Հրապարակվեց: Чт, Мар 07, 2019
...

Թրամփը սպառնացել է հրաժարվել դեմոկրատներին աջակցող հեռուստաալիքների կազմակերպած բանավեճերին մասնակցելուց

Տարածել
Tags

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է հրաժարվել 2020թ. նախագահական ընտրություններին ընդառաջ դեմոկրատներին աջակցող հեռուստաալիքների կազմակերպած բանավեճերին մասնացելուց՝ հակառակորդների համանման քայլին ի պատասխան:

«Դեմոկրատները հենց նոր հրաժարվել են Fox News-ի կողմից անցկացվելիք (ներկուսակցական) բանավեճերին մասնակցելուց: Շատ լավ, այդ դեպքում, կարծում եմ, ես էլ համընդհանուր ընտրությունների վերաբերյալ բանավեճերի հարցում նման կերպ կվարվեմ կեղծ լուրեր տարածող հեռուստաալիքների ցանցերի ու արմատական ձախակողմյան դեմոկրատների հետ»,- գրել է Միացյալ Նահանգների ղեկավարը թվիթերյան իր էջում:

Նախօրեին Դեմոկրատական կուսակցության ազգային կոմիտեի ղեկավար Թոմ Փերեսը հայտարարել էր, որ իր կուսակիցները չեն մասնակցի 2020թ.-ին կայանալիք նախագահական ընտրություններում առաջադրված իրենց թեկնածուների վերաբերյալ հեռուստատեսային բանավեճերին Fox News հեռուստաալիքի եթերում: Նրա խոսքով՝ պատճառը տվյալ հեռուստաալիքի «ոչ պատշաճ» փոխհարաբերություններն են Վաշինգտոնի վարչակազմի հետ:

Ավելի վաղ Փերեսը հայտարարել էր, որ հեռուստատեսային առաջին բանավեճը նշանակված է 2019թ.-ի հունիսին և կտևի 2 օր:

ԱՄՆ-ում նշում են, որ ամերիկյան առաջատար լրատվամիջոցներից հենց Fox News-ն է համակրում Թրամփին և օգտվում է Սպիտակ տանն ունեցած դիրքից: Թրամփը հաճախ է դիտում այս հեռուստաալիքը, բարեկամական հարաբերությունների մեջ է դրա հաղորդավարներից մի քանիսի հետ և հաճախ հարցազրույց է տալիս ալիքի լրագրողներին:

Թրամփը բազմիցս հայտարարել է, որ ամերիկյան լրատվամիջոցների մեծ մասը չափազանց կողմնակալ վերաբերմունք են ցուցաբերում իր և իր վարչակազմի նկատմամբ՝ ոչ հավաստի կամ հորինված տեղեկատվություն տարածելով:

2017թ.-ին նա New York Times թերթին և CNN, NBC, ABC հեռուստաալիքներին «ամերիկյան ազգի թշնամիներ» էր անվանել:

Մեկնաբանություններ