Հրապարակվեց: Вс, Июл 21, 2019
...

Թրամփին ոչ այնքան վստահելի տեղեկություն են տրամադրել, և արդյունքում թերագնահատվել է Մերձավոր Արևելքում Թեհրանի պոտենցիալը․ Կարեն Վերանյան

Տարածել
Tags

Լուսանկարը Sputnik.am-ի

Tert.am-ը տարածաշրջանային հարցերով փորձագետ Կարեն Վերանյանի հետ զրուցել է Պարսից ծոցի շուրջ տեղի ունեցող վերջին զարգացումների վերաբերյալ:

-Պարոն Վերանյան, ԱՄՆ  ԶՈՒ Կենտրոնական հրամանատարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ Միացյալ Նահանգները «Պահապան» անվանումով ռազմական գործողություն է մշակում, որը միտված է լինելու Մերձավոր Արևելքում ծովային ուղիներն անվտանգ դարձնելուն:  Սա նոր իրադրությու՞ն է ստեղծելու Պարսից ծոցում:

-Այդ քայլով Վաշինգտոնն ավելացնում է Իրանի նկատմամբ իր ճնշումների ռազմական բաղադրիչը: Ենթադրում եմ, որ վերջին շրջանում Թրամփին ոչ այնքան վստահելի տեղեկություն են տրամադրել Մերձավոր Արևելքում Թեհրանի քաղաքական, ռազմական ու տնտեսական ռեսուրսների ու պոտենցիալի վերաբերյալ: Արդյունքում, կարծում եմ, որ Թրամփի վարչակազմում թերագնահատել են Իրանի կարողությունները` վստահ լինելով, որ տնտեսական պատժամիջոցների գործադրման ճանապարհով կհարկադրեն Իրանին գնալ զիջումների, ինչը չի կարելի ասել Իրանի վերաբերյալ:

Կարծում եմ, որ մեր հարևան երկրում հստակ են գիտակցում թե՛ իրենց, թե՛ հակառակորդների հնարավորությունները: Մերձավոր Արևելքում և Պարսից ծոցում վերջին ամիսների իրադարձությունները ցույց են տալիս Իրանի հաստատակամությունը` դիմագրավելու տարածաշրջանային ու միջազգային մարտահրավերներին: Այդ հանգամանքը դրդում է ամերիկյան կողմին ուժեղացնելու ճնշումների ռազմական բաղադրիչը:

  — Հայտնի է, որ Իրանը մշտապես իր գերիշխող դիրքն է շեշտադրում Պարսից ծոցում և փորձում է ինքն այստեղ իրավիճակ թելադրողի դերում լինել: Ի՞նչ սպասել Իրանից՝ որպես պատասխան ԱՄՆ-ին:

-Նույնը կարելի է ասել Պարսից ծոցում ստեղծված իրավիճակի դեպքում․ Վաշինգտոնում կա՛մ մտածել են, որ Թեհրանը, ամեն դեպքում, չի դիմի ռիսկի և չի գնա Պարսից ծոցում իր ռազմական վերահսկողությունը հաստատելու ճանապարհով, կա՛մ հաշվարկել են, որ եթե նույնիսկ այդ սցենարը զարգանա, ապա հնարավոր կլինի Իրանին կարճ ժամանակահատվածում զսպել` առանց ռազմական բաղադրիչի կիրառման: Խնդիրը շատ հստակ է՝ Թրամփը ձգտում է նվազեցնել կամ առհասարակ վերացնել Պարսից ծոցում տարանցիկության նկատմամբ Թեհրանի վերահսկողությունը: Այլապես, Արևմուտքը կարող է կանգնել էներգակիրների մատակարարման սահմանափակումների առջև: Դա կհանգեցնի նաև նավթի համաշխարհային գների բարձրացմանը և այլն: Միգուցե սխալվում եմ, բայց Թրամփի վարչակազմում չեն սպառվել առավել կառուցողական սցենարները` Իրանին բերել բանակցությունների դաշտ: Գտնում եմ, որ Թրամփի վարչակազմում կլինի այն ողջամտությունը և գիտակցումը, որ Թեհրանին ուղիղ ռազմական գործողությունների նախաձեռնումը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ առհասարակ միջազգային անվտանգության կայունության վրա: Ինչպես նշեցի, Թեհրանում բավական հաստատակամ են տրամադրված Պարսից ծոցում ստեղծված իրադրությունում, հակառակորդի հետ դիմակայությունում: Տպավորություն է, որ իրանական կողմը չի պատրաստվում նահանջել: Հավանաբար, հարևան երկրում կան դրա իրատեսական հիմնավորումները: Իրանն այն երկիրը չէ, որ թերագնահատի սեփական կամ առավել ևս՝ հակառակորդի պոտենցիալը: Իրանի ղեկավարությունն այդ դիմակայությունում հաշվարկում է նաև Միացյալ Նահանգներում սպասվող նախագահական ընտրությունների գործոնը, որը թերևս, որոշակի զսպող հանգամանք լինի անձամբ Թրամփի համար` չդիմելու ռազմական ուղիղ գործողությունների: Անշուշտ, հաշվարկվում են տարբեր գործոններ ու սցենարներ: Իրանը կարող է դա իրեն թույլ տալ:

-ԱՄՆ նախագահը սպառնացել է, որ Իրանը կվճարի ինչպես ոչ ոք, եթե «որևէ հիմարություն» թույլ տա Միացյալ Նահանգների նկատմամբ՝ չնայած, որ ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել էր, որ ԱՄՆ-ն պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Իրանի հետ առանց նախապայմանների: Ժամանակ առ ժամանակ հռետորաբանության տարբերությունն ինչի՞ է վերածվելու ռեալպոլիտիկում:

-Հռետորաբանությունն ինքնին տեղավորվում է ռեալպոլիտիկի ողջ տրամաբանությունում` հռետորաբանության շեշտադրումներով ու փոփոխություններով հանդերձ:  Դա հիշեցնում է «մտրակի ու բլիթի» հայտնի մոտեցումը: Այսօր Միացյալ Նահանգները կիրառում է պատերազմի վարման պրոքսի-հիբրիդային գործողությունների ողջ սպեկտրը` գործի դնելով գործիքակազմը զուգահեռաբար կամ հաջորդաբար: Այդ հարցում կարևորագույն տեղ են զբաղեցնում տեղեկատվական-հոգեբանական ներազդման գործողությունները՝ որպես օրինակ բերեմ թվիթերյան վերջին պատերազմները Իրանի ու ԱՄՆ ղեկավարների միջև: Հռետորաբանության շեշտադրումների փոփոխությունները հնարավորություն են տալիս զգալու հակառակ կողմում առկա տրամադրությունները, տարբեր իրավիճակներին արձագանքման օպերատիվության կարողությունները… շարքը կարելի է շարունակել: Դեռ վերջերս Իրանի օդային տարածքում ամերիկյան ԱԹՍ-ի խոցման միջադեպից հետո կրկին խոսվում էր Թեհրանի նկատմամբ ուղիղ ռազմական գործողությունների մեկնարկի անխուսափելիության մասին: Ինչպես տեսնում ենք, ունենք լարվածության աճ, սակայն Թրամփը խուսափում է այդ սցենարից: Միգուցե սխալվեմ իմ գնահատականներում, բայց այսօր էլ քիչ հավանական եմ համարում Իրանին ԱՄՆ ռազմական ուղիղ հարվածներ հասցնելու սցենարը:

Մեկնաբանություններ