Հրապարակվեց: Пт, Ноя 30, 2018
...

«Իմ նպատակը երկիրը Եվրամիություն ու ՆԱՏՕ «հասցնելն» է». Վրաստանի նորընտիր նախագահ

Տարածել
Tags

Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մտադիր է Վրաստանի ամենաակտիվ նախագահը դառնալ եվրատլանտյան ինտեգրման հարցում: Այդ մասին նա ասել է BBC-ի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում:

«Այդ վեց տարիները շատ կարևոր կլինեն Վրաստանի համար, որը շարժվում է դեպի Եվրոպա, Եվրամիություն, ՆԱՏՕ: Այդ ընթացքում մենք պետք է որքան հնարավոր է մոտենանք դրան, կամ ինտեգրվենք ամբողջությամբ: Եվ ես այդ հարցում կլինեմ ամենաակտիվ նախագահը»,- ասել է Զուրաբիշվիլին՝ ընդգծելով, որ իր նպատակը երկիրը Եվրամիություն ու ՆԱՏՕ «հասցնելն» է:

Երկրի առաջին կին նախագահը նաև նպատակ ունի Վրաստանն առավել նկատելի դարձնել միջազգային ասպարեզում:

«Մարդիկ տեսել են Վրաստանը քարտեզի վրա, սակայն իրականում չգիտեն մեզ»,- ասել է նա:

«Ես մեծացել եմ Եվրոպայում, ֆրանսիացի դիվանագետ եմ եղել ավելի քան 30 տարի: Ես գիտեմ՝ ինչ է եվրոպական հասարակությունը, ինչպես շարժվել դրան մոտ, ինչպես միավորել ժողովրդին»,- ասել է Վրաստանի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթած Զուրաբիշվիլին:

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության աջակցությունը վայելող Զուրաբիշվիլին կիրակի անցկացված նախագահական ընտրությունների երկրորդ փուլում ստացել է 59,52% ձայն:
Նրա մրցակիցը՝ ընդդիմադիր Գրիգոլ Վաշաձեն, ստացել է 40,48% ձայն:

Մեկնաբանություններ