Հրապարակվեց: Чт, Янв 31, 2019
...

«Թուրքիայում 301-րդ հոդվածը փոքրամասնություններին հրամայում է «ոչնչանալ», մինչդեռ Փայլանը համառությամբ շարունակում է ասել՝ «Սա իմ երկիրն է»». Ahvalnews-ի անդրադարձը

Տարածել

«Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածը երկրում ապրող փոքրամասնություններին հրամայում է «ոչնչանալ», մինչդեռ Կարո Փայլանը համառությամբ շարունակում է ապրել ու ասել՝ «Սա իմ երկիրն է»»,-գրում է Թուրքիայում գործող ahvalnews.com կայքի սյուանկագիր Նեսի Ալթարասը՝ Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի՝ Դիարբեքիրից ընտրված հայազգի պատգամավոր Կարո Փայլանի դեմ Թուրքիայի քրեական օրենսգրքի 301 հոդվածի հատկանիշներով սկսված հետաքննության վերաբերյալ:

«Թուրք ժողովրդին, Թուրքիա պետությանը կամ պետական մարմիններին վիրավորելու» մասին վերոնշյալ հոդվածը նախատեսում է պատիժ՝ 6 ամսից մինչև 2 տարի ազատազրկմամբ: Հայտնի է, որ Դիարբեքիրի դատախազությունն արդեն միջնորդություն է ուղարկել երկրի խորհրդարան: Փայլանի դեմ հետաքննություն սկսելու համար դատախազությունը ստացել է երկրի արդարադատության նախարարության համաձայնությունը:

Հեղինակն ընդգծում է, որ Փայլանի դեմ հարուցված գործի արձանագրություններում շեշտված են հայազգի պատգամավորի ՝ «Տիգրանակերտ», «Հայոց ցեղասպանություն», «որոշ հայեր փորձում են լսելի դարձնել իրենց ձայնը» ձևակերպումների օգտագործմամբ մի շարք ելույթներ:

«Երկրում բացահայտ մեծամասնություն կազմող թուրքերին վիրավորանքից, ատելության խոսքից պաշտպանող օրենքի կարիք չկա: 301-րդ հոդվածի իրական նպատակն է չբացել այն թեմաները, որոնք վերաբերվում են այս երկրի՝ թուրք չհանդիսացող բնակիչների գոյության, նրանց՝ թուրք չլինելու իրականության, պետության ձեռքով կամ պետական օգնությամբ բռնի գաղթեցումների, հարձակումների ու ցեղասպանությունների հարցերին:

Ըստ Ալթարասի՝ Թուրքիայի արդարադատության նախարարության իրական մտահոգությունը կապված է Փայլանի՝ հասարակական լայն շրջանակներում որպես հայ հանդես գալու, Թուրքիայի տարածքի զգալի հատվածում հայերի վերացման մասին բացահայտ խոսելու ու այդ մասին Մեջլիսի ամբիոնից բարձրաձայնելու հետ:

«Սա է, որ ցանկանում են լռեցնել: Չնայած բոլոր ճնշումներին՝ մենք շարունակում ենք մնալ հայ, հույն, ասորի, հրեա, բուլղարացի, քուրդ, ռումինացի»,- նկատում է սյունակագիրը՝ շեշտելով, որ ոչ միայն Թուրքիայում ապրող ազգային փոքրամասնությունները, այլև բոլոր նրանք, ովքեր ցանկանում են ապրեցնել այդ երկրի բազմազգ, բազմակրոն ու բազմագույն բնույթը և Հրանտ Դինքի հիշատակը, պետք է վճռականորեն «ո՛չ» ասեն քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածին:

«Թուրքիայում թուրք չլինելը չպետք է հանցանք համարվի, դա ընդունելն էլ չպետք է դժվար լինի», — եզրափակել է Ալթարասը:

Մեկնաբանություններ