Հրապարակվեց: Пн, Ноя 26, 2018
...

Թրամփը սպառնացել է ներգաղթյալների պատճառով մեկընդմիշտ փակել Մեքսիկայի հետ սահմանը

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան էջում անդրադարձել է ամերիկա-մեքսիկական սահմանին ապօրինի ներգաղթյալների ու ամերիկացի սահմանապահների միջև լարված իրավիճակին՝ հայտարարելով, որ «ներգաղթյալներից որևէ մեկն ԱՄՆ մուտք չի գործելու»:

«Մեքսիկան պետք է սահմանից հեռացնի ու իրենց երկրներ ուղարկի Միացյալ Նահանգների պետական դրոշը ծածանող ներգաղթյալներին, որոնցից շատերը սառնասիրտ հանցագործներ են: Արեք դա օդանավով, ավտոբուսով կամ ինչով որ ցանկանում եք, բայց այդ մարդիկ ԱՄՆ չեն մտնելու»,-գրել է նախագահը:

Բացի այդ, նա սպառնացել է միգրացիոն սպառնալիքի պատճառով մեկընդմիշտ փակել Մեքսիկայի հետ սահմանը:

«Եթե կարիք լինի, մեկընդմիշտ կփակենք Մեքսիկայի հետ սահմանը: Կոնգրե՛ս, ֆինանսավորի՛ր պատի կառուցումը»,-գրել է Թրամփը՝ նկատի ունենալով Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու վերաբերյալ իր վիճահարույց ծրագիրը, որը չի հաստատվել Կոնգրեսի կողմից:

Հիշեցնենք,  որ մոտ 500 ներգաղթյալ, այդ թվում՝ կանայք ու երեխաներ, փորձել են ապօրինաբար հատել ԱՄՆ սահմանը: Դրան ի պատասխան ամերիկյան կողմն արցունքաբեր գազ ու ռետինե փամփուշտներ է կիրառել:

Միջադեպը տեղի է ունեցել ԱՄՆ-ին սահմանակից մեքսիկական Տիխուանայում (Սան Յիսիդրո անցակետ), որի քաղաքապետն ավելի վաղ մարդասիրական ճգնաժամ էր հայտարարել՝ բողոքելով, որ իշխանությունները չեն կարողանում լուծել քաղաք ժամանած մոտ 5.000 ներգաղթյալներին ապաստան տրամադրելու հարցը:
Հայտնի է, որ ամերիկա-մեքսիկական սահմանին 7.415 ներգաղթյալ է կուտակվել, որոնց մեծ մասը եկել է Հոնդուրասից:

Հոկտեմբերից սկսած Հարավային Ամերիկայի մի շարք պետություններից՝ Հոնդուրասից, Սալվադորից ու Գվատեմալայից, հազարավոր ներգաղթյալների «քարավաններ» սկսել են շարժվել դեպի Միացյալ Նահանգների սահման: Նրանց ճանապարհն անցնում է ԱՄՆ-ին սահմանակից Մեքսիկայով, որի իշխանություններն անտեսել են Թրամփի՝ ներգաղթյալների ընթացքը խոչընդոտելու պահանջը:

Մեկնաբանություններ