Հրապարակվեց: Пн, Май 06, 2019
...

«Ինքնաթիռին իսկապես կայծակ է հարվածել». «Շերեմետևո»-ում հրդեհված SSJ-100-ի օդաչուն պատմել է 41 մարդու կյանք խլած ավիավթարի մասին

Տարածել
Tags

Մոսկովյան «Շերեմետևո» օդանավակայանում կոշտ վայրէջքից հետո հրդեհված SSJ-100 ինքնաթիռի օդաչու Դենիս Եվդոկիմովը պատմել է 41 մարդու մահվան պատճառ դարձած ողբերգական վթարի մանրամասները:

Ինչպես նշում է korrespondent.net-ը, օդաչուի խոսքով՝ ինքնաթիռին իսկապես կայծակ է հարվածել:

«Վառ լուսարձակում, ճայթյուն: Դրա հետևանքով ինքնաթիռը կորցրել է ռադիոկապն ու անցում կատարել ուղիղ կառավարման ռեժիմին: Վայրէջքի ժամանակ արագությունը մեծ չէր, սովորական էր»,-պատմել է Եվդոկիմովը:

Օդաչուն հավելել է, որ հրդեհը սկսվել է վայրէջքից հետո:

Ավիաաղետի պաշտոնական պատճառը դեռևս չի հայտարարվել: Այժմ շրջանառվում է մի քանի վարկած, համաձայն որոնց՝ հրդեհը բռնկվել է, երբ օդանավը վայրէջքի ժամանակ քթով հարվածել է թռիչքուղուն, կամ որ վայրէջքից հետո ինքնաթիռը վնասվել է, շարժիչները բռնկվել են: Մինչդեռ «Շերեմետևո»-ի մամուլի ծառայությունից հայտնել են, որ հրդեհը բռնկվել է կոշտ վայրէջքից հետո: Մեկ այլ աղբյուրի փոխանցմամբ էլ՝ հրդեհը սկսվել է կայծակի հարվածի պատճառով:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր tert.am-ը, ՌԴ Մուրմանսկի մարզում եռօրյա սուգ է հայտարարվել «Շերեմետևո» օդանավակայանում SSJ-100 ուղևորատար ինքնաթիռի հրդեհման պատճառով:

Մոսկվա-Մուրմանսկ չվերթն իրականացնող SSJ-100 ուղևորատար ինքնաթիռը բռնկվել է «Շերեմետևո» օդանավակայանում վթարային վայրէջք կատարելիս:

Նշվում է, որ ինքնաթիռն օդ է բարձրացել «Շերեմետևո» օդանավակայանից տեղի ժամանակով 18:00-ին: Քսանութ րոպե անց այն վթարային վայրէջքի իրավունք է խնդրել և կարողացել է վայրէջք կատարել միայն երկրորդ փորձից հետո: Կոշտ վայրէջքի հետևանքով ինքնաթիռը վնասվել է, շարժիչներն այրվել են: Այնուհետև կրակը տարածվել է ինքնաթիռի պոչի հատվածում:

Աղբյուրի փոխանցմամբ՝ օդանավն ամբողջությամբ այրվել է, մարդիկ սկսել են դուրս ցատկել: Օդանավում եղել է 78 մարդ, որոնցից 41-ը զոհվել են:

«Աէրոֆլոտ»-ի կայքում հրապարակվել է փրկվածների նախնական ցուցակը:

Մեկնաբանություններ