Հրապարակվեց: Пт, Мар 01, 2019
...

Թուրքիայի ընդդիմությունը ՏԻՄ ընտրություններին ընդառաջ հանդիպումներ է անցկացնում ստամբուլահայ համայնքի հետ

Տարածել

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող Ժողովրդահանրապետական կուսակցության ներկայացուցիչները ՏԻՄ ընտրություններին ընդառաջ հանդիպումներ են ունենում ստամբուլահայ համայնքի հետ:

Կուսակցության անդամ, խորհրդարանի նախկին պատգամավոր Սելինա Դողանը, որն այս ընտրություններում առաջադրված է որպես Ստամբուլի հայաշատ Շիշլի շրջանի ղեկավար խորհրդի անդամի թեկնածու, Facebook-ի իր պաշտոնական էջում տեղեկացրել է, որ ժողովրդահանրապետականների թիմը՝ Շիշլիի ղեկավարի թեկնածու Մուամմեր Քեսքինի գլխավորությամբ, այցելել է Սեբաստիայի հայերի միություն:

Նշվում է, որ Քեսքինն ու նրա գործընկերները լսել են հայ համայնքի ներկայացուցիչների առաջարկներն ու խնդիրները, ինչպես նաև հետաքրքրվել, թե ինչ սպասումներ ունեն ընդդիմադիր ժողովրդահանրապետականների թիմից:

Օրերս Քեսքինը նաև այցելել էր Շիշլիի Սուրբ Վարդանանց հայկական եկեղեցում մատուցված կիրակնօրյա պատարագին, ինչը հայտնվել էր թուրքական իշխանամետ լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում:

Հայաշատ Շիշլիի ղեկավարի թեկնածուի հետ հանդիպումների մասին պարբերաբար տեղեկացրել են նաև հայ համայնքի մի շարք ակտիվ անդամներ՝ նշելով, որ մանրամասն քննարկում են նրա հետ պոլսահայության ունեցած խնդիրները կրոնական ու ազգային խտրականությունների դրսևորումների ֆոնին:

Թուրքիայում ՏԻՄ ընտրությունները նշանակված են մարտի 31-ին:

Մեկնաբանություններ