը: Փառատոնի բաղադրիչ մաս կազմող մշակութային ծրագիրն իր մեջ ներառում է երաժշտական համերգ, ազգագրական պարեր ու խաղեր, ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառք, խաղարկություն և աճուրդ:
Անկախության օրը (սեպտեմբերի 2) համարվում է առավել հանդիսավոր տոներից մեկը: Տոնական միջոցառումներ են անցկացվում երկրի ողջ տարածքում: Ամեն տարի սեպտեմբերի 2-ին Վերածննդի հրապարակում տեղի են ունենում գալա-համերգներ, որին մասնակցում են տեղական երգիչներ և հյուրեր Հայաստանից և արտերկրից: Տոնը ավարտվում է հրավառությամբ:
Հոկտեմբեր ամսվա երկրորդ կիրակի օրը նշվում է որպես Գյուղատնտեսության օր: Ամեն տարի Բերքի փառատոն է կազմակերպվում նույն օրը Ստեփանակերտում Վերածննդի հրապարակում: Ավելի քան 200 վաճառողներ, Արցախի բոլոր շրջաններից, ներկայացնում են իրենց արտադրանքը տոնավաճառ այցելող հազարավոր հաճախորդներին:
Փառատոնների և նման այլ միջոցառումների մասին իրազեկության մակարդակի բարձրացման նպատակով իրականացվում է մարքեթինգային աշխատանք, որի շրջանակում աշխատանք է տարվում թե մեդիայի, թե զբոսաշրջային ընկերությունների հետ: Հիմնականում զբոսաշրջային ընկերությունները տարվա սկզբին արդեն տեղեկացված են լինում Արցախում տեղի ունեցող խոշոր միջոցառումների մասին:
Մեկնաբանություններ