Հրապարակվեց: Чт, Июн 27, 2019
...

Թուրքիայի նախկին նախագահը հայազգի տնտեսագետ Տարոն Աճեմօղլուին առաջարկել է անդամակցել իր նոր ստեղծվելիք կուսակցությանը. լրատվամիջոցներ

Տարածել

Թուրքական լրատվամիջոցներում տեղեկություն է տարածվել այն մասին, որ Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլն ու մի շարք այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ իրենց քաղաքական կուսակցությունն են հիմնում, որին մտադիր են անդամակցել գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարած քաղաքականության հետ անհամաձայն անձինք:

«Կուսակցությունը կգլխավորի Թուրքիայի նախկին արտգործնախարար Ալի Բաբաջանը: Բացի այդ, Գյուլը ցանկանում է, որ կուսակցությանն անդամակցի նաև հայազգի հայտնի տնտեսագետ, Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի առաջատար մասնագետ Տարոն Աճեմօղլուն: Տնտեսագետի հետ զրույցն արդեն կայացել է»,- գրում է թուրքական Yenicag Gazetesi-ն՝ վկայակոչելով սեփական աղբյուրները:

Հայտնի է, որ Աճեմօղլուն ծնվել է 1967թ.՝ ստամբուլահայերի ընտանիքում: 1989թ. նա ավարտել է Մեծ Բրիտանիայի Յորքի համալսարանը, Լոնդոնի էկոնոմիկայի դպրոցում գիտությունների դոկտորի կոչում է ստացել: Վերջին 15 տարվա ընթացքում Աճեմօղլուն գիտական և դասախոսական գործունեություն է ծավալում Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանում: Մի քանի տարի շարունակ նա դիտարկվել է տնտեսագիտության ոլորտում հեղինակավոր Նոբելյան մրցանակի հավակնորդ:

Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ դեռևս 2011թ. Թուրքիայի կառավարությունը պրոֆեսոր Աճեմօղլուին առաջարկել էր Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունում երկրի մշտական ներկայացուցչի պաշտոնը, սակայն նա հրաժարվել էր աշխատել թուրքական կառավարության համար:

Մեկնաբանություններ