Հրապարակվեց: Вт, Янв 30, 2018
...

ԻՊ-ի հետևորդները թափանցել են նաև Հայաստան. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Պարզվում է` «Իսլամական պետության» հետևորդները հասցրել են այս ընթացքում թափանցել նաև Հայաստան: Բարեբախտաբար, նրանք չեն հասցրել այստեղ լայնածավալ ահաբեկչական գործողություններ իրականացնել. արագ բացահայտվել է Արման Ջանջուղազյանը, որ հիմա մեղադրվում է Գյումրիում ռուս զինծառայողի սպանության մեջ:

«Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում ԱԱԾ քննչական վարչության պետ Միքայել Համբարձումյանը, անդրադառնալով այս թեմային, ասել է. «Պարզված տվյալները վկայում են, որ Արման Ջանջուղազյանը, մշտապես բնակվելով Հունաստանում, դեռևս 2014 թվականին հավատափոխ էր եղել և ընդունել մահմեդականություն, որից հետո սկսել էր համացանցի միջոցով ծանոթանալ և հավանություն տալ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ծավալած գործունեությանը:

Արման Ջանջուղազյանը սպանությունն իրականացրել է իր նախաձեռնությամբ, սակայն համացանցով հավանություն է ստացել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամների անունից հանդես եկող անձանցից»:

Ըստ Մ. Համբարձումյանի` այս ամենը բացահայտվելուց հետո Ջանջուղազյանը խոստովանական ցուցմունքներ է տվել: Փաստորեն, որքան էլ Հայաստանն անվտանգ երկիր է համարվում, այնուամենայնիվ, ապահովագրված չէ տարատեսակ անցանկալի դրսևորումներից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ