Հրապարակվեց: Пт, Мар 22, 2019
...

Թրամփը կրկին քննադատել է ՄքՔեյնին` չնայած, որ հանգուցյալի դուստրերը խնդրել էին հորը «հանգիստ թողնել»

Տարածել
Tags

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կրկին «հարձակվել» է նախորդ տարի ծանր հիվանդության հետևանքով կյանքից հեռացած սենատոր Ջոն ՄքՔեյնի վրա, որը, ի դեպ, նրա կուսակիցն էր:

Թրամփը, անտեսելով այն փաստը, որ նախօրեին սենատորի երկու դուստրերը խնդրել էին իրենց հորը «հանգիստ թողնել», Fox Business Network-ին տված հարցազրույցում ասել է, որ ՄքՔեյնը «սարսափելի էր»:

«Ես նրա երկրպագուն չեմ: Նա սարսափելի էր: Այն, ինչ նա արեց Հանրապետական կուսակցության,  ազգի, առողջապահական շատ լավ ապահովագրություն ստանալու հնարավորություն ունեցող հիվանդ մարդկանց նկատմամբ, լավ չէր: Ես Ջոն ՄքՔեյնի երկրպագուն չեմ, և դա լավ է»,-ասել է նախագահը:

Թրամփը նկատի է ունեցել սենատորի՝ 2017թ. «Օբամաքեյր» առողջապահական ծրագիրը Թրամփի առաջարկած ծրագրով փոխարինելու հարցով քվեարկությունը: Հայտնի է, որ սենատորը դեմ էր քվեարկել նախագահի ծրագրին, ինչի արդյունքում հանրապետականներին չհաջողվեց չեղարկել «Օբամաքեյր»-ը:

Հարցազրույցը վարող լրագրողը հակադարձել է Թրամփին՝ նկատելով, որ այժմ նախագահը քննադատում է ՄքՔեյնին, որն արդեն մահացած է ու չի կարող հակադարձել կամ պատասխան տալ:

«Ոչ, ես չեմ քննադատում, պարզապես Դուք հարցրիք, ես էլ պատասխանեցի»,-նշել է ԱՄՆ ղեկավարը:

Ավելի վաղ Թրամփը բողոքել էր, որ իրեն շնորհակալություն չեն հայտնել ՄքՔեյնի համար իր ցանկացած հուղարկավորությունը կազմակերպելու համար:

«Պարո՛ն Թրամփ, պարտադիր չէ, որ բոլորը համաձայն լինեն կամ սիրեն հորս, բայց խնդրում եմ լինել ազնիվ ու հարգալից: Եթե չեք կարող, ապա գոնե խելամիտ եղեք: Մենք նրան ընդամենը յոթ ամիս առաջ ենք հրաժեշտ տվել: Եվ եթե անգամ Դուք հրավիրված լինեիք հրոս հուղարկավորությանը, ապա կցանկանայիք ներկա լինել միայն ձևական, այլ ոչ թե ցավակցելու համար:

Ցավոք, Ձեզ չի կարելի քաղաքավարի մարդ համարել, քանի որ Դուք աշխարհի ամենակարևոր պաշտոնը զբաղեցնող երեխա եք»,-ասել էր ՄքՔեյնի դուստրերից մեկը:
Մեկնաբանություններ