Թուրքիան այս անգամ նեցուկ է Պոլսո պատրիարքի ընտրությունների անցկացմանը․ Սահակ Մաշալյան
Պոլսո պատրիարքարանի կրոնական ժողովի ատենապետ Սահակ եպիսկոպոս Մաշալյանի խոսքով՝ պատրիարքի տեղապահի ընտրություններում իր հաղթանակը համայնքը մեծ ուրախությամբ է ընդունել: Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ դա նկատելի էր իրեն՝ մարդկանց ընդունելությունից:
Արամ Աթեշյանն իր պարտությունն ու Սահակ Մաշալյանի հաղթանակը, ըստ վերջինիս խոսքի, նորմալ ընդունեց: «Շնորհավորեց ինձ: Եկեղեցական կարգապահություն ունենք: Եկեղեցական ժողովները իրենց իրավունքներն ունեն․ նրան փոխանորդ ընտրած ժողովն այս անգամ ինձ տեղապահ ընտրեց»,- ասաց Սահակ սրբազանը:
2017-ի տեղապահի ընտրություններին, երբ ընտրվեց Գերմանիայի թեմի նախկին առաջնորդ Գարեգին Բեքչյանը, Արամ Աթեշյանն ընդդիմացավ, քանի որ, ըստ Սահակ Մաշալյանի, դեռ չէր մահացել պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը:
«Նման իրավիճակում երբեք չէինք հայտնվել, չգիտեինք ինչպես անել․ հիվանդության մեջ գտնվող պատրիարքի դեպքում ինչպես պետք է անել: Այդ իսկ պատճառով որոշակի թնջուկի առջև կանգնեցինք Գարեգին Բեքչյանի՝ տեղապահ ընտրվելու գործընթացում»,- ասաց նա:
Այս անգամ, Սահակ Մաշալյանի խոսքով, իրավիճակը տարբեր է․ պետությունն էլ է ցանկանում, որ ընտրությունները տեղի ունենան: «Նրանք պետք է դյուրացնեն ընտրություն տանող ճանապարհները, որովհետև այս համայնքն այլևս կարիք ունի նոր պատրիարքի»,- ասաց նա:
Նա վստահեցրեց՝ այս անգամ պետությունը դեմ չի լինի, խնդիրներ չի ստեղծի Պոլսո պատրիարքական ընտրությունների գործընթացում: «Մենք պետությունից դյուրացում ենք ակնկալում և այդ նշանները ստանում ենք: Պետությունը՝ Թուրքիան, այս անգամ նեցուկ է ընտրությունների անցկացմանը»,- ասաց նա:
Ընտրություններին գնացող հաջորդ քայլը, ըստ նրա, պետք է լինի նախաձեռնակ մարմնի ընտրությունը, որը պետք է զբաղվի ընտրությունների կազմակերպմամբ:
«Դիմելու ենք պետությանը, որպեսզի ընտրության անցկացման համար կանոնադրություն տրամադրի: Այդպես կճշտենք, թե ովքեր կարող են լինել պատրիարքի թեկնածու: Այնուհետ տեղապահը կկազմի թեկնածուների ցուցակը, պաշտոնական նամակով կդիմի նրանց՝ պարզելու համար՝ մասնակցելու են ընտրությանը, թե՝ ոչ։ Ըստ այդմ՝ գործընթացը կսկսվի։
Եկեղեցու ընտրական ցուցակներ են պատրաստվելու, և քարոզչության ժամանակը կսկսվի: Կորոշվի ընտրության ամսաթիվը, և երկու փուլով կանցկացվի ընտրությունը: Նախ, յուրաքանչյուր թաղամասի բնակիչներն ընտրելու են իրենց պատգամավորին, որը պատրիարքի ընտրությանը քվեարկելու է իրենց նախընտրած թեկնածուի օգտին, իսկ եկեղեցական ընդհանուր ժողովն իր կազմից ընտրելու է հոգևորականների: Այսպիսով, աշխարհականներն ու հոգևորականները միանալով՝ Մայր տաճարում գաղտնի քվեարկությամբ ընտրելու են պատրիարքին»,- ասաց նա:
Սահակ Մաշալյանն անդրադարձավ նաև պոլսահայ պատգամավոր Կարո Փայլանի դիտարկմանը, թե տեղապահի ընտրությանը կարող էին մասնակցել նաև այլ հոգևորականներ, որոնք ավելի ցածր եկեղեցական դասի էին, և որոնք կամ որոնց հայրը ծնվել էր Թուրքիայում: Նա նշեց, որ առաջին անգամ չէ, որ պատրիարքարանում կրոնական ժողովը փակ քվեարկության արդյունքում որոշում է, որ թեկնածուներ պետք է լինեն միայն Թուրքիայում ապրող հոգևորականները: Նա վստահեցրեց, որ ընտրություններն անցկացվել են ժողովրդավարական ճանապարհով:
Պոլսո պատրիարքական ընտրությունները ժողովրդավարական անցկացնելու համար էլ, ըստ Սահակ սրբազանի, միայն իր ճիշտ աշխատանքը բավարար չէ: «Տեղապահը մեկ գործոններից մեկն է: Ընտրության գործն առաջ է տանում ընտրությունները կազմակերպող նախաձեռնակ մարմինը, որը կազմված է աշխարհականներից: Նրանք, եկեղեցու վարչությունների հետ կապ հաստատելով, ճշտում են եկեղեցու ընտրողների ցուցակները և այլն: Տեղապահը ընտրվում է այս ընթացքում Պոլսո պատրիարքի տեղը և զբաղվում է պատրիարքարանի առօրյա գործերով, եկեղեցական արարողություններով, պատրիարքարանն է արտաքին աշխարհին ներկայացնում և բուն եկեղեցական կյանքն է ապահովում»,- ասաց նա:
Պատրիարքի ընտրությունները, ըստ Սահակ Մաշալյանի, ակնկալվում է, որ կանցկացվեն աշնանը, երբ կավարտվեն ամառային արձակուրդները, և բոլորը արձակուրդից կվերադառնան: Սակայն նրա խոսքով՝ դա իրենց ակնկալիքն է, դեռ պետությունից էլ շատ բան է կախված: «Մենք դեռ պետությունից կանոնադրությունը պետք է ստանանք: Կարող է վեց ամիս հետո մեզ տան, բայց կարող է մեկ շաբաթ հետո այն տան: Հետևաբար` ընտրության ամսաթիվը գուշակելն այդքան էլ հեշտ չէ մեզ համար»,- ասաց նա:
Դիտարկմանը, թե արդյոք տեղապահի ընտրություններում հաղթանակը նրան հիմք չի տալիս կարծելու, որ կարող է հաջողել նաև պատրիարքական ընտրություններում և դառնալ Պոլսո հաջորդ պատրիարքը, նա պատասխանեց․ «Բոլոր թեկնածուներն էլ հույս ունեն, որ իրենք պատրիարք կընտրվեն: Պետք է աշխատենք, պետք է մեր անձը բոլորին ծանոթացնենք: Եթե այս բոլորն անեմ, ինչո՞ւ չէ, կարող է և ես, Աստծո կամոք, հաջողեմ»: