Հրապարակվեց: Вс, Сен 27, 2015
...

Իսպանիայում հասունանում է միջէթնիկական խորը ճգնաժամ

Կատալոնիայում, ինչպես նշում են դիտորդները, մադրիդյան իշխանությունների դեմ մերժողական տրամադրությունները սաստկանում են: Որոշ կատալոնցիներ հակված են կարծելու կամ նույնիսկ համոզված են, որ իսպանացիները իրենց ատում են: Բոլոր կանխանշանները կան այն բանի, որ անկախության գաղափարը երկրամասում ավելի ու ավելի է համակում Իսպանիայի ամենահզոր շրջանի բնակչությանը: Կենտրոնական կառավարությունում սկսել են ավելի հաճախակի խոսել Կատալոնիսյի նկատմամբ նախկինում թույլ տված սխալների մասին: Որպես ցայտուն օրինակ կարելի է հիշատակել Իսպանիայի կրթության նախկին նախարար Խոսե Իգնասիոյի խոստովանություն առ այն, որ իր նախարարության նպատակը կատալոնյան աշակերտներին «ավելի իսպանացի» դարձնելն է եղել: Մադրիդի նման քաղաքականությունը զգայուն կատալոնցիները ընկալել են որպես ոտնձգություն իրենց ինքնության հանդեպ:  «Իսպանացիները մեզ չեն սիրում» արտահայտությունը ավելի ու ավելի լայն տարածում է գտնում երիտասարդության շրջանում, որը նաև տեղյակ է այն մասին, որ հայրենի երկրամասը պետական բյուջե ավելի շատ վճարումներ է մուծում, քան այնտեղից ստանում է: Կենտրոնախույս տարմադրությունների հիմնական թիրախը մադրիդյան կենտրոնական իշխանություններն ու չինովնիկներն են, որոնք մեծամասամբ պահպանողական Ժողովրդական կուսակցության անդամներ են:

Որն է ելքը: Կատալոնցիների մի զգալի մասը գտնում է, որ հարցի արմատական լուծումը Կատալոնյայի անկախությունն է: Տեղական իշխանություններում քիչ չեն նույն մտքին հակված  պաշտոնյաները, որոնք ձեռքը դրած անջատողական տրամադրությունների զարկերակին պատրաստվում են վճռական քայլերի: Նրանք տեղական ընտրությունները աշխատում են դարձնել այդ տրամադրությունների ստուգատես և գրեթե  համոզված են, որ հեռու չէ անջատման համար հանրաքվեի օրը, քանի որ ըստ հարցումների երկրամասի բնակչության մեծ մասը կողմ է անկախությանը:  Ձևավորված է «Բոլորս միասին`»Այո»» շարժումը, որը վստահ է, որ Մադրիդը վաղ թե ուշ բանակցությունների կնստի կատալոնցիների հետ հարցին քաղաքական լուծում տալու համար: Այն անկախության հարցում միավորվել է «Կատալոնիայի ձախ հանրապետականներ» կուսակցության հետ, որը միավորում է անկախության անզիջում կողմնակիցներին: Կատալոնիայի կառավարության ղեկավար Արթուր Մասը գտնում է, որ հարցն ունի քաղաքական լուծում և որ Մադրիդը անխուսափելիորեն համաձայնվելու է Կատալոնիայի անկախության գաղափարի հետ: Մինչդեռ Մադրիդը ակնհայտորեն չի պատրաստվում հեշտ ու հանգիստ «ազատ արձակել» Կատալոնիային: Առաջադրվում են սահմանադրական ու իրավական ամենատարբեր բնույթի արգելքներ: Իշխանությունները հայտարաում են, որ անհրաժեշտության դեպքում նրանք իրավական ու սահմանադրական գործիքները գործի կդնեն ամենակոշտ ձևով:

Ինչ է սա նշանակում: Ինքնորոշման, մարդու իրավունքների  և ժողովրդավարության մայցամքում բախումներ կբորբոքվեն ազգային ինքնության ու ինքնորոշման գաղափարը ուժովն ճնշելու համար, թե այնուամենայնիվ այդ արժեքներին հավատարմությունը կապահովի հիմնախնդրի երկուստեք ընդունելի լուծում գտնելուն: Ապագան ցույց կտա;

Բոլոր դեպքերում ակնհայտ է, որ Իսպանիայում հասունանում է խորը քաղաքական ու միջէթնիկական ճգնաժամ:

«ԴԻՏԱԿՏի»» վերլուծական բաժին

Մեկնաբանություններ

Մեկնաբանություններ