Հրապարակվեց: Чт, Окт 25, 2018
...

Ինչպես կարելի է խոսել Առաջին համաշխարհային պատերազմի մասին՝ առանց խոսելու ցեղասպանության մասին. Արմեն Սարգսյան

Տարածել
Tags

Շվեյցարիայի հանրային հեռուստառադիոընկերությունը (RTS) հատվածներ է հրապարակել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ հարցազրույցից:

Նոյեմբերի 11-ի արարողություններին ընդառաջ, երբ բազմաթիվ երկրներում կնշվի Առաջին աշխարհամարտի ավարտի 100-ամյակը, Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հույս է հայտնել, որ այդ իրադարձությունն առիթ կհանդիսանա «ճանաչելու» կամ «հիշելու 1915-1916-ին հայերի կրած ցեղասպանությունը»:

«Ես չգիտեմ, թե ինչպես կարելի է խոսել Առաջին համաշխարհային պատերազմի մասին՝ առանց անդրադառնալու այն ողբերգությանը, որ տեղի է ունեցել շուրջ 105 տարի առաջ և առանց խոսելու ցեղասպանության մասին: Երկրների ղեկավարների կողմից ճանաչումը կամ կոչը բարձր կգնահատվի իմ կողմից, Հայաստանի և ամբողջ հայ ժողովրդի կողմից»,- RTS-ին ասել է Արմեն Սարգսյանը:

«Հայոց ցեղասպանության ճանաչումը պարզապես մի ողբերգության ճանաչում չէ, որը վերաբերում է մեկ ժողովրդի: Նախ և առաջ դա 20-րդ առաջին, ամենամեծ ցեղասպանությունն է: Քանի որ այն չկանխվեց, ճանաչում ու դատապարտում չունեցավ, հետագայում ևս 20-րդ դարում ցեղասպանությունները կրկնվեցին»,-շարունակել է նախագահը:

Ուղերձ Էրդողանին. «Ներումը գալիս է ճանաչումից հետո»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին իր ուղերձի վերաբերյալ հարցին ի պատասխան՝ Արմեն Սարգսյանն ասել է, թե պատրաստ է երկխոսության և հղում է արել իր քրիստոնեական համոզմունքներին: Նա չի բացառել, որ մի օր ներում կլինի, սակայն «ներումը գալիս է ճանաչումից հետո»: Նրա համոզմամբ՝ այդ ճանաչումը պատմական ավելի լայն ընդգրկում կունենա, քանի որ հայոց ցեղասպանությունը «20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր»:

«Ես նախ և առաջ կասեի Էրդողանին. «Բարի լույս, պարոն նախագահ: Կարծում եմ՝ մենք միասին քննարկելու հարց ունենք: Դու Թուրքիայի նախագահն ես, իսկ ես՝ Հայաստանի: Իմ ընտանիքը, իմ նախնիները Էրզրումից, Վանից ու Բիթլիսից են: Իմ հին ընտանիքը պատմություն ունի: Ինչո՞ւ չխոսենք Թուրքիայի ու Հայաստանի միջև հարաբերությունների մասին, ինչո՞ւ չխոսենք մեր անձնական պատմությունների մասին: Մենք պետք է խոսենք ոչ միայն պատմության, այլև ապագայի մասին՝ քո ու իմ երեխաների, թոռների ապագայի, մեր երկու ժողովուրդների մասին»: Ես քրիստոնյա եմ: Քրիստոնեությունը սովորեցնում է, որ միշտ կա ներելու հնարավորություն, սակայն ներողամտությունը կարող է միայն հաջորդել ճանաչմանը»,-ասել է նախագահ Սարգսյանը:

«Մեկ տարի հետո Փարիզում մեծ համերգ՝ նվիրված Ազնավուրին»

Հայաստանի նախագահը հայտնել է, որ պայմանավորվել է Էմանուել Մակրոնի հետ կազմակերպել բարեգործական մեծ համերգ Շառլ Ազնավուրի հիշատակին, «ըստ ամենայնի, 2019-ի հոկտեմբերին»: «Բազմաթիվ երգիչներ և դերասաններ կլինեն», ասում է նա՝ հիշելով, որ Էմանուել և Բրիջիտ Մակրոնների հետ Երևանում Ազնավուր են երգել:

«Ես և Էմանուել Մակրոնը մեր տիկինների հետ այցելեցինք Շառլ Ազնավուրի թանգարան և կեցավայր: Ես առաջարկեցի նախագահ Էմանուել Մակրոնին մեկ տարում կազմակերպել մեծ բարեգործական համերգ Փարիզում՝ ի հիշատակ Շառլ Ազնավուրի:  Հուսով եմ, որ այդ համերգը կլինի 2019 թվականի հոկտեմբերին: Այն պետք է լինի բարեգործական համերգ, որին կհրավիրվեն աշխարհահռչակ դերասաններ, երգիչներ: Ես խոսել եմ իմ մի խումբ ընկերների հետ, ովքեր ասել են, որ իրենց համար մեծ պատիվ կլինի իրենց արվեստը ներկայացնել այդ համերգին»:

Հայաստանի նախագահը RTS-ին տված հարցազրույցում խոսել է նաև Հայաստանի ճկունության մասին: «Մեր երկիրը երիտասարդ է, նա գտնվում է Արևելքի և Արևմուտքի միջև», -ասել է նա:

Մեկնաբանություններ