Հրապարակվեց: Чт, Ноя 29, 2018
...

Թուրքիան վերացնում է Հս. Կիպրոսի հայկական և հունական ժառանգությունը. թուրք լրագրող

Տարածել

Թուրքիան ավելի քան չորս տասնամյակ է, ինչ կործանում է Կիպրոսի օկուպացված տարածքների մշակութային ժառանգությունը՝ շարունակելով մնալ ՆԱՏՕ-ի անդամ և հավակնելով դառնալ Եվրամիության անդամ: Այս մասին գրում է թուրք լրագրող Ուզայ Բուլութը:

Նրա խոսքով` Սուրբ Մարկոսի եկեղեցու 6-րդ դարի խճանկարը, որը գողացվել էր 1974-ին Թուրքիայի կողմից Կիպրոս ներխուժելուց հետո, վերջերս հայտնաբերվել է Մոնակոյի բնակարաններից մեկում և վերադարձվել է Կիպրոսի իշխանություններին: Այս արվեստի գլուխգործոցը, ըստ մասնագետների, վաղ Բյուզանդական արվեստի վերջին ամենագեղեցիկ գործերից է, տեղեկացնում է News.am-ն:
2012-ին հրապարակված «Քաղաքակրթության անկումը. օկուպացված Կիպրոսի մշակութային ժառանգության ոչնչացումը» զեկույցում ասվում է. «Թուրքիան Կիպրոսի դեմ միջազգային երկու խոշոր հանցանք է գործել: Ներխուժել և պառակտել է անկախ եվրոպական պետությունը (2004-ից ի վեր Կիպրոսի Հանրապետությունը ԵՄ-ի անդամ է) և փոխել է կղզու ժողովրդագրական կազմը` պարբերաբար ոչնչացնելով իր ռազմական տիրապետության տակ գտնվող տարածքների մշակութային ժառանգությունը…Սա ակնհայտ ապացույց է, որ Անկարան փորձում է թուրքացնել օկուպացված տարածքները և հիմնական ներկայություն հաստատել այնտեղ»:
Զեկույցում գրված է, որ 1974-ից ի վեր Թուրքիան շարունակ ոչնչացնում է օկուպացված տարածքներում եղած ողջ հունական կամ քրիստոնեական ժառանգությունը: 2015-ին ԱՄՆ Կոնգրեսի գրադարանում հրապարակված զեկույցով հաստատվեցին վերոնշյալ զեկույզի տեղեկությունները:
«Որոշ հաշվարկներով` Կիպրոսի ավելի քան 60.000 մշակութային կոթող է գողացվել»,- նշվում է 2015-ի զեկույցում:
Իսկ 2016-ին Կիպրոսի Հանրապետության արտգործնախարարության զեկույցի համաձայն՝ ավելի քան 550 հունական ուղղափառ եկեղեցիներ և տաճարներ, որոնք գտնվում են օկուպացված տարածքներում, թալանվել և երբեմն էլ ոնչացվել են: Բազմաթիվ քրիստոնեական աղոթարաններ վերածվել են մզկիթների, թուրքական զորքերի կայանատեղիների կամ ամբարների:
«Ոչնչացվում են ոչ միայն Կիպրոսի եկեղեցուն պատկանող հուշարձանները, այլև Երուսաղեմի ուղղափառ պատրիարքարանի, Կիպրոսի հայկական, մարոնական և կաթոլիկ եկեղեցիների կրոնական հուշակոթողները, ինչպես օրինակ՝ Կիպրոսի հայկական Սուրբ Մակար վանքը», — գրված է արտգործնախարարության զեկույցում:
«Արևմուտքը պետք է ստիպի Թուրքիային պատասխան տալ այդ ամենի համար», — գրում է փորձագետ Բուլութ Ուզայը:
Մեկնաբանություններ