Հրապարակվեց: Пт, Май 10, 2019
...

Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած 100 փաստերի թվում արտաքին քաղաքականությանը վերաբերող կետեր չկային. մեկնաբանում է Վիգեն Հակոբյանը

Տարածել
Tags

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնավարման 1 տարին ամփոփող 100 փաստերի մեջ չներկայացրեց արտաքին քաղաքականությանը վերաբերող կետեր, որովհետև այս ոլորտում Հայաստանը ձեռքբերումներ չունի: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:

«Իսկապես, արտաքին բնագավառում այս մեկ տարվա ընթացքում ձեռքբերումներ չեն եղել: Կասկած չունեք չէ՞, որ ձեռքբերումների պարագայում դրանք անպայման կլինեին 100 փաստերի շարքում՝ հաշվի առնելով այն, թե ինչ մանր-մունր փաստեր կային այդ 100-ի մեջ: Եթե վերլուծենք բոլոր հիմնական արտաքին ուղղությունները, կտեսնենք, որ տեղաշարժ չկա»,- ասաց նա:

Քաղտեխնոլոգը նշեց, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը, հատկապես անցած մեր տարվա առաջին հատվածում, ոչ թե մերձեցումն էր կամ շահերի համադրումը, այլ հավասարաչափ հեռացումը բոլորից:

 «Ռուսերեն դիպուկ բառ կա՝ равноудаленный, մենք հավասարաչափ հեռացնում էինք ուժային կառույցներին մեզնից: Հետո իշխանություններն ընտելացան, կարծես հասկացան, որ արտաքին քաղաքականության ասպարեզում դժվար է ինքնահաստատվել ու փոխեցին տակտիկան: Անփորձությունից էր, թե ինքնահաստատվելու ձգտումից, առաջին ամիսներին մենք ունեցանք равноудалённость բոլոր ազդեցիկ, ուժային կենտրոններից»,- մանրամասնեց Վիգեն Հակոբյանը:

Նա նշեց, որ հիմա էլ ՀՀ արտաքին քաղաքականությունը բալանսավորված չէ, «մեծ ճիգեր են ներդրվում, որ ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ հարաբերությունները լավացվեն»:

«Կա դիսբալանս: Նույն ԱՄՆ-ի հետ հարաբերություններում: Երեկվա ասուլիսն էլ դա ապացուցեց, երբ հարց հնչեց ԱՄՆ-ի հետ հարաբերությունների մասին, հուսադրող պատասխան չհնչեց: Դիսբալանսը զգացվում է: ԵՄ-ի հետ մեր հարաբերություններն էլ գործնական կամ արդյունավետ փուլում չեն: Բավական լուրջ ռեսուրս ենք կորցնում, երբ շատ ակտիվ չենք համագործակցում Չինաստանի հետ: Կորցրածը վերականգնելու համար, իհարկե, քայլեր արվում են, բայց դրանք չկան 100 փաստերի մեջ»,- հավելեց Վ. Հակոբյանը:

Քաղտեխնոլոգն ասաց, որ եթե ինքը լիներ վարչապետի թիմի անդամ, չէր գնա ծավալը ցույց տալու փորձի ճանապարհով. «Թող փաստերը քիչ լինեին, բայց ավելի կարևոր, ավելի դիպուկ, խնդիրներին համահունչ»:

Մեկնաբանություններ